Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել ՍԴ՝ վիրավորանքի քրեականացման դաշտ վերադառնալու գործով: Այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Ընդդիմադիր խմբակցություններն այսօր քննարկում են հրավիրել՝ սահմանադրականության խնդիրներ առաջացնող գործող իրավական ակտերի վերահսկման եւ դրանք ՍԴ ներկայացնելու նպատակով:
Հիշեցնենք, վերջին շրջանում, ընդդիմադիրների նկատմամբ արդեն քրեական գործեր են հարուցվել՝ ՔՕ-ում համապատասխան խստացումից հետո:
Քննարկմանը ներկա իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծիք հայտնեց, իրավական առումով անվիճելի է՝ ՔՕ-ում այդ նորմի խստացումը փաստում է հետընթացի մասին եւ հիշեցրեց, որ այս նորմի ապաքրեականացումը նաեւ Հայաստանի՝ ԵԽԽՎ անդամության շրջանակներում ստանձնած պարտավորություններից էր. «Եթե չեմ սխալվում, ներկայումս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը նույնպես այն ժամանակ քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար: Կարծում եմ, այս ամենը նույնպես փաստարկներ կարող են լինել, որ այս ինստիտուտի ոչ միայն իրավական, այլեւ բարոյական կողմն են կասկածի տակ դնում, որովհետեւ մի բան, որի դեմ դու պայքարել ես, հիմա նորից դարձնում ես դագանակ»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը ողջունելի է համարում խորհրդարանական ընդդիմության մոտեցումը՝ վիճելի դրույթներով ՍԴ դիմումներ ներկայացնելու, ի տարբերություն նախորդ շրջանի ընդդիմության, որն ի հեճուկս բազմաթիվ հորդորների միայն մեկ անգամ որոշեց օգտագործել ՍԴ դիմելու գործիքը, այն էլ մեկ ստորագրության բացակայության պատճառով չհաջողեց: Տեղեկացնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները արդեն վեց դիմում են ՍԴ ներկայացրել: Ըստ բանախոսի, այս գործիքը շատ կարեւոր է, անկախ նրանից, թե մենք որքանո՞վ ենք վստահում սահմանադրական արդարադատությանը: Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ տարբեր տեսանկյուններից, թե՛ որոշակիություն մտցնելու, թե՛ պրակտիկան ուղղորդելու հարցերում, այն կարող են արդյունավետ դառնալ:
Իբրեւ քննարկման թեմա Ռուբեն Մելիքյանն առաջարկում է նաեւ «օրինական պահանջի» ինստիտուտը, որի մասով էլ այս տարիների ընթացքում շատ կուտակված խնդիրներ կան. «Մենք դրան շատ ենք առնչվում հատկապես հանրային միջոցառումների ժամանակ, բայց կարող է նաեւ տեղ ունենալ շատ այլ իրավիճակներում, երբ օգտվելով, այսպես կոչված, օրինական պահանջ ներկայացնելու իրավունքից, ոստիկանության ծառայողը ներկայացնում է ակնհայտ անօրինական պահանջ, երբեմն նաեւ անիրագործելի պահանջ, որը չի կատարվում: Ասենք, օրինակ՝ դադարեցնել հավաքն այն դեպքում, երբ հավաք գոյություն չունի ու դրանից հետո անձի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, վարչական վարույթ է իրականացվում, անձը ազատությունից զրկվում է եւ այլն: Այս գործիքը լրջորեն չարաշահվում է մեր երկրում: Կարելի է ասել, դարձել է մի գործիք, որը հնարավորություն է տալիս ոստիկանությանը՝ իր համար ոչ ցանկալի ցանկացած մարդկանց խմբի հեռացնել ցանկացած վայրից»:
Նա հիշեցրեց վերջին դեպքը, երբ Եռաբլուրը եռապատկած անձինք այցելել էին Եռաբլուր եւ մի քաղաքացի կանգնած իր բողոքն էր արտահայտում, խոչընդոտելու որեւէ տարր չկա, բայց ոստիկանության գնդապետը տարածքից հեռանալու պահանջ է ներկայացնում եւ այդ անձին ոստիկանները կոշտ ձեւով հեռացնում են՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:
Բանախոսը հայտարարեց, որ իրենց կազմակերպությունում հաճախ են նման բողոքներ ստանում, այդ թվում նաեւ ոչ քաղաքական գործերով:
Քննարկմանը մասնակից փաստաբան Սերգեյ Հարությունյանն առաջարկեց ուշադրություն դարձնել նաեւ բռնության արդարացում, բռնության կոչեր սահմանող դրույթների վրա, որոնք նույնպես իշխանության ձեռքին գործիք են: Նա պնդում է, որ գլխավոր դատախազությունն այստեղ երկակի ստանդարտներ է կիրառում: Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ այս փոփոխությունն իրականացվել էր վերջին տարիների ընթացքում, այն նաեւ պատիժ է սահմանում «թուրքերին վիրավորելու համար»:
Փաստաբան Գայանե Պապոյանն էլ առաջարկեց ուշադրություն դարձնել նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին օրենքին, որի կիրառումը վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ դատախազությունը կիրառեց մասսայաբար: Գայանե Պապոյանը, հիշեցնենք, Շուռնուխի վարչական ղեկավարի եւ նրա եղբոր՝ Արարատ Աղաբեկյանի շահերի ներկայացուցիչն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ