Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ավետիսյան. «Առանց պարտության հաղթանակներ չեն լինում»

Սեպտեմբեր 27,2021 12:00

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ժպիտով է հիշում, թե ինչպես է յոթ տարեկանում առաջին անգամ գնացել մարմնամարզության մարզադպրոց, ոգեւորվել ու սկսել տքնաջան աշխատել իր նպատակին հասնելու համար: «Հայրիկիս հետ սկզբում գնացինք ըմբշամարտի, հետո՝ մարմնամարզության մարզադպրոց: Պետք է կողմնորոշվեի, թե որ մարզաձեւով եմ ուզում զբաղվել: Ընտրեցի մարմնամարզությունը: Ինձ գրավեց այն, թե ինչպիսի բարդ վարժություններ են կատարում մարզիկները: Մեծ ցանկություն առաջացավ, որ ես էլ կարողանամ այդպիսի վարժություններ կատարել: Հիշում եմ՝ այդ ժամանակ մարզադպրոցում էր նաեւ Ալբերտ Ազարյանը, որին տեսնելով մեծ ոգեւորություն ապրեցի, որովհետեւ գիտեի, որ նա սպորտի լեգենդ է: Երբեք չեմ զղջացել եւ վստահ կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է արդեն ազգային հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը:

Արթուրի առաջին լուրջ մրցումը եղել է 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: 2019 թվականին նա արդեն մեծահասակների մրցումներում էր հանդես գալիս: Մասնակցել է նաեւ ուսանողների աշխարհի առաջնությանը եւ գրավել առաջին տեղը: Տարիների ընթացքում հասկացել է, որ իր հոգեհարազատ գործիքը օղակներն են, իրեն ավելի վստահ ու հանգիստ է զգում հենց օղակների վրա վարժություններ կատարելիս:

Ասում է՝ հաղթանակից հետո էմոցիաներն ու զգացողություններն աննկարագրելի, անբացատրելի են, որովհետեւ այդ պահին յուրաքանչյուր մարզիկ հասկանում է, որ այն ժամանակը, եռանդն ու ջանքերը, որ տրամադրել ու ներդրել է, զուր չեն եղել: «Մեծ պատիվ է, երբ հաղթանակիցդ հետո երկրիդ դրոշն ես ծածանում օտարների առաջ, որ տեսնում են հաղթանակդ: Սակայն միշտ չէ, որ լինում են հաղթանակներ: Առանց պարտության հաղթանակ չի լինում: Ես երբեք հետ չեմ կանգնել ու հետ չեմ կանգնի իմ առջեւ դրված նպատակից: Դժվարությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ: Մեկ տարի առաջ ուսի բարդ վիրահատություն եմ տարել այն հույսով ու հավատով, որ դա չի կարող ինձ իմ նպատակներից հետ պահել: Ու այդպես էլ եղավ: Լինում են թե ցավեր, թե դժվար պահեր, բայց դրանք միանգամայն հաղթահարելի են: Անհրաժեշտ է միայն մեծ ցանկություն, ինչը ես ունեմ: Հիմա էլ երբեմն ցավեր ունենում եմ, սակայն դրանք ժամանակի ընթացքում կանցնեն: Աշխատում եմ դրանց վրա շատ ուշադրություն չդարձնել, չկենտրոնանալ բացասականի վրա»,-ասում է մարմնամարզիկը:

Սպորտը Արթուր Ավետիսյանի կյանքն է, որ նրան տվել է նաեւ լավ ընկերներ եւ ինչպես ինքն է ասում՝ նաեւ երկրորդ ընտանիք: Օրվա մեծ մասն էլ անցկացնում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Նա վստահեցնում է, որ այս տարիների ընթացքում հավաքականի մյուս տղաների հետ մի ընտանիք են դարձել, որտեղ ամեն ինչ անում են միասին, քննարկում են միասին: «Իմ համար կարեւոր են ծմողներիս, մարզիչներիս, ընկերներիս, հարազատ մարդկանց կարծիքները, սակայն չեմ անտեսում նաեւ այլոց կարծիքները: Նպատակս, ինչպես բոլոր մարզիկներինը, մեկն է՝ դառնալ օլիմպիական խաղերի չեմպիոն»,-եզրափակում է խոսքը մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930