Սեպտեմբերի 25-ին «Հոդված 3» ակումբում ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի փաստավավերագրական ֆիլմը՝ «Շարժումից դեպի անկախությունը»։ Ֆիլմում ներկայացվում է Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս բերումը, ժողովրդի ձգտումն անկախության նկատմամբ։ Ֆիլմն արխիվային տեսագրությունների հիման վրա է կառուցված: Պատմության շատ դրվագներ ներկայացվում են առաջին անգամ։
Ֆիլմի դիտումից հետո Տիգրան Պասկևիչյանի և ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ քննարկում ծավալվեց։
«Ինչպես նախորդ ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ այսօր ֆիլմի դիտումից հետո մարդիկ լուռ էին․․․»,-փաստեց Արամ Մանուկյանը։
«Շարժումից դեպի անկախությունը» ֆիլմի ստեղծման համար 6 ամիս է պահանջվել։ Այն ցուցադրվել է 4-5 անգամ։
Կարդացեք նաև
«Պատահականության սկզբունքով ֆիլմի սկզբում Հայաստանի Հանրապետության հրապարակի ժամացույցը ցույց է տալիս 16:00-ը, իսկ վերջում՝ 19:00-ը: Տարբերությունը երեք ժամ է, իսկ շարժումը դեպի Անկախությունը տևել է երեք տարի»,-ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Նաեւ հավաստիացրեց, որ ցանկացողները, եթե դիմեն իրեն, ֆիլմը կարող են ցուցադրել ցանկացած այլ վայրում:
Արամ Մանուկյանի ձեւակերպմամբ՝ Տիգրան Պասկեւիչյանի ցանկացած ֆիլմ իրական է , ճշմարիտ, առանց սուբյեկտիվ մեկնաբանությունների, պատմությունը արձանագրող։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ