Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի կլիներ, որ Փաշինյանը ՄԱԿ-ում մի քիչ ատամ ցույց տվող ելույթ ունենար. Նորայր Նորիկյան

Սեպտեմբեր 27,2021 12:41

Այն, ինչ կատարվում է Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհին, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, «ազգային արժանապատվությունը նսեմացնող գործընթաց է»:

Նորայր Նորիկյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին «Եռաբլուր» պանթեոնում:

Ըստ նրա, Հայաստանն ի զորու չէ, իր ինքնիշխանությունը տարածել այդ ճանապարհի վրա ամբողջապես. «Մենք հայտնվել ենք փակուղում, չկա, որեւէ գործընթաց, որի գործադրմամբ, Հայաստանն ինքնիշխանություն կապահովի այդ ճանապարհի նկատմամբ: Պետք էր այլընտրանքային ճանապարհը կառուցվեր եւ թույլ չտրվեր, որ պատերազմից հետո Ադրբեջանն այդտեղ ստորաբաժանումներ տեղակայեր եւ հսկողություն իրականացներ»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Էրդողանից դրական ազդակներ է ստանում, որո՞նք են այդ դրական ազդակները, բացի այդ, Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթում որեւէ մեղադրանք չուղղեց Թուրքիային, Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահի ելույթի ֆոնին ցանկալի կլիներ, որ Փաշինյանը մի քիչ ատամ ցույց տվող ելույթ ունենար: Հասկանալի է, որ խաղաղության դարաշրջանին ուղղված նրա ուղերձները միջազգային հանրության մոտ դրական ֆոն են ստեղծում Հայաստանի համար, բայց խաղաղության դարաշրջան ասվածն ինքնին չի բացառում ուժեղ, մարտունակ բանակի կառուցումը: Ես այդպես եմ պատկերացնում տարածաշրջանում խաղաղությունը: Բնականաբար, Հայաստանի բոլոր քաղաքական վարչակարգերը խոսել են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, բայց կյանքը ցույց է տալիս, որ առանց նախապայմանների որեւէ դիվանագիտական գործընթաց տեղի չի ունենում»:

Նորայր Նորիկյանի խոսքով՝ դեմ է որեւէ կարմիր գիծ հատել, քանի որ Հայաստանն այսօր չի գտնվում այնպիսի ուժեղ լինելու վիճակում, որը նրան հնարավորություն կտա սեփական օրակարգն առաջ տանել:

Ասաց նաեւ, որ իրեն հայտնի չէ, թե Փաշինյանն ու Էրդողանը եւ նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչ ուղերձներ են իրար ուղարկում: Հարցին, պատերազմի առաջին օրերից խոսում են դավաճանության մասին, բայց մինչ այս պահը չունենք հաստատված մեկ դեպք, թեեւ ԱԱԾ-ում որոշ գործեր կան, մեկ տարին բավարա՞ր չէր դավաճանությունը բացահայտելու, Նորայր Նորիկյանն ի պատասխան ասաց. «Կարծում եմ՝ մեկ տարին բավարար էր, որոշ հանրային տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ: Ոչ միայն ԱԱԾ-ում, այլ նաեւ այլ իրավապահ մարմինների վարույթներում են այսօր քննվում բազմաթիվ գործեր: Միայն դատարանն է իրավասու լինելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրելու դավաճանության որեւէ հանգամանք, քանի դեռ մենք չունենք այդպիսի դատարան, որը հրապարակել է այդպիսի դատական ակտ, ես քաղաքական առումով էլ ձեռնպահ կմնամ: Բայց, եթե այս պատերազմում եղել են դավաճանություններ եւ դավաճաններ, վաղ թե ուշ նրանք պետք է հայտնաբերվեն եւ ենթարկվեն խստիվ պատասխանատվության»:

Նրա խոսքով, մեր տղաների լուսավոր հիշատակը հարգելու համար մենք պետք է ստեղծենք ուժեղ պետական ինստիտուտներ՝ առաջին հերթին մարտունակ եւ ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930