Մեղրի քաղաքում կիրակի՝ սեպտեմբերի 26-ին բացվեց Մեղրիի տարածաշրջանից 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ Տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայելը հոգեհանգստյան կարգ կատարեց, որից հետո պսակադրման ու ծաղկադրման արարողություն կատարվեց։
Անուն առ անուն հնչեցվեցին 20 անմահացածների անունները, որոնք ընդհատվում էին հուժկու ծափահարություններով՝ ի նշան նրանց քաջության։
Կարդացեք նաև
Նկատենք, որ արարողությանը մասնակցում էին հոկտեմբերի 17-ին կայանալիք Մեղրի համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական երեք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հանրապետություն» ուժերի թեկնածուները։ Իսկ «Ազատական» կուսակցության թեկնածուները այլ ձեւաչափ էին ընտրել։ Նրանք մեկ առ մեկ եղան համայնքի քաղաքային եւ գյուղական այն բնակավայրերի գերեզմանատներում, որտեղ ամփոփված են տարածաշրջանից զոհված հերոսների աճյունները։
Նշենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանի աճյունը հուղարկավորված է Եռաբլուրում, իսկ նրա հայրենի գյուղում՝ Կարճեւանում, հուշաքար է տեղադրված։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ