Դատախազը գտնում է, որ կալանքի տակ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:
Այսօր այդ մասին դատախազը հայտարարեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստի ժամանակ: Քննարկվում էր գրավի դիմաց Արմեն Չարչյանին ազատ արձակելու միջնորդությունը: Դատախազն առաջարկեց հանձնաժողով կազմել, փորձաքննություն նշանակել՝ Արմեն Չարչյանի առողջական խնդիրների ուսումնասիրության համար, քանի որ իրավաբանները չեն կարող այդ հարցերով կարծիք հայտնել եւ որոշումներ կայացնել՝ նկատելով, որ գրիպով հիվանդանալն էլ առողջական վիճակի փոփոխություն է, բայց նման պարագաներում խափանման միջոց չի փոխվում: Պաշտպանի ներկայացրած հիմնավորումները՝ իբրեւ ի հայտ եկած նոր հանգամանք, որոնք փաստում են Արմեն Չարչյանի առողջական վիճակի վատթարացման մասին, դատախազի համար հիմնավոր չեն:
Փորձաքննություն նշանակելու հետ կապված պաշտպանության կողմը խնդիր չի տեսնում՝ պնդելով, որ Արմեն Չարչյանի խափանման միջոցը պետք է փոխել, քանի որ երաշխիք չկա, թե ի՞նչ ընթացք կստանա նրա առողջական վիճակը:
Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը պատրաստ է վճարել 20 միլիոն դրամից սկսած՝ ցանկացած ողջամիտ գումար, քանզի առողջությունից թանկ բան չկա:
Կարդացեք նաև
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 18։00-ին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ