Այսօր Գարեգին Նժդեհի արձանի մոտից ջահերով երթ է կազմակերպվել դեպի Եռաբլուր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ՝ ի հիշատակ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 –օրյա պատերազմում զոհված մեր հերոսների:
Երթը նախաձեռնել են «Հայաստան» խմբակցության անդամները: Խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ. «Այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք ու այսօրվա հիշատակի երթը նաեւ ունի այդ խորհուրդը, որ այո, մենք ոտքի ենք կանգնելու, տեր ենք մեր երկրին ու մեր սուրբ տղերքի թափած արյունը՝ հանուն հայրենիքի, իզուր չի անցնելու: Իրենց գործը շարունակող լինելու է: Մենք ոտքի ենք կանգնելու, համախմբելու ենք եւ այս վիճակից դուրս ենք գալու»:
Իշխան Սաղաթելանը նաեւ ասաց, որ իշխանությունը ի վիճակի չէ չեզոքացնել այն վտանգները, որոնք ծառացած են երկրի առաջ. «Մեր օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ կանխենք Հայաստանի թյուրքացումը, երկիրը պետք է դուրս գա այս վիճակից, պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ խոչընդոտ դա այսօրվա իշխանությունն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ