Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանում ավելի քիչ ապօրինի գույք բռնագանձվեց, քան ՄԻԵԴ վճռով փոխհատուցումներն էին. Արամ Վարդեւանյան

Սեպտեմբեր 25,2021 16:39

Փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպած սահմանադրականության խնդիրներ առաջացնող գործող իրավական ակտերի վերահսկման եւ դրանք ՍԴ ներկայացնելու նպատակի շուրջ քննարկման ժամանակ անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին:

Բանախոսը նկատեց, որ կադաստրային միասնական համակարգը ՀՀ-ում ներդրվել է 1997-ից, մինչդեռ օրենքում ֆիքսված ժամկետը 1991 թվականն է ու ստացվում է, որ մարդիկ որ որոշակի գույք են ունեցել եւ այն միայն 1997-ից գրանցելու հնարավորություն են ստացել, կարող են պետական մահակի տակ հայտնվել: Իրավաբանի կարծիքով, այստեղ հակասահմանադրականության դրսեւորում, նաեւ վաղեմության ժամկետի խնդիր կա:

Քննարկումը վարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հավելեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքը պետք է բռնագանձվի, դա վիճարկման թեմա չէ, բայց մի քանի ելակետեր կան, որոնցից առաջինն այն է, որ դա պետք է լինի օրինական ձեւով:

Նա հիշեցրեց ապօրինի գույք բռնագանձելու Վրաստանի փորձը, որին հետեւեցին ՄԻԵԴ որոշումները ու ակնհայտ դարձավ, որ խիստ մեծ անհամաչափություն կա բռնագանձված ապօրինի գույքի չափի եւ պետբյուջեից, իբրեւ իրավունքի խախտում, վճարվող գումարների միջեւ: Երկրորդ նախապայմանն այն է, որ խնդիրը պետք է քաղաքական շահարկումներից զերծ լինի, մինչդեռ ՀՀ գործող իշխանության պարագայում դա երաշխավորված չէ:

Իր գնահատմամբ, այս օրենքը ուներ հստակ իրավաքաղաքական բաղադրիչ, այդ թվում նաեւ հանրությանը խոստումներ տալու տեսանկյունից, քանի որ քննարկումների ժամանակ ներկայացվում է, որ ապօրինի բռնազավթված գույքը վերադարձվելու է ժողովրդին, մինչդեռ օրենքում գրված է, որ վերադարձվելու է պետական բյուջե, իսկ ժողովուրդն ու պետական բյուջեն նույն հասցեատերը չեն: Պետական բյուջեն, մանրամասնում է Արամ Վարդեւանյանը, աղբյուր է, որտեղից շատ պետական ծախսեր են սպասարկվում, այդ թվում նաեւ չինովնիկների պարգեւավճարները: Բանախոսը կոչ է անում հստակ ասել ժողովրդին, որ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը չի ենթադրում ինչ-որ բան ժողովրդին վերադարձնել:

Իրավաբան Վարազդատ Հարությունյանն էլ, անդրադառնալով թեմային, ասաց, որ օրենքում հատուկ իրավակարգավորում մտցվեց, որպեսզի իշխանությանը դուրեկան մարդկանց վրա օրենքը չտարածվի: Այն է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ արդեն իսկ հարուցված վարույթը կարող է կարճվել՝ գլխավոր դատախազի համապատասխան ոլորտը կարգավորող տեղակալի կողմից: Բանախոսը նաեւ նկատեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին դիմումատուն վարույթի կողմ չի հանդիսանում եւ եթե վարույթը կարճվեց, նրան նույնիսկ տեղյակ չեն պահում այդ մասին, ուստի, հետագա բողոքարկման հնարավորությունն էլ է բացառվում: Ստացվում է, որ այս իրավակարգավորումը զտիչ մեխանիզմն է լինելու. «Ոչ ոք չի իմանալու, թե ապօրինի գույքի բռնագանձման ի՞նչ վարույթներ են հարուցվել»:

Շարունակելով՝ Արամ Վարդեւանյանը հավելեց, որ այս օրենքը նոր մեղավորներ նշանակելու համար է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930