Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայր մերը գիտե՞ս». Ռոբերտ Քոչարյանի պահվածքը Եռաբլուրում՝ Տերունական աղոթքի ժամանակ

Սեպտեմբեր 26,2021 21:23

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գարեգին Նժդեհի արձանի մոտից ջահերով երթ էր կազմակերպվել դեպի Եռաբլուր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ՝ ի հիշատակ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 –օրյա պատերազմում զոհված մեր հերոսների:

Երթը նախաձեռնել էին «Հայաստան» խմբակցության անդամները: Արդեն երթի մասնակիցները Եռաբլուրում են ու եկեղեցու մոտ հավաքված՝ հոգեւորականներից մեկն առաջարկվեց Տերունական աղոթքն ասել՝ մեր նահատակված հերոսների հոգու փրկության համար: Ներկաները՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված պատգամավորները՝ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, բոլորը խաչակնքվեցին: Սեյրան Օհանյանը նույնիսկ բարձրաձայն սկսեց աղոթել: Իսկ Քոչարյանը ո՛չ աղոթքի սկզբում, ո՛չ վերջում չխաչակնքվեց, ասես անհաղորդ էր:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ տարիներ առաջ նախատինքի էր արժանացել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ «Հայր մերը» չիմանալու համար: 1991-ին Գորիսում Քոչարյան-Տեր-Պետրոսյան երկխոսության տեսանյութը բավականին քննարկումների տեղիք էր տվել.

ԼՏՊ – «Հայր մերը» գիտե՞ս:
ՌՔ – Էդ հարցերում չկամ:
ԼՏՊ – «Հայր մերը» գիտե՞ս:
ՌՔ – Չեմ հիշում
ԼՏՊ –  Որ ասում եմ` հայ չես, չես հավատում:
ՌՔ – Ալբանացի եմ:

Դրանից հետո մինչ օրս Քոչարյանին հիշեցնում են իր այս խոսքերը:

Մոմավառության ժամանակ Հիսուս Քրիստոսի հետ զուգահեռներ տարան. «Քրիստոսը մահացավ, բայց Քրիստոսը հաղթեց: Քրիստոսը չէր եկել՝ իրեն փրկելու համար, եկել էր՝ մարդկությանը փրկելու համար: Նա իրապես հաղթեց: Քրիստոսը հաղթեց մեղքին,  անարդարությանը, անազնվությանը, սրբապղծությանը, դավաճանությանը, պաշտոնասիրությանը, պաշտոնամոլությանը: Քրիստոսը խաչի վրա հաղթեց այդ բոլոր արատավոր երեւույթները: Քրիստոսն ասում է՝ ով ուզում է իմ աշակերտը լինել, թող վերցնի իր խաչը եւ գա իմ հետեւից: Մեր նահատակ զինվոր եղբայրները վերցրեցին խաչը իրենց ուսերին եւ քայլեցին Քրիստոսի հետեւից: Մեր զինվոր եղբայրների նահատակությունը եղավ Քրիստոսի օրինակով: Մեր զինվորները իրենց փրկելու համար չէ, որ նահատակվեցին: Եթե որեւէ մեկը կռիվ է մղում կամ պատերազմում է իր շահի համար, եթե վտանգվեց իր շահը՝ կփախչի պատերազմի դաշտից: Մեր զինվոր հայորդիները մահվան սպառնալիքի առջեւ չլքեցին պատերազմի դաշտը: Որովհետեւ իրենց պատերազմը մեր հայրենիքի իրավունքի, մեր սրբությունների համար պատերազմ էր: Մարդիկ կան, ովքեր ապրում են, բայց վաղուց ի վեր դադարել են ապրելուց: Մեր զինվոր նահատակ եղբայրները ապրելու են հավետ մեր սրտերում, մեր եկեղեցու աղոթքի մեջ, մեր մանկան ճիչի մեջ, մեր մայրերի ուրախության արցունքներում, մեր միասնականության մեջ, մեր երկրի շինության, զորացման մեջ: Այսօր մենք եկել ենք այստեղ հաստատելու, որ այս պատերազմում եղան պարտվողներ, բայց այդ պարտվողները մեր զինվորները չէին: Նրանք երկնքում լույս են  դարձել, ինչպես մեր ձեռքի  լույսերը: Այսօր մենք եկել ենք որոշում կայացնելու՝ եթե մենք որոշենք սգի մեջ մնանք՝ կմնանք սգի մեջ, իսկ եթե մենք որոշենք, որ ամեն մի նահատակ զինվորի սիրտը բաբախի մեր սրտում ու մեր գործում՝ կլինի այդպես: Որոշում ենք կայացնում մեր զինվոր եղբայրների կյանքը դարձնենք իրականություն, դարձնենք գործ, միասնական լինենք, շենացնենք մեր քաղցր, անուշ հայրենիքը»:

Երթի մասնակիցներն իրենց ձեռի ջահերը դրեցին նահատակված զինվորների շիրմաքարերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. McԱնուն says:

    Если писать не о чем, лучше “Отче наш” произнесите и перекреститесь, сколько раз вам вздумается.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930