Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Չնայած հայտարարում էին, թե «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է»՝ ոչ մի ղեկավար դա չի ընդունել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ ՀՀ հասարակության առջեւ. «Սպիտակ թուղթ»

Սեպտեմբեր 27,2021 14:30

Սկիզբը՝ այստեղ:

Հայաստանի պատասխանատվության հարցը Ղարաբաղյան հակամարտության մեջ՝ ընդհանրապես, եւ 2020թ. պատերազմի մեջ՝ մասնավորապես

Քաղաքական-դիվանագիտական գործոններ
Անկարեւոր չէ այն հանգամանքը, որ մասնակիցների պատասխաններում քաղաքական-դիվանագիտական գործոնները հաճախակիորեն նշվել են որպես պարտությունը բացատրող առաջնային գործոններ: Կարելի է պնդել, որ նման կրկնությունն արտացոլում է մասնակիցների մտային կողմնակալությունը: Այնուամենայնիվ, պատասխաններում ձեւակերպված ընդհանուր տեսակետներն իսկապես արտացոլում են դժգոհություն Հայաստանի ղեկավարներից՝ ժամանակի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ նրանց մոտեցման, ինչպես նաեւ այն բանի համար, թե ինչպես են այդ ղեկավարները սխալ հասկացել կամ անտեսել հակամարտության հարցում միջազգային հանրության դիրքորոշումը:

Ղարաբաղյան հարցի տեսլականն ու ռազմավարությունը

Հակամարտության կարգավորման ընդհանուր ռազմավարության վերլուծությունը, ռազմավարություն, որի ձախողումը հանգեցրեց պատերազմի, կարելի է ամփոփել երեք դիրքորոշումներում.

Ա. Ոմանք պնդում էին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում 1994 թ. հայկական կողմի հաղթանակը հանգեցրել է անվտանգության եւ արտաքին քաղաքականության՝ ավելի ու ավելի կոշտ ռազմատենչ պատկերացման, ինչպես նշված է վերը:

Բ. Մյուսները պնդում են, որ 1994 թ.-ին՝ Ադրբեջանի դեմ ռազմական հաղթանակից անմիջապես հետո, Հայաստանը պետք է ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Նրանց փաստարկման մեջ ասվում է, որ Ադրբեջանը պարտված էր եւ կընդուներ Ղարաբաղի անկախությունը, բայց խնդիրն այն է, որ հայությունն իր պետությունը կառուցեց «փորը վախ ընկած»-ի հոգեբանությամբ, ուստի վախենում էին համառել այդ հարցում: «Միջազգային լավ գործընկեր» լինելու ռազմավարությունը Հայաստանին պատանդ դարձրեց միջազգային հանրության եւ, առավել եւս, Ադրբեջանի շահերին ու բարի կամքին:

Գ. Այս երկու դիրքորոշումների միջեւ շատերը շեշտում են, որ քաղաքական ձախողումների մեջ դեր է խաղացել Ղարաբաղյան խնդրի հարցում վերջնական հստակ նպատակի եւ, հետեւաբար, համապատասխան ռազմավարության բացակայությունը: Նմանապես՝ գոյություն չուներ ո՛չ հնարավոր զիջումների, ո՛չ էլ կարմիր գծերի հստակ սահմանում: Այս դիրքորոշումն ինքնին հասարակական եւ պաշտոնական խոսույթում այս հարցի շուրջ առկա խառնաշփոթի արտացոլումն է: Բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալը, օրինակ, այդ թերություններից մեկի ախտանիշն էր, որը թույլ տվեց, որ գերիշխի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական պատումն այն մասին, որ հակամարտությունը պետությունների միջեւ տարածքային խնդիր է:

Հակամարտությունը լուծելու կամքի բացակայություն

Այս գործոնի կարեւորության մասին արտահայտված տեսակետների վերաբերյալ մասնակիցներից ոմանք

Ա. Շարունակում են նախորդ փաստարկը, համաձայն որի՝ խնդիրը լուծելու հայկական ռազմավարությունը Ադրբեջանից Ղարաբաղի դե ֆակտո անկախ կարգավիճակը մշտական եւ միջազգային հանրության կողմից ընդունված դարձնելն էր: Չնայած որոշ քաղաքական ղեկավարներ հստակ հայտարարում էին, թե «Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է», կառավարության՝ որեւէ իշխանություն ունեցող ոչ մի ղեկավար դա բացահայտորեն չի ընդունել ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ Հայաստանի հասարակության առջեւ:

Բ. Պատասխանատվություն վերագրեցին քաղաքական կուսակցությունների եւ ուժերի մեծ մասին, նաեւ ակադեմիական ու մտավոր վերնախավերին (այդ թվում՝ Սփյուռքի), որ չեն կամեցել զորավիգ կանգնել հակամարտությունը փոխզիջումների հիման վրա բանակցությունների միջոցով լուծելու այլընտրանքին։

Հակառակ կողմում ուրիշները համարում են, որ

Գ. Հակամարտությունը լուծելու ցանկության բացակայությունն ինքնին խնդիր էր: Այս համատեքստում, 1998 թ.-ից ի վեր Հայաստանի՝ իրար հաջորդած ղեկավարները մեղադրվում են խնդիրն իրենցը չհամարելու եւ, հետեւաբար, բանակցային գործընթացում նախաձեռնող լինելու փոխարեն հետեւորդի դերում հանդես գալու ու այնպես վարվելու մեջ, որ կարծես Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի լուծելիք հարցը չէր: Բացի դրանից, Հայաստանի ղեկավարները դարձել էին առավելապաշտական դիրքորոշման գերի:

Նախորդ կառավարությունն այստեղ քննադատության է ենթարկվում այն բանի համար, որ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ.

Դ. Դրամագլխի վերածել բռնության մերժումը, որը թավշյա հեղափոխության տարբերակիչ հատկանիշն էր:

Ե. Օգտագործել կառավարության հաստատուն օրինակարգության հնարավորությունը՝ վարելու համար խաղաղության քաղաքականություն, որը սկսվել էր շահագրգիռ բոլոր ժողովուրդների շահերը հաշվի առնելու մասին վարչապետի աննախադեպ դրական կոչով,

Զ. Գործուն կերպով պայքարել «թշնամի թուրքի» կարծրատիպային կերպարների դեմ,

Է. Պատերազմը կանխել այն սկսվելուց առաջ եւ դադարեցնել առաջին իսկ հնարավորության դեպքում (օրինակ, հոկտեմբերի 19-ին): Այս առումով, պատասխանատվություն է վերագրվում նաեւ Ազգային ժողովին եւ մեծամասնություն կազմող կուսակցությանը. սահմանադրական լիազորությամբ այն միակ հաստատությանը, որը կարող էր վարչապետին ստիպել ավելի վաղ եւ ավելի քիչ կորուստներով ընդունել հրադադարը եւ կամ նրան ստիպել հեռանալ:

Հարցվածներից ոմանք մատնանշում էին պատասխանատվության մի մեծ ոլորտ, որն ավելի հաճախ վրիպում է դիտորդների ուշադրությունից,

Ը. Հայաստանում մտավոր եւ ակադեմիական վերնախավերի բացասական դերը. վերնախավեր, որոնք չկարողացան լուրջ բանավեճ ծավալել Ղարաբաղյան հակամարտության հնարավոր տարբերակների ու զարգացումների շուրջ, ինչպես նաեւ եղած տարբերակներին հետեւելիք հավանական սցենարների շուրջ: Քննադատական մտածողությունը խաթարվել էր նաեւ Սփյուռքում, որտեղ մտավոր եւ ակադեմիական վերնախավերը չկարողացան խիզախություն ցուցաբերել, նույնիսկ երբ նրանք ավելի տարբերակված մոտեցում ունեին, եւ պայքարել նրանց դեմ, ովքեր Հայաստանի օրինակով անհնարին էին դարձնում քննարկումները:

Թ. Բանավեճի բացակայությունը բացասաբար անդրադարձավ քաղաքացիական հասարակության վրա, որին հիմնականում դուրս էին թողնում որեւէ որոշում կայացնելու գործընթացից եւ ընկղմում անհանդուրժողականության միջավայրի մեջ:

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

Ռոբերտ Այդաբիրյան (Փարիզ)
Ժիրայր Լիպարիտյան (Բոստոն)
Թալին Փափազյան (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
25.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930