Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որակումը լայնորեն տարածվեց ադրբեջանական մամուլում եւ փաստացի օգտագործվեց մեր դեմ»

Սեպտեմբեր 27,2021 13:30

Բաքվի բանտերում եւ մեկուսարաններում հայ ռազմագերիների խոշտանգման մասին ՄԻՊ-ի հրապարակած տվյալները, որոնք սեպտեմբերին ԱԺ ամբիոնից մեջբերել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «հնարած տեսարաններ» էր անվանել։ Հաջորդիվ՝ սեպտեմբերի 15-ին, խորհրդարանի նախագահն այդ առիթով ասել էր. «Որեւէ բանի հերքում չի եղել, այլ եղել է նրա մասին, որ նման տեսարանների մասին խոսելուց պետք է հաշվի նստեն գերիների, նրանց ծնողների հույզերի հետ… Որքանո՞վ է ճիշտ, որ ուղիղ եթերով նման բաները հնչեցնենք, այդ մարդիկ ապրելու են ՀՀ-ում»։ Հատկանշական է, որ սրանից օրեր առաջ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ-ի եւ իրավապաշտպանների մասնակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել, ներկայացրել նշյալ տվյալները, անգլալեզու զեկույցն ուղարկել միջազգային համապատասխան կառույցներինգ լրագրողների հետ հանդիպումն ուղիղ հեռարձակվում էր ներկա առցանց լրատվամիջոցներով։ ՄԻՊ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նույնպես մամուլի ասուլիսից տեսագրություն տեղադրվեց։ «Առավոտ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի հետ։

-Պարոն Վարդեւանյան, ձեր գնահատմամբ, իրավաքաղաքական տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ խորհրդարանի նախագահի կողմից նման ձեւակերպումը։

-Այդ հայտարարությունը լայնորեն տարածվեց ադրբեջանական մամուլում եւ փաստացի օգտագործվեց մեր դեմ…դժվարանում եմ հասկանալ, թե որը պետք է լիներ նման գնահատական տալու շարժառիթը։ Չէ՞ որ բառացի ասվեց, որ հղում է արվում ՄԻՊ զեկույցին։ Իսկ այն, որ Արման Թաթոյանը բարդ ու ծանր աշխատանք է անում այս հարցի շուրջ, անկասկած է։ Պետք է կարեւորել այն աշխատանքը, որն անում են ՄԻՊ աշխատակազմն ու մյուս պետական մարմինները։ Նման փաստահավաք աշխատանքը եւ դրա ներկայացումը շատ կարեւոր են։ Ի դեպ, ռեպլիկ հնչեց, որ ռազմագերիների հարազատներն ապրումներ են ունենում։ Իհարկե՝ ունենում են, բայց, մյուս կողմից, այդ ապրումները մեղմելու, այսինքն՝ խնդիրը լուծելու համար, պետք է բարձրաձայնել։ Բարձրաձայնելով ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում այն փաստի վրա, որ 21-րդ դարում Ադրբեջանը նման վարքագիծ է իրեն թույլ տալիս։

-Իսկ ինչպե՞ս խոսել ու բարձրաձայնել թշնամու կողմից նման վայրագությունների եւ հանցագործությունների մասին, որպեսզի անգամ զգացմունքային հարթության վրա խնդիրներ չառաջանան։ Դա առհասարակ հնարավո՞ր է։

-Զգացմունքային տեսանկյունից, ուզենք, թե ոչ, խնդիրներ առաջանալու են։ Կապ չունի՝ ռազմագերին մեր հարազատն է, թե ոչ, որովհետեւ խոսքը մեր քաղաքացու մասին է։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Մյուս կողմից չեմ կարող չասել, որ այս հարցն իշխանության ուղիղ պատասխանատվության ներքո է։ Ի դեպ, ինձ մոտ հարց է առաջանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, երբ Ադրբեջանի փոխվարչապետին է հանդիպում, ինչպե՞ս է հանդիպում, երբ ռազմագերիների հարցը չի լուծվել։ Այդ հանդիպման (նկատի ունի տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան ձեւաչափը.-հեղ.) սենյակ մտնելիս ինչո՞ւ չի ասում՝ հանդիպումը դադարելու է, որովհետեւ դուք չեք կատարում ձեր պարտավորությունները։ Իսկ ՀՀ-ն մի բան էլ ավելին է անում՝ պարզ չի, թե ինչու։ Մենք բանավոր պայմանավորվածությամբ մեր տարածքներն ենք զիջում։ Առանց ռազմագերիների հարցի լուծված լինելու՝ նա ինչպե՞ս է գնում այդ հանդիպմանը, չէ՞ որ նա նաեւ քաղաքական գործիչ է։

-Ի դեպ, հենց իրավապաշտպան հանրույթի ներկայացուցիչներից մեկի կողմից կարծիք հնչեց, որ ՄԻՊ-ի զեկույցն անձնական տվյալներ է շոշափել։

-Ցավում եմ, որ ՀՀ քաղաքացի է նման միտք արտահայտել։ Ոչ մի անձնական տվյալի չի վերաբերում այդ զեկույցը։ Թող ճիշտ ընկալեն։ Դա զեկույց է այն մասին, թե իրականում ինչ է եղել։ Որքան նման զեկույցները շատ լինեն, չնայած ծանր զգացմունքային ֆոնին, միջազգային հանրության կողմից անգործություն դրսեւորելը դառնալու է անհնար։ Դիվանագիտական գործիքները եւս անհրաժեշտություն են։ Ի դեպ, այս համատեքստում, ներկայիս ԱԳ նախարարը դիվանագիտական ի՞նչ փորձ ունի…

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930