Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արվեստ գումարած գինի՝ Դիլիջանի ամֆիթատրոնում

Սեպտեմբեր 26,2021 21:08

Դիլիջան քաղաքի ամենագեղեցիկ ու կոլորիտային վայրում՝  Ամֆիթատրոնում Eventtоura կազմակերպությունը կազմակերպել էր գունեղ միջոցառում. ներկայացված էին ավելի քան 15 արվեստագետներ՝ իրենց 200 աշխատանքներով, տավուշյան գինի արտադրողներ:  Միջոցառումը «համեմված» էր ջազ երաժշտությամբ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարչուհի, գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ, ՀՀ նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Արմինե Թումանյանը,  իրեն դիմել էին Eventtоura-ի ներկայացուցիչները եւ հայտնել մտահղացման մասին, ինքն էլ խորհուրդ է տվել միջոցառումը կազմակերպել Ամֆիթատրոնում, որտեղ ե՛ւ զբոսաշրջիկներ են այցելում, ե՛ւ տարածքը բաց է, ու ամեն ոք կարող է ներկա գտնվել:

«Իմ նպատակն էր ցուցադրել հենց տավուշցի նկարիչներին: Մենք ունենք բազում հետաքրքիր վայրեր ու արվեստագետներ ունենք, օրինակ, Կողբի արվեստի դպրոցը, Բերդում կան լավ  նկարիչներ, Իջեւանում է գտնվում Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ֆակուլտետը…Իմ կարծիքով, ինչքան հնարավոր է, պետք է խթանել մարզերում ապրող արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Ցավոք, այսօր մի քիչ պասիվ էր նրանց մասնակցությունը, բայց հույս ունեմ, որ սա  կհամարեն լավ օրինակ եւ հաջորդ անգամ ավելի համարձակ կլինեն»,-նշեց տիկին Թումանյանը:

Ամֆիթատրոնում, ի թիվս այլ արվեստագետների աշխատանքների, ցուցադրվում էին նաեւ Արմինե Թումանյանի ֆիգուրատիվ եւ աբստակտ գործերը: Նկարչուհու տպավորությամբ մարզերում այնքան էլ չեն ընդունում աբստակտ ոճի աշխատանքները, քանի որ, նրա ձեւակերպմամբ. «Այդ դեպքում մի քիչ ավելի ազատություն է պահանջվում, որ դու աբստակցիայում  համարձակություն դրսոեւորես, նոր ձեւի շարժումներ անես: Մենք բոլորս սովորում ենք ակադեմիական նկարչություն, բայց երբ դուրս ես գալիս ակադեմիական ոճից, այդ ժամանակ միայն կարող ենք հետք թողել: Ես ուզում եմ, որ մարզերի նկարիչները եւս լինեն համարձակ, չքաշվեն ու կարծրատիպերից դուրս գալով ստեղծագործեն»:

Հավելենք, որ Արմինե Թումանյանը 2008 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում ՝ Կանադայում, Թայվանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Սերբիայում եւ այլուր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930