2020թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Nouvelles d’Armռnie» պարբերականի հետ զրույցում անդրադարձավ հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծություններին եւ գնդակոծություններին, Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներին: Ըստ նրա՝ զինված ուժերի կողմից հայկական քաղաքներն ու գյուղերը հրետակոծվել են առավելապես առավոտյան եւ ցերեկային ժամերին: Կիրառվել են հրետանային արկեր դպրոցների եւ մանկապարտեզների, բժշկական դիմակ արտադրող ձեռնարկության ուղղությամբ: Սա սկիզբն էր:
ՊՆ-ն հանրային քննարկման է դնում աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծ, որը ըստ պաշտպանության գերատեսչության՝ բխում է ՀՀ-ի պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի եւ պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման անհրաժեշտությունից:
«Խտրական վերաբերմունք չի լինելու, նաեւ կանանց ներգրավում ենք նախատեսում, եթե ցանկացողներ կլինեն, բայց նրանց ոչ մարտական խնդիրներ կառաջադրվեն, եւ դա կսահմանվի օրինագծի ընդունումից հետո՝ ենթաօրենսդրական ակտերով»,-պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասում է փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով ստեղծվելիք աշխարհազորում կանանց մասնակցության հնարավորությանը: Աշխարհազորում ներգրավվածները մասնակցելու են վարժանքներին, զենք են ստանալու եւ մարզումների ավարտից հետո՝ այն վերադարձնելու, եւ սա ոչ շվեյցարական, ոչ էլ իսրայելական մոդել է, այն հայկական է եւ ՊՆ-ի համար սկզբունքային, թեեւ միջազգային փորձն էլ են ուսումնասիրել: «Զենք ստանալն ինքնանպատակ չպետք է լինի, այն կոնկրետ խնդիր կատարելու համար է եւ տրամադրվում է տվյալ ստորաբաժանմանը՝ մարտական խնդիր կատարելու դեպքում: Նորմալ է նաեւ, երբ աշխարհազորն առանց զենք ստանալու՝ կազմակերպում է քաղաքացիական բնակչության տարհանումը»,-հայտնում է ՊՆ փոխնախարարը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին, թե՝ «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն առաջինը չէ պատմության մեջ, սակայն, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ էթնիկ բախումներով աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում: Ինչպե՞ս դա կպարզաբանեք: Եվ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հետագայում նման բախումներից խուսափելու համար», պատասխանել էր. «Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, ըստ էության, 2016-ի ապրիլից հետո ուժի կիրառման եւ ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին եւ Արցախին (Լեռնային Ղարաբաղ) միակողմանի զիջումներ պարտադրելու երկրորդ փորձն էր։ Հուլիսի 12-ին հարձակում է իրականացվել Հայաստանի հյուսիս-արեւելքում՝ Տավուշի մարզում գտնվող մեր սահմանակետերի ուղղությամբ: Օգտագործվել է զգալի քանակությամբ զենք եւ զինտեխնիկա, գնդակոծվել են նաեւ խաղաղ բնակչությունը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանը վճռականորեն հակադարձեց այդ ագրեսիան՝ վերահաստատելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը ունեն բավարար ուժեր, բավարար ռեսուրսներ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, եւ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակահարվածը եւս մեկ անգամ դա հաստատեց»:
Կարդացեք նաև
Նաեւ կանխատեսել՝ միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե թուլացնել լարվածությունը, այլ էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը, Թուրքիան էր: Թուրքիայի կողմից ապակայունացման եւ ագրեսիայի քաղաքականությունը սպառնալիք է հարեւան բոլոր տարածաշրջանների համար, այդ թվում՝ Արեւելյան Միջերկրականի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի համար։ Այսօր Թուրքիան փորձում է ապակայունացման այս քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Թուրքիան վարում է ոչ կառուցողական եւ վտանգավոր քաղաքականություն: Եվ Թուրքիան իր գործողություններով շարունակում է սպառնալիք ներկայացնել Հայաստանի անվտանգությանը: Սա, ըստ էության, առաջին կանխատեսումն էր:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել էր այս հարցազրույցին եւ մեր լրատվամիջոցում ասել հետեւյալը. «Արցախյան բանակցություններում ե՛ւ Նիկոլը, ե՛ւ արտգործնախարարը բազմաթիվ սխալներ են գործել վերջին երկու տարվա ընթացքում եւ այսօր փորձում են այդ սխալները սրբագրել: Սակայն այս փորձերն անատամ են թվում: Եթե զուգահեռներ անցկացնենք ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացի կտրուկ, Հայաստանին օգուտ բերող փոփոխությունների եւ այսօրվա իրավիճակի միջեւ՝ կարող ենք փաստել, որ 2016թ. Հայաստանին հաջողվեց դիվանագիտական դաշտում կապիտալացնել ռազմաճակատային հաջողությունները, իսկ այսօր ականատեսն ենք նրա, որ տավուշյան դեպքերից հետո հայկական դիվանագիտությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել իր կողմից հռչակված օրակարգը, որի կարեւոր մաս են կազմում այն պայմանավորվածությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով ժամանակին խորը թաղվել էին: Խոսքը գնում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մասին»:
Հետեւում է Ժիրայր Լիպարիտյանի զգուշացումը. «… (ա) այժմ արդեն պաշտոնապես այդ խնդրի երկու կողմերն են Հայաստանը եւ Արցախը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, (բ) Թուրքիան հռչակում է, որ պատրաստ է ավելի լայն օժանդակություն ցուցաբերելու Ադրբեջանին, թեեւ հստակ չէ, թե ինչ ձեւ պիտի ստանա օժանդակության այդ ընդլայնումը։ Անհրաժեշտ է, սակայն, նկատի ունենալ, որ այս հայտարարությունը արել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, եւ ո՛չ արտգործնախարարը կամ որեւէ այլ պաշտոնյա։ Եվ սա միայն սկիզբն է։ Ի՞նչ պիտի անեն Հայաստանն ու Արցախը այս կարելիության դեմ։ Մարդիկ, նույնիսկ արդեն պետության ղեկավարներ կարող են աղաղակել, որ սա ցույց է տալիս, թե որքան վատն է Թուրքիան ու որքան վատն են թուրքերը։ Սակայն այդ ամենը ստեղծված նոր իրականությունը չի փոխելու։ Բացի այդ, նույն այդ մարդիկ մոռանում են, որ իրե՛նք էին, որ գոռում էին, թե Թուրքիան հակամարտության կողմ է եւ պետք է դուրս գա Մինսկի խմբից, որովհետեւ Թուրքիան անվերապահ աջակցում է Ադրբեջանին։ Համենայնդեպս, ինչ էլ գոռանք, ինչ ածականներ էլ գործածենք Թուրքիայի, Էրդողանի եւ ընդհանրապես թուրքերի հասցեին, փաստը մնում է փաստ, որ այժմ ստիպված ենք պատկերացնել, բացի Ադրբեջանից, Թուրքիայի հետ դեմ հանդիման լինելու կարելիությունը»։
Հայաստան է ժամանում ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը՝ ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը:
Նույն այդ օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հարցնում էին՝ այցելե՞լ են ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին, որը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: «Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակել»,-ասում էր ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը: ՀՅԴ-ն բարձրաձայնում է. Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը շարունակում է մնալ հրատապ անհրաժեշտություն: Պատահական գործընթացնե՞ր էին, կարծում եմ՝ ոչ:
Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային լուծման եւ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունների շուրջ քաղաքագետ Նարեկ Մինասյանին ՀԺ-ն հարցրել էր. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ տասնամյակներում ԼՂ հարցի լուծման հնարավորությունը չեն տեսնում: Նա նաեւ կոչ արեց պատրաստվել պատերազմի՝ ասելով, որ բանակցություններ չեն լինելու: Ըստ ձեզ՝ ի՞նչ է փոխվել, ո՞րն է Արցախի նախագահի նման հոռետեսական կարծիքի պատճառը»: Նա պատասխանել էր. «Կարծում եմ՝ տվյալ հայտարարությունը բխում է այսօր առկա իրողություններից: Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ամեն պահ կա էսկալացիայի հավանականություն, չկան ռիսկերի նվազեցման բավարար մեխանիզմներ, Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը… Հետեւաբար այս գործոնները նվազեցնում են բանակցային գործընթացում գոնե մոտ ապագայում ճեղքում ապահովելու ակնկալիքները: Բանակցային գործընթացի պահպանումը եւ շարունակությունը, իհարկե, բավական կարեւոր է, բայց ԱՀ նախագահը խոսել է իրողությունների մասին»: Ասել է, թե սեպտեմբերի 3-ին արդեն պաշտոնապես օգտագործվում է ՊԱՏԵՐԱԶՄ բառը:
Իսկ հաջորդ օրը Օնիկ Գասպարյանի մոտ փակ քննարկում էր, որին մասնակից, «Սեւ հովազ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանը մեր կայքին հայտնել էր. «Սա մեր երկրի ապահովության համար է: Գիտեք, այսօր մեկ թշնամի չէ, որ ունենք. Թուրքիան, որը բազմիցս հայտարարել է եւ Նախիջեւանում Ադրբեջանի հետ վերջին համատեղ զորավարժությունների ժամանակ դարձյալ հոխորտացին, թե մեր պապերի կիսատ թողածը պետք է վերջացնենք: Հիմա այդ վտանգը գլխներիս կախված է եւ մենք պետք է պատրաստ լինենք»:
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանն ասում է. «Ես պատերազմի վտանգ տեսել եմ 90 թվականից մինչեւ այսօր, այսօր էլ եմ տեսնում»:
Սեպտեմբերի 22-ին «Ռազմինֆո»-ն տեղեկացնում է. «Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանելով, թե «պատերազմ է սկսվելու»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում իր ելույթի ժամանակ բողոքում է Հայաստանում աշխարհազոր ստեղծելու մտադրությունից եւ ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը կոչ արել զսպել Հայաստանին։ «Հայաստանի վարչապետը դիտավորյալ խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացի ձեւաչափն ու էությունը։ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Նրա առաջ քաշած 7 պայմաններն Ադրբեջանը մերժել է։ Մենք միայն մեկ պայման ունենք խաղաղության հասնելու համար։ Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե զինված աշխարհազոր է ստեղծելու, որը կազմված կլինի տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից»,- հայտարարում է Ալիեւը եւ հավելում, թե աշխարհազորն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն էլ սպառնացել է «նոր պատերազմով եւ նոր գրավվելիք տարածքներով»։
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածում, որում հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի եւ մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի եւ «վերջին բռնարարքների» հետ:
Նույն օրը, լրատվամիջոցները վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայության սյունակագիր Մագերամ Զեյնալովին, տեղեկացնում են. Ադրբեջանում պահեստազորի անսպասելի զորակոչ է սկսվել. վաղուց զորացրված նախկին զինծառայողներին կանչում են զինկոմիսարիատ եւ այնտեղից տանում զորավարժությունների։ Փողոցներում ոստիկանությունը առգրավում է անձնական բեռնատար մեքենաները բանակի կարիքների համար։ Ընդ որում, ո՛չ ռազմական դրություն, ո՛չ համընդհանուր մոբիլիզացիա երկրում չի հայտարարվել։ Ակնհայտ էր, որ սեպտեմբերին զգուշավոր, տողատակերով հասկացնում էին հնարավոր պատերազմի մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը (լուսանկարում) Ստեփանակերտի Օղակաձեւ զբոսայգում մասնակցում է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Ասես նա չէր, որ սեպտեմբերի երեքին կոչ էր անում պատրաստվել պատերազմի՝ ասելով, որ բանակցություններ չեն լինելու:
«Առավոտ» օրաթերթ
25.09.2021