Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»

Սեպտեմբեր 27,2021 12:30

Հարցազրույց ամերիկաբնակ բալետի արտիստ Գրիգոր Զաքյանի հետ

– Վերջերս արեւմտյան մամուլից տեղեկացանք, որ մասնակցել եք Վառնայում ավանդաբար անցկացվող միջազգային մրցույթին եւ «Մենապար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակի։ «Զուգապար» անվանակարգում էլ ճանաչվել եք լավագույնը՝ առաջին մրցանակ, հանդես գալով պարուհի Կարինա Դեւիսոնի հետ։ Նշենք, որ այս մրցույթը, որ հիմնադրվել է անցյալ դարի կեսերին, բալետարվեստում առաջինն է, առաջին հայ մասնակիցն էլ բալետի անվանի արտիստ եւ բալետմայստեր, երջանկահիշատակ Վիլեն Գալստյանն էր։ Մեր տեղեկություններով, դուք այս մրցույթի երկրորդ հայ մասնակիցն եք։ Ձեզ Երեւանի օպերային թատրոնում հանդիպել ենք կարճ ժամանակահատված, որից հետո տեղեկացանք, որ այլեւս բնակվում, ուսանում եւ ստեղծագործում եք Ամերիկայում։ Կներկայացնե՞ք՝ ինչպես հայտնվեցիք օվկիանոսից այն կողմ։

– Երեւանի պարարվեստի քոլեջն ավարտելուց հետո (ուսանել է Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ) 2018թ. հրավեր ստացա Երեւանի օպերային թատրոնից, բեմ բարձրացա, իհարկե՝ ոչ մենապարերով, ընդամենը 3-4 ամիս։ Այդ ընթացքում հասցրի բալետային խմբի եւ մենապարողների հետ «Բոլշոյ» թատրոնում ներկայացնել Խաչատրյանի «Գայանեն», կրկնում եմ՝ ոչ գլխավոր դերապարով։ Եվ անմիջապես հետո Մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում ես եւ երկու գործընկերս հրավեր ստացանք ԱՄՆ-ից՝ տարբեր նահանգներում ներկայացնելու հայկական բալետային արվեստը։ Այդ շրջագայությունը տեւեց ընդամենը երեք շաբաթ։ Տպավորիչ էր մեր բեմելը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը։ Ես հետո տարբեր դրամաշնորհների շնորհիվ մասնակցեցի մի քանի ծրագրերի, այդ թվում՝ վարպետության դասերի իսկապես աշխարհահռչակ մասնագետների ղեկավարությամբ։ 2018-19թթ., այսինքն՝ մինչ Վառնայի մրցույթը, մասնակցեցի մի շարք միջազգային մրցույթների։ Կուզեի առանձնացնել Հյուսիսային Կարոլինայի եւ Մեքսիկայի՝ բառի իսկական իմաստով խոշոր եւ հեղինակավոր մրցույթները։ Այստեղ նույնպես արժանացա առաջին եւ Մեծ մրցանակների։ Իհարկե, հիշյալ մրցույթների շնորհիվ էլ հյուրախաղերի հրավերներ ստացա ԱՄՆ-ից եւ Մեքսիկայից։ Նշեմ, որ այդ երեկոների ժամանակ որպես մենապարող հանդես եկա տարբեր խմբերի հետ։ Կուզեի անպայման նշել Հայաստանի կառավարության կողմից աջակցության մասին. 2019թ. ինձ տրվեց տարկետում զինվորական ծառայությունից, ինչն էլ հնարավորություն ընձեռեց ավելի խորացնելու մասնագիտական հմտություններս։ Եվ 2020թ. հրավերներ ստացա Չինաստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից՝ ներկայացնելու Հայաստանը։ Բայց ինչպես բոլոր բնագավառներում, համավարակը մշակույթն էլ չշրջանցեց։ Որոշ ծրագրեր չեղարկվեցին, մի մասը տեղափոխվեց այս տարի, որոշներն էլ 2022 թվական։


– Ասում են, որ դուք ձեր ամերիկացի ընկերների հետ Արցախյան պատերազմից հետո շոշափելի գումար եք փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հետաքրքիր է՝ ինչպես է գոյացել այդ գումարը, գուցե ձեր ելույթների՞ց…

– Ոչ, ելույթները կապ չունեն։ Դա մի փոքր երկար պատմություն է, բայց կաշխատեմ հակիրճ ներկայացնել։ Պատերազմը չէր ավարտվել, երբ համախմբելով ամերիկացի ընկերներիս հնարավորությունները, ֆիլմ նկարեցի Արցախի մասին՝ ներկայացնելով մեր ժողովրդի մաքառումը… Ֆիլմի ցուցադրությունից հավաքվեց շոշափելի գումար, որը փոխանցեցի հիմնադրամ։

– Վերադառնանք ձեր գործունեությանը։ Նախ ճշտենք՝ դուք արդեն ավարտե՞լ եք ուսումը։

– Դեռեւս սովորում եմ Գրինսբորոյի հեղինակավոր UNCG համալսարանի պարի եւ բիզնեսի բաժիններում։ Այստեղ առաջին հայ ուսանողն եմ։ Կարծում եմ՝ կհետաքրքրի, որ այս համալսարանը ուսուցանում է 70-ից ավելի մասնագիտություններ, այդ թվում՝ բժշկի, իրավաբանի, հոգեբանի, երաժշտի, գեղանկարչի, մի խոսքով՝ ինչ անցնի ձեր մտքով (ժպտում է)…

– Վառնայում կայացած մրցույթում ձեզ ներկայացրել են նաեւ իբրեւ բալետմայստեր, բայց դուք դեռ ուսանում եք…

– Այո, անցյալ տարվանից ես սկսել եմ նաեւ մանկավարժական գործունեություն Գրինսբորո եւ Արչդեյլ քաղաքներում եւ, պատկերացնո՞ւմ եք, արդեն ունեմ տարբեր մրցույթների մասնակից սաներ, որոնք գրանցում են նաեւ հաջողություններ։ Դե, Ամերիկան մեծ հնարավորությունների երկիր է…

– Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ դուք ինչ-որ գովազդի շնորհիվ մեծ ճանաչում եք ձեռք բերել ԱՄՆ-ում։

– Դա այդպես է։ Երկնաքերի վրա իմ եւ կնոջս՝ Կարինայի նկարներն են, նույն Կարինա Դեւիսոնի, որն ունի հայկական արմատներ եւ որի հետ Վառնայում առաջին մրցանակի ենք արժանացել «Զուգապար» անվանակարգում։

– Եվ ինչո՞վ կբացատրեք նման պատվի արժանանալը։

– Ամերիկացի մի բարերար հավանել էր մեր ելույթը եւ որոշել այդ հսկա շենքի վրա տեղադրել իմ եւ կնոջս լուսանկարները։ Իսկ այդ շենքը շատ տեսանելի վայրում է, ուզած-չուզած՝ ուշադրություն է գրավում։ Դա շատ թանկ հաճույք է։ Բայց մեզ համար կարեւորն այն է, որ Ամերիկայի նման երկրում, փաստորեն, բալետային արվեստը գովազդվում է հայ արտիստների միջոցով։

– Փաստորեն, հիանալի կարիերա եք անում։ Իսկ երբեւէ ձեզ կհանդիպե՞նք Երեւանի թատրոնում, թե՞ շատերի նման դուք էլ կզարդարեք արեւմտյան բեմերն ու, լավագույն դեպքում՝ մի քանի անգամ հյուրախաղերի կգաք։

– Սիրով բեմ կբարձրանամ Երեւանի թատրոնում, եթե, իհարկե, լինի առաջարկ։ Նաեւ հնարավորությանս սահմաններում կուզեի կազմակերպել Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի հյուրախաղերը Ամերիկա։

– Դուք Երեւանից հրավերի՞ եք սպասում, թե՞…

– Ներկա պահին գրաֆիկս շատ ծանրաբեռնված է։ Իհարկե, պատրաստ եմ առաջին իսկ հնարավորության դեպքում ոչ միայն ես, այլեւ ամերիկացի գործընկերներիս հետ հանդես գալ Երեւանում, բայց այդ ամենը…

– Ուզում եք ասել, որ այդ ամենը կապված է ֆինանսի՞ հետ։

– Իհարկե։

– Բայց ասացիք, չէ՞, որ ուսանում եք նաեւ բիզնեսի բաժնում։ Հնարավոր չէ՞ այդ գիտելիքներն օգտագործել, ասենք՝ հյուրախաղեր կազմակերպելու համար։

– Գիտեմ, որ Հայաստանում ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր վիճակից ելք կա։ Հիմա չծավալվեմ, բայց, օրինակ, կարելի է դիմել հայ-ամերիկյան համատեղ նախագծերի, ստանալ դրամաշնորհներ եւ այլն։

– Երեք տարի է՝ ԱՄՆ-ում եք։ Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ են մեծահարուստները, ինչպես հաճախ ասվում է՝ հերթ կանգնում դասական արվեստին ֆինանսավորելու համար։

– Աշխարհում եւ բոլոր ժամանակներում դասական արվեստը ֆինանսավորվել է մեծահարուստների եւ իշխանավորների կողմից։ Սակայն, չգիտես ինչու, Հայաստանը եւ հետխորհրդային երկրները ակնկալում են զուտ պետական աջակցություն։ Ժամանակն է, որ Հայաստանում էլ ընդունվեն համապատասխան օրենքներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն մեծահարուստներին, այլեւ շարքային քաղաքացիներին իրենց աջակցությունը ցուցաբերել դասական արվեստներին եւ ազատվել հարկերից, ինչպես, օրինակ, Ամերիկայում է։ Եվ այստեղ այդ ամենը ընթանում է լուռ, առանց բարձրաձայնելու։

– Մի հարց էլ. այդտեղ դասական արվեստը ենթադրո՞ւմ է նաեւ բիզնես։

– Ոչ միայն այստեղ, այլեւ աշխարհում է այդպես։ Ավելին, ոչ միայն բիզնես է, այլեւ լուրջ բիզնես։ Եվ այդ ամենը իրականացվում է համապատասխան կրթություն եւ փորձառություն ունեցող մասնագետների կողմից։ Ժամանակն է, որ Հայաստանում էլ պատրաստեն այդպիսի մասնագետներ։

– Ուրեմն եկեք եւ լրացրեք այդ բացը։

– Սիրով, բայց ես դեռ ուսանում եմ, չէ՞։ Այդ ժամանակն էլ կգա։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930