Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման». Տիգրան Արզաքանցյանն իր թիմով լքեց ՀԴԿ-ն

Սեպտեմբեր 25,2021 19:06

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն անդամագրված գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։

Այս մասին Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց այսօր, «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում: Պատճառը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքներն են: Թեեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, Տիգրան Արզաքանցյանը պնդում է, որ պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորաբար, ըստ Տիգրան Արզաքանցյանի, միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն:

Սակայն Տիգրան Արզաքանցյանը լրատվամիջոցներից իմացել է, որ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանների հետ։ Նրան դուր չի եկել, որ նախկինում հանդիպումները լինում էին ՌԴ դեսպանի հետ, այժմ՝ այլ երկրների: Այս հարցերի շուրջ Տիգրան Արզաքանցյանը չի խոսել Արամ Սարգսյանի հետ, վերջինս ժամանակ չի գտել՝ զբաղված է եղել: Տիգրան Արզաքանցյանն էլ հապաղելու ժամանակ չունի:

«Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման։ Պետք է շնորհակալ լինել, մարդկային գործոնը պետք է կյանքում չմոռանալ։ Ամեն ինչի մեջ պետք է լինի մարդկային գործոնը: Քարոզարշավի ժամանակ որտեղ գնում էի, գոռում է՝ Դեմոկրատական կուսակցություն, 15 համարը, ժողովուրդն էլ Արամ Գասպարիչին քանի տարի չէին տեսել: Մենք մեր համագործակցության ընթացքում, որպես գործընկեր, մաքուր իրար ենք եկել իրար հետ, գնացել ենք առաջ, բայց հիմա ես չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում»,- հայտարարեց Տիգրան Արզաքանցյանը։

Տիգրան Արզաքանցյանը նաեւ հայտարարեց, որ իր քաղաքական ծրագրերի մասին կհայտարարի եկող ամսվա սկզբին՝ համագումարում: Քաղաքականություն վերադառնալ նրան ստիպել է հայրենասիրությունը եւ նվիրվածությունը հայրենիքին. արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ծանոթացել է խնդիրներին եւ գտնում է, որ իր թիմակիցների հետ պետք է անի ամենը՝ երկիրն այս աղետից փրկելու համար:

Նա քննադատեց ուժային կառույցների ղեկավարներին, որ իրենց աշխատանքը չեն կատարում եւ երկիր մտած եւ մեր երկրում իրեն լպիրշ պահող թշնամուն դուրս չեն հանում. «Ճանապարհները փակում են, գերի են վերցնում, ում ուզում են՝ բաց են թողում… հասկանո՞ւմ եք, մենք մեր անկախությունն ենք ցույց տվել աշխարհին, բայց պետք է մեր անկախության հետ ժողովրդին մեր հայրենասիրական աշխատանքն էլ ցույց տանք, որ ժողովուրդը զգա, անվտանգ լինի: Մեր տնտեսությունը այն ձեւ պիտի զարգանա, որ մարդիկ գան էստեղ՝ իրենց անվտանգ զգան: Առանց դրա ներդրումներ չեն գա»:

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հարցերը քննող արտախորհրդարանական հանձնաժողով եւ տեղեկացրեց, որ այդ հանձնաժողովում գործի գիտակներ են ընդգրկված, որոնք պետք է արդյունավետ համագործակցեն խորհրդարանական հանձնաժողովի հետ: Ինքը խոստանում է, որ մեծ արդյունքներ են լինելու:
Տիգրան Արզաքանցյանը գոհ չէ իշխանության աշխատանքից, բայց նաեւ ընդդիմության աշխատանքն էլ չի տեսնում: Նա համագործակցության կոչ է անում, որպեսզի այս աղետից հնարավոր լինի դուրս գալ: Իր կողմից ստեղծվող ուժը դիրքավորվելու է ընդդիմադիր դաշտում եւ հավակնում է լուրջ ընդդիմադիր ուժ դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930