Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չտանք Արմեն Չարչյանն արժանանա Մանվել Գրիգորյանի ճակատագրին. Էրիկ Ալեքսանյան

Սեպտեմբեր 25,2021 14:45

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում արտահերթ նիստ է հրավիրվել՝ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով:

Արմեն Չարչյանը տեւական ժամանակ գտնվում է հիվանդանոցում, այսօրվա նիստին էլ ներկա չէր՝ առողջական խնդիրների պատճառով:

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հիմնավորեց իր պաշտպանյալին ազատ արձակելու նախկինում հնչեցրած հիմնավորումները՝ հավելելով, որ պարոն Չարչյանի առողջական վիճակն է նաեւ վատացել, նա սուր ինֆարկտ է տարել:

Պաշտպանը հղում արեց Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումից հետո, պաշտպանության կողմը նոր ի հայտ եկած հանգամանքի շրջանակում կարող է նոր միջնորդություն ներկայացնել՝ մեղմ խափանման միջոցով փոխարինելու համար եւ դատարանին ներկայացրեց այն առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել այս ընթացքում։ Ըստ պաշտպանի, Արմեն Չարչյանի ինսուլինի օրական դոզան կազմում է 106 միավոր եւ նրա նկատմամբ պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելը կալանավորման պայմաններում հնարավոր չէ: Էրիկ Ալեքսանյանը չբացառեց Արմեն Չարչյանի մոտ սրտամկանի սուր ինֆարկտի կրկնվելու հավանականությունը՝ հիմնվելով բժշկական եզրակացությունների վրա:

Պաշտպանը խնդրեց Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի գրավով՝ ստեղծված իրավիճակից ելնելով, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորի կարգավիճակ, նա անձեռնմխելի է, անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, սակայն նա շարունակում է գտնվել անազատության մեջ։

Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ Արմեն Չարչյանը մեկ ամիս գտնվել է ազատության մեջ եւ քրեական գործին խոչընդոտելուն ուղղված գործողություն չի կատարել, ավելին, գործով վկաներն էլ են Չարչյանին աջակցում. «Եթե նրանց վրա մեկն ուզենա ազդեցություն գործադրել, չի՞ գործադրի նաեւ այն պայմաններում, երբ Չարչյանն անազատության մեջ է գտնվում, բայց դրա կարիքը չկա։ Այդ մարդիկ մեղադրական բնույթի ցուցմունք չեն տալիս»։

Փաստաբանը վկայակոչեց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, կալանքի տակ գտնվելն ու դրա հետեւանքը. «Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պետությունն ամեն ինչ արեց, անհամատեղելիությունը հաստատվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց հիվանդության պատճառով՝ անհամատեղելիության հարցի շրջանակներում։ Չենք կարող հերքել այն փաստը, որ դրանից կարճ ժամանակ անց Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ։ Չեմ վախենա ասել, որ Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացված արդարադատության պատճառով։ Եկեք, ինչքան կարող ենք, երկարաձգենք այս հարցը, ձեւական ընթացակարգի հետեւի ընկնենք, սպասենք փորձաքննության նշանակմանը, հանձնաժողովի ձեւավորմանը եւ եզրակացության ստանալուն, սակայն դա ինչպե՞ս կանդրադառնա Չարչյանի առողջական վիճակի վրա, գցենք երկրորդ պլա՞ն, չէ՞ որ անձի առողջությունը բարձրագույն արժեք չէ, Հայաստանում նման տպավորություն է։ Հարգելի դատարան, ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն»։

Հարցի վերաբերյալ կարծիք հայտնելուց առաջ, պաշտպանը դատախազին հորդորեց՝ այցելել պարոն Չարչյանին, տեսնել նրա իրական վիճակը:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930