Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավը մեր հոգում, մենք հիշում ենք պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը. Գարեգին Բ

Սեպտեմբեր 27,2021 11:26

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐ 27-Ի ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:

Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։

Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբման, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։

Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն  է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. ամեն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին     

Լուսանկարը՝ արխիվային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930