ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Ընդհանուր բանավեճին զուգահեռ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները նաև համատեղ հանդիպում են ունեցել արտաքին գործերի երկու նախարարների մասնակցությամբ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ են քննարկել։ Համանախագահները առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված կոնկրետ նպատակաուղղված միջոցներ և հնարավոր հետագա քայլեր: Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած արժեքավոր քայլերի ու գործողությունների ողջ շրջանակին։
Սեպտեմբերի 24-ին համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ, որպեսզի նրանց տեղեկացնեն վերջին մեկ տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերի մասին, այդ թվում՝ գործընթացի ամենավերջին զարգացումների մասին։
Կարդացեք նաև
Համանախագահները ողջունում են 2020թ․ նոյեմբերից հետո արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած առաջին հանդիպումը՝ որպես ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու ուղղությամբ երկու երկրների վճռականության նշան, որն իր նպաստը կբերի անվտանգության, կայունության և բարեկեցության ապահովմանը տարածաշրջանում։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրենց մանդատի շրջանակում շարունակելու աշխատանքը կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների վերաբերյալ համապարփակ լուծումներ գտնելու շուրջ։
Նյու Յորք, 24 սեպտեմբերի 2021թ․