ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը առանձին, հետո համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասվում է համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ծառացած չլուծված հարցերը: Համանախագահներն առաջարկել են հստակ թիրախային միջոցներ իրավիճակի ապաէսկալացման համար և հետագա քայլերի առաջարկ արել: Համանախագահներն ընդգծել են իրենց շարունակական ամուր աջակցությունն անհրաժեշտ գործողությունների ամբողջ ծավալին և ԵԱՀԿ նախագահության անձնական ներկայացուցչին ու նրա թիմին:
Սեպտեմբերի 24-ին համանախագահները և Կասպրշիկը հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ արտաքին քաղաքականության և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ՝ նրանց տեղեկացնելու վերջին մեկ տարում իրենց գործադրած ջանքերի, ինչպես նաև այդ գործընթացում վերջին իրադարձությունների մասին:
Համանախագահները ողջունել են 2020թ. նոյեմբերից հետո երկու արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ որպես երկու երկրների կողմից ուղիղ երկխոսության գործընթացում ներգրավվելու համաձայնության ազդակ՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը: Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ համաձայն իրենց մանդատի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված կամ դրանից բխած բոլոր մնացած խնդիրներին համապարփակ լուծում գտնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ