«Արցախի խնդիրը և Արցախն ինքն օգտագործվել է ՌԴ կողմից տարածաշրջանում իր շահերը պահելու և մնալու, ժողովրդավարություն թույլ չտալու համար»,- «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով առաջին համաժողովի ընթացքում հայտարարեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ նրա՝ Արևմուտքը դա չի օգտագործել հայերի դեմ, քանի որ հասկանում է, թե մենք ինչ վիճակում ենք և տեսել է ՀՀ-ի պոտենցիալը: Այս առիթով նաև ասաց. «ԱՄՆ-ն փորձեց փափուկ ուժի միջոցով զարգացնել ժողովրդավարությունը Հայաստանում, ինչը հանգեցրեց ց 2018-ին. այն, որ մեր հասարակությունը և երիտասարդությունը պատրաստ էր խոշոր փոփոխությունների»:
Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ նման պայմաններում մենք պետք է ՀՀ-ն դիտարկենք ինքնուրույն, որպես ժողովրդավարության հարցում առանձին մի սուբյեկտ. «Վերջին ուղերձները, որ ստանում ենք ԱՄՆ-ից և Եվրոպայից հրապարակային ձևով Թուրքիայի խավիարային դիվանագիտության բացահայտման հարցով, սա այն ալիքն է, որ մենք պետք է հասկանանք՝ Հայաստանը կարող է դառնալ զարգացող աշխարհի մաս: Դիվանագիտությունը դանդաղ է գործում, բայց կարող է ավելի կայուն գործել: Մինչդեռ դիվանագիտությունը և փափուկ ուժը, մշակութային քաղաքականությունը, հասարակության փոփոխությունները բերում են շատ ավելի լուրջ փոփոխությունների: Սա է այն դաշտը, որ ՀՀ-ն կարող է դառնալ ազատ աշխարհի մաս»:
Կարդացեք նաև
Արևելագետ Սարգիս Գրիգորյանը համոզված է՝ պետք է այս պատերազմը լինի շրջադարձային. «Այն մեզ պետք է մղի մտածողության փոփոխության, ընդհանրապես փոխակերպումների՝ մարդ-մարդ, պետություն-պետություն, պետություն-հասարակություն հարաբերություններում: Այդ փոխակերպումները, ցավոք, դեռ չեմ տեսնում»:
Սարգիս Գրիգորյանը կարծում է՝ ՀՀ-ն արտաքին քաղաքականության ոլորտում պետք է լինի պրոակտիվ. պոստ ֆակտում արձագանքները ոչ մի տեղ չեն տանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ