Դիլիջանի քաղաքային այգում այսօր անցկացվեց «Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը։
Փառատոնի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի բոլոր մարզերից արհեստ –արվեստների ցուցանմուշներ` սկսած գորգարվեստից, ասեղնագործությունից, դարբնագործությունից մինչև կերպարվեստ, տիկնիկագործություն, ազգային զարդարանքներ, ազգային տարազներ և այլն։
Կարդացեք նաև
Մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել վարպետության տարբեր դասերին՝ վարպետների ուղղորդմամբ։
Փառատոնի ընթացքում տարբեր մարզերից տեղացիները իրենց տաղավարներում ներկայացրեցին տեղական ազգային խոհանոցը և բարիքները։
Փառատոնին մասնակցում էին նաև Արցախի բնակիչները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Լոռու մարզ և այնտեղ իրենց ավանդական ժենգյալով հացի փոքրիկ բիզնեսն են բացել։
Միջոցառման կազմակերպիչ և համահեղինակ Մարիա Մինասյանը իր ելույթում նշեց, որ արդեն 9 տարի Դիլիջանում կազմակերպվում է փառատոնը, որտեղ Հայաստանի տարբեր մարզերից տեղացիները կարողանում են ներկայացնել իրենց մշակույթն ու առանձնահատկությունները.
«Այս փառատոնը միջմշակութային երկխոսություն է։ Այսօր մենք ունենք հատուկ ժյուրի բոլոր մարզերից ընտրված, որը շրջելու է միջոցառմանը իրենց մարզը ներկայացնող տաղավարներում և քվեարկության արդյունքում 10 անվանակարգերում հաղթող մարզերի տաղավարները մրցանակներ են ստանալու։ Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մարզերը այսօր մասնակցում են փառատոնին և ներկայացնում են իրենց մշակույթը, քանի որ այս փառատոնը ոչ թե տոն է, այլ ամեն տարի անցկացվող իրադարձություն է։ Նրանք, ովքեր արժևորում են հայկական մշակույթն ու ավանդույթը պետք է ամեն տարի լինեն Դիլիջանում և միասին նշենք այս օրը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ