Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաագայի դատարանի հեղինակավոր դատավորները Ադրբեջանի հակընդդեմ հայցով կաշկանդված չեն լինի»

Սեպտեմբեր 27,2021 14:00

«Սպասելի էր, որ Հայաստանի կողմից Հաագայի դատարան դիմելուց հետո Ադրբեջանն ի պատասխան դրա որոշ քայլեր կձեռնարկի»,- «Առավոտի» հետ զրույցում այպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի» խախտումների համար:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ակնհայտ է, որ երկու հակամարտող կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, միմյանց հետ պայքարում են ոչ միայն ռազմական ճանապարհով, այլեւ տարբեր այլ հարթություններով՝ դիվանագիտական, իրավական դաշտում:

Նա փաստեց՝ այս գործընթացի այլ դրսեւորումներ մենք տեսել ենք տարբեր տարիների. «Հայաստանի կողմից, երբ ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում հայցեր էին ներկայացվում, Ադրբեջանը նույն բանն անում էր ՄԻԵԴ-ում մեր հանդեպ: Սա նոր երեւույթ չէ. իրենք միշտ փորձում են ի հակակշիռ մեր քայլերի կատարել իրենցը՝ շատ հաճախ նաեւ նախահարձակ լինելով»: Քաղաքագետի կանխատեսմամբ՝ այդ գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի դեռ այս հակամարտությունը լուծված չէ եւ մոտական տարիների այսպիսի այլ նախաձեռնություններ էլի են լինելու:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք Արբեջանի ներկայացրած հակընդդեմ հայցի շանսերը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Մեր դեպքում լուրջ ու ծանր հիմքեր կան»: Հարցին՝ այն, որ Ադրբեջանը հակընդդեմ հայցով է դիմել, դա չի՞ խոչընդոտում, որպեսզի ՀՀ-ի հայցով գործընթաց լինի, քաղաքագետը պատասխանեց. «Բացարձակապես չի խոչընդոտում: Այնտեղ շատ լուրջ, ծանրակշիռ դատավորներ կան, որոնք հեղինակավոր են, եւ Ադրբեջանի՝ այսպիսի քայլերը չեն կարող նրանց հետ պահել արդարադատություն իրականացնելուց: Վստահ եմ, որ այդ դատավորներն ավելի անաչառ կլինեն եւ որեւէ բանով կաշկանդված չեն լինի ադրբեջանական հայցով»:

Հիշեցրինք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված վերջին օրերի հայտարարությունները: Օրինակ՝ նշել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնելը վտանգավոր է հենց Հայաստանի համար ու այսպես ասած՝ սպառնացել՝ եթե Հայաստանը շարունակի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ, ապա իրենց համար էլ դժվար կլինի զերծ մնալ Հայաստանի նկատմամբ պատասխան տարածքային նկրտումներից՝ նշելով իր բառապաշարով՝ Զանգեզուրի եւ Սեւանա լճի մասին:

Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի գագաթնաժողովի նստաշրջանի ժամանակ նաեւ անդամ երկրներին կոչ է արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: Մեր հարցին՝ ի՞նչն է հիմք տալիս Իլհամ Ալիեւին նման հայտարարություններ անել, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Հիմքերը պատերազմի արդյունքներն են, քանի որ Ադրբեջանը հաղթեց եւ նոյեմբերի 9-ին մեզ համար շատ ծանր փաստաթուղթ ստորագրեց: Մենք կորցրինք Արցախի մեծ մասը: Իրենք հույս ունեն, որ ՀՀ-ն այլեւս կարգավիճակի հարց չի բարձրացնի եւ ընդհանրապես այն մոռացության կմատնի: Ամեն անգամ, երբ մեր իշխանությունները, պաշտոնյաները բարձրացնում են կարգավիճակի հարց, Իլհամ Ալիեւը սրերով է այդ հարցն ընդունում եւ փորձում հոգեբանական կամ այլ տեսակի ճնշումներով հասնել նրան, որ ՀՀ-ն ընդհանրապես մոռանա Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Եվ սա հստակ քաղաքականություն է, որը տարվելու է առաջիկա տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ իրենք ընդհանրապես կարգավիճակի մասին չեն ուզում լսել: Իլհամ Ալիեւը բազմիցս այս վերջին մեկ տարվա ընթացքում հայտարարել է, որ կարգավիճակի հարցն իրենք նետել են աղբարկղը եւ որեւէ կերպ չեն ցանկանալու քննարկել այն: Մեր խնդիրն է, որ այս հարցը մոռացության չմատնվի եւ դուրս չգա մեր դիվանագիտական օրակարգից»:

Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ առայժմ ճիշտ ուղիով չենք գնում: Ըստ նրա՝ միայն բառերով այդ հարցը բարձրացնելը դեռ քիչ է. պետք է շատ արագ վերազինենք, արդիականացնենք մեր բանակը, տնտեսությունը. «ՀՀ-ն պիտի հզորանա եւ բացի այս կարգավիճակի հարցը բառերով բարձրացնելուց, նաեւ մենք պիտի ուժ ցույց տանք Ադրբեջանին, որ իրենք այլեւս այդ հարցը չհամարեն փակված: Քանի դեռ ուժի ցուցադրություն մեր կողմից չկա, Ալիեւն իրեն անպարտելի եւ սանձարձակ է զգում եւ դրա համար այդպես սպառնալից եւ շանտաժի տոնով է խոսում: Նախորդ տարիներին, երբ Ադրբեջանն արագ զինվում էր, ուժերի հավասարակշռությունը փոխվել էր հօգուտ նրա, նաեւ իր հռետորաբանությունն էր փոխել եւ անընդհատ ճնշումներ էր գործադրում ՀՀ-ի վրա, որ եթե այս հարցը չլուծվի դիվանագիտական ճանապարհով, իրենք պատերազմի ճանապարհով կլուծեն այն: Հիմա նույնը մենք պիտի անենք. արագ վերազինենք, արդիականացնենք մեր բանակը, եւ Ադրբեջանը տեսնի իր առաջ ուժեղ Հայաստան է կանգնած, ոչ թե մասնատված, ապա ստիպված է լինելու հաշվի նստել այդ իրողության հետ եւ գոնե մտնելու է բանակցությունների մեջ Արցախի կարգավիճակի հարցով: Չպետք է միամիտ լինենք եւ մտածենք, որ Ադրբեջանը հենց այնպես Ղարաբաղին կարգավիճակ է շնորհելու:

Ակնհայտ է՝ դա չի անելու, բայց գոնե բանակցությունների մեջ կմտնի, իսկ եթե շատ ավելի ուժեղ լինենք, ապա կարող ենք այլ բաներ էլ կորզել Ադրբեջանից: Դրա համար մեր կողմից միայն տարբեր դիվանագիտական հարթակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ բարձրացնելը ճիշտ է, բայց դա բավական չէ. պետք է այլ քայլեր էլ ձեռնարկել: Ադրբեջանն իր առաջ պետք է տեսնի ուժեղ պետություն, որպեսզի հաշվի նստի նրա հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930