Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվը (պատմվածք)

Սեպտեմբեր 26,2021 23:30
surhandak

Փայլակը մանկուց երազում էր հեծանիվ ունենալ ու սուրալ նրա վրա բազմած, բայց այդպես էլ նրա երազանքը անկատար մնաց:

Մի քանի անգամ փորձել էր ընկերոջ հեծանիվը վարել, բայց հիմա լավ չէր հիշում, թե ինչպես է վարել այն երեխա ժամանակ:

Հեծանիվ վարել էր նաև այն ժամանակ, երբ ուսանողական տարիներին մեկնել էին Ուկրաինայի Կախովկա քաղաք  կրթական պրակտիկայի:

Բայց ամենից պատկերավորը նրա հիշողության մեջ մնացել էին հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանի «Գողացած հեծանիվը» և  «Կոտրված անիվը» երկու պատմվածքներից պատառիկներ, որոնք կարդացել էր երիտասարդ տարիներին:

Այդ ժամանակներից անցել էր երկար տարիներ և ինքը արդեն ծերացել էր, բայց կայտառ էր մնացել ու ամեն անգամ,որևէ տեղ հեծանվորդի տեսնելիս նախանձով էր նայում նրանց հետևից ու մտքում  ինքն էլ էր սլանում նրանց հետ:

Վերջապես նրան բախտը ժպտաց, երբ համացանցում կարդաց, որ քաղաքի այգիներից մեկում դասընթացներ են կազմակերպվում հեծանիվ վարելու գաղտնիքները սովորեցնելու նպատակով: Սակայն բանը նրանում էր, որ նա այդ հայտարարությունը բավականին ուշ էր կարդացել ու այդ շաբաթ օրը վերջինն էր:

Նա շտապ հագնվեց, դուրս եկավ տանից և գնաց ավտոբուսների կանգառ, որտեղ երկար սպասեց այդ ուղղությամբ աշխատող ավտոբուսներից գոնե մեկի հայտնվելուն:

Վերջապես հայտնվեց անհրաժեշտ ավտոբուսը և Փայլակը իրեն շտապով նետեց նրա մեջ, հարմար տեղավորվեց նստարաններից մեկի ազատ տեղում, գրպանից հանեց ականջակալները, խնամքով հագցրեց ականջներին, ապա հանեց հեռախոսը, միացրեց ականջակալներին, որից հետո ընտրեց համապատասխան ռադիոալիքը և խորասուզվեց երաժշտության հորձանուտը:

Ճանապարհը գրեթե մեկ ժամ տևեց, մինչ նա հասավ համապատասխան այգու կանգառին: Շտապով ցած իջավ ավտոբուսից, մտավ այգի, երկար դեգերեց այգու բոլոր ծառուղիներով, բայց այդպես էլ չգտնելով հեծանվային դասընթացներ կազմակերպողներին, ձեռնունայն տուն վերադարձավ:

Սակայն Փայլակը վհատվողներից չէր, նա բուսաբանական այգում երկու շաբաթ առաջ տեսել էր, որ այնտեղ դեղին գույնի մի քանի հեծանիվներ են շարված ու դիմել էր այգու տոմսավաճառին, որպեսզի պարզի, թե ում հեծանիվներն են դրանք, բայց ստացել էր անորոշ պատասխան, որ դրանք գործի են գցվում հատուկ ծրագրերով, որոնք ունեն համապատասխան համացանցային ներբեռնում, անհրաժեշտ ժամանակամիջոցի ընտրությունով և հեռակա կարգի վճարումով քարտերի միջոցով, իսկ ինքը այդ միջոցներին չէր տիրապետում:

«Սրա հարցը թոռնիկս կլուծի»,-մտքում ասել էր Փայլակը և որոշ ժամանակ զբոսնելով այգում, տուն վերադարձել, իսկ հաջորդ շաբաթ առավոտյան դիմեց թոռնիկին, որը, չնայած իր փոքր տարիքին լավ էր տիրապետում համացանցին և բջջային հեռախոսին, կարող էր դրանից գլուխ հանել և հեծանիվը գործի գցել:

Նրանք, երկուսով, առավոտյան տանից դուրս եկան, գնացին տրոլեյբուսի կանգառ, որը իրենց բախտից շուտով մոտեցավ կանգառին և արգելակեց: Արագորեն բարձրացան տրոլեյբուսի սրահ, տեղավորվեցին նստարանին ու մեկնեցին բուսաբանական այգի, որտեղ տոմս գնեցին, ներս մտան, բայց Փայլակի տեսած հեծանիվներից ոչ մեկը չգտնվեց այգու ոչ մի հատվածում:

-Դե լավ,-Փայլակը խեղճացած դիմեց թոռնիկին,-որ եկել հասել ենք այստեղ, արի մի քիչ զբոսնենք, աստիճաններով բարձրանանք վերև, հետո կգնանք տուն:

Որոշ ժամանակ հետո, նրանք մոտեցան այգու դարպասներին, դուրս եկան այգուց, որտեղ կանգնած էին ծանոթ տոմսավաճառը և մի անծանոթ տղամարդ:

-Ի՞նչ եղավ, գտա՞ք հեծանիվ,-հարցրեց տոմսավաճառը:

-Այգում ոչ մի հատ հեծանիվ չկար,-նեղսրտած ասաց Փայլակը:

-Երևի այգու մյուս կողմն են տարել,-արձագանքեց տոմսավաճառը,-կարող եք գնալ այնտեղ:

-Ուզում ե՞ս դրանցից մեկին գտնեմ, որը ամենամոտը կլինի  այգուն,-ասաց թոռնիկը և տոմսավաճառին հարցրեց, թե ինչպե՞ս է կոչվում հեծանիվները վարձով տվող կազմակերպության անունը:

Ստանալով հարցին դրական պատասխան, թոռնիկը հանեց բջջային հեռախոսը, կատարեց մի քանի համապատասխան գործողություններ, մատները արագ շարժելով էկրանին:

-Ա՛յ, այստեղ մի հեծանիվ է կանգնած, ուզու՞մ ես, գնանք գտնենք, բայց մի քիչ երկար պիտի քայլենք-ասաց թոռնիկը:

-Իհարկե,-արձագանքեց Փայլակը և նրանք նորից վերադարձան այգի, ուղղվեցին դեպի նրա հակառակ մուտքը, որ բավականին հեռու էր գտնվում, ապա դուրս եկան այգուց, թեքվեցին դեպի ձախ և մայթով շարժվեցին դեպի վերև:

Հեռախոսի էկրանին, քարտեզի վրա երևում էր այգուն ամենամոտ գտնվող հեծանիվը, որի ուղղությամբ գնում էին նրանք: Մոտավորապես քսան րոպե հետո նրանք մայթի եզրին տեսան արգելակված դեղնավուն հեծանիվը ու մոտեցան նրան:

Հիմա պետք էր ապաարգելակվեր հեծանիվի հետևի անիվը, որպեսզի նրան այգի տանեին, բա հո մայթի վրա չէին փորձարկի:

Թոռնիկը նորից սկսեց հեռախոսի վրա մատները տարբեր ուղղություններով շարժել, ապա դիմեց պապիկին.

-Ինձ թելադրի քո քարտի տվյալները որ մուծումը կատարեմ, առանց դրա չենք կարող ապաարգելափակել:

Փայլակը գրպանից հանեց հեռախոսը, որի պատյանի հարմար տեղում դրել էր այն թուղթը, որի վրա նախապես, արդեն տանը գրել էր իր քարտի տվյալները, քանի որ դրանք անգիր չէր կարող հիշել:

Համապատասխան ժամանակամիջոցի համար մուտք անելով գումարը, թոռնիկը հայտնեց, որ արգելափակումը հանված է, բայց հեծանիվը համառում էր տեղից շարժվել:

Թոռնիկը նկատեց, որ այն սարքի վրա, որի հետ աշխատում էր հեռախոսով, կա մի հարմարանք, որը պիտի հետ շարժել: Կատարելով վերջին գործողությունը, հեծանիվը հանվեց արգելափակումից և արդեն կարելի էր նրան այգի տանել:

Փայլակը բռնեց հեծանիվի ղեկի երկու կողմերից, դանդաղորեն առաջ տվեց, ինքն էլ համաչափորեն քայլելով նրան զուգահեռ: Որոշ ժամանակ անց նրանք հայտնվեցին այգում և հիմա պետք է կատարվեր հանդիսավոր երթը:

-Դու հետևից բռնիր, որ ես կարողանամ նստել հեծանիվի վրա, հենց որ շարժվեմ, բաց կթողնես,-ասաց Փայլակը թոռնիկին և հարմարվելով հեծանիվի նստատեղին փորձեց առաջ ընթանալ:

Սակայն, հենց առաջին փորձից հեծանիվը կողաշրջվեց քանի որ թոռնիկը ի վիճակի չէր այն պահելու և Փայլակը հայտնվեց գետնին: Բարեբախտաբար, ոչինչ չվնասեց մարմնի մասերից ու դանդաղորեն վեր բարձրանալով գետնից, որոշեց կատարել երկրորդ փորձը: Այն արժանացավ նույն բախտին, ինչպես առաջին դեպքում, բայց այս անգամ մի փոքր վնասվեց աջ արմունկի մոտ, որը արյունոտվեց մի քիչ:

Թոռնիկը խնդրեց նրան հրաժարվել երրորդ փորձից, բայց Փայլակը անդրդվելի էր և չվստահելով արդեն թոռնիկին, հեծանիվը մոտեցրեց մոտակայքում գտնվող պլաստիկե մեծ աղբամանին, բռնեց նրանից և նստելով հեծանիվին, փորձեց առաջ շարժվել:

-Պապիկ,-ասաց թոռնիկը,-շտապ օգնության համարը ինչպե՞ս է:

-103,-արձագանքեց Փայլակը և փորձեց առաջ ընթանալ:

Սակայն, տեղին էր հիշեցնել Փայլակին հայտնի ասացվածքը, որ մի թասը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացիր՝ երրորդը ցավ է: Սակայն այդ մասին թոռնիկը դեռ չգիտեր:

Պարզվեց, որ աղբամանը դատարկ էր և սահելով հեռացավ Փայլակից, իսկ նա, բաց թողնելով ձեռքը, դաժանորեն, արդեն երրորդ անգամ տապալվեց գետնին: Հարվածը բավականին ուժեղ էր: Աջ ձեռքի մատներից մինչև արմունկը բազմաթիվ քերծվածքներ ստացան, որտեղից արագորեն սկսեց դուրս հոսել արյունը: Թոռնիկը, իհարկե, շատ վախեցավ, բայց Փայլակը հաղթահարելով ցավը, մի կերպ վեր կացավ գետնից ու դիմեց թոռնիկին.

-Արգելափակիր հեծանիվը, տուն գնանք:

-Որ ասում էի՜,-արձագանքեց թոռնիկը ու հեռախոսը գործի գցելով արգելափակեց հեծանիվը:

Նրանցից քիչ հեռու, բարեբախտաբար ցայտաղբյուր կար: Նրանք մոտեցան ցայտաղբյուրին, Փայլակը տաբատի ձախ գրպանից հանեց մաքուր թաշկինակը, որը առանձին պահում էր որոշակի առիթներով օգտագործելու նպատակով և թրջելով այն, զգուշորեն մաքրեց քերծվածքների վրայի արյունը, որին խառնվել էր նաև գետնի հողը և այլ աղբակտորներ, որից հետո փաթաթեց թևը նույն   թաշկինակով և դիմեց թոռնիկին.

-Տաքսի կանչիր, մինչև հասնենք այգու մուտքին, հասած կլինի:

Բայց այգու մուտքի մոտ ոչ մի տաքսի էլ չկար: Ա՛յ, քեզ հաջողություն:

-Մի զանգիր, հարցրու, որտե՞ղ է կանգնել այդ անիրավը,-նորից դիմեց թոռնիկին:

Պարզվեց, որ տաքսին բենզալցակայանի մոտ է կանգնած, այդպես է ցույց տվել տաքսու հեռախոսի վրայի քարտեզը: Որոշ ժամանակ անց նրանք գտան տաքսին և տուն վերադարձան:

Տանեցիները սկզբում շատ վախեցան, հետո գործի անցան: Սպիրտով նախ մաքրեցին ձեռքի վնասված տեղերը, ապա յոդով մշակեցին, տանը գտնվող համապատասխան դեղը քսեցին, վիրակապեցին, ցավազրկող տվեցին խմելու:

-Միևնույնն է, հենց ապաքինվեմ, գնալու եմ հեծանիվ վարելու դասընթացների, ես պիտի հեծանիվ վարելու իմ երազանքը իրականացնեմ,-ասաց նա տանեցիներին,-եթե աշնանը չհաջողվի, գարնանն եմ սկսելու:

Հիմա նա ձեռքը ապաքինելու գործերով է զբաղված, պոլիկլինիկայում ռենտգեն նկարահանումը ցույց է տվել, որ կոտրվածք կամ հոդախախտում չկա:

Հույսով կպասենք ու կտեսնենք, թե ե՞րբ է Փայլակը կարողանալու  հեծանիվ վարել սովորել:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930