Խնդիրներից երկուսը, որոնց մասով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել են ՍԴ, վերաբերվում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Այս մասին այսօր ընդդիմադիր պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում՝ խորհրդարանում կայացած քննարկման ընդմիջմանը: Առաջինը Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցին է վերաբերվում: Արամ Վարդեւանյանը հիշեցնում է, որ Ալեն Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ եւս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, ավելին, կալանավորված էին:
Հաջորդ խնդիրն էլ վերաբերում է ԱԺ նիստերը վարելու կառուցակարգերին: Բանախոսի խոսքով, ընդդիմադիրներին նկատողություն են տալիս, զրկում ելույթի հնարավորությունից, իշխանականներին՝ ոչ: Արամ Վարդեւանյանն ընդգծեց՝ նիստը վարողի լիազորությունները պետք է լինեն հստակ:
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքին. դրա՝ մի քանի ժամվա ընթացքում ընդունվելը։ Արամ Վարդեւանյանը խնդրահարույց է համարում, նաեւ ծայրահեղ բացասական երեւույթ՝ խորհրդարանի հեղինակության տեսանկյունից. «Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»:
Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ առողջապահության նախարարի այն հրամանին, համաձայն որի՝ հանրային աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն թեստի բացասական պատասխան. «Պատվաստումը յուրաքանչյուր անձի գիտակցված որոշումն է, թող խոսեն, պարզաբանեն՝ ինչի համար է դա անհրաժեշտ պատվաստվել, բայց չպարտադրեն: ՊՇՌ հետազոտության ծախսը թող պետությունը կատարի: Եղած սոցիալական խնդիրներով հանդերձ՝ քաղաքացիներն ինչու՞ պետք է լրացուցիչ ծախս անեն, կամ ստիպված պատվաստվեն»: Այս հարցով ընդդիմադիրները նույնպես ՍԴ կդիմեն:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ են դիմելու նաեւ քաղաքական պաշտոնյաների պարգեւավճարների վերանայման հարցով. «Մենք խոսում ենք քաղաքական պաշտոնների մասին՝ պատգամավոր, նախարար, փոխնախարար. նրանք չպետք է ստանան պարգեւավճար, իսկ ստանալու դեպքում պետք է չափորոշիչներ լինեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ