Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։
ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։
Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կարդացեք նաև
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ