2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:
Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է նշված նորմի վերլուծության արդյունքում ձևավորված դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին:
Հարկ է հստակ արձանագրել, որ գործատուն որևէ կերպ իրավասու չէ սահմանափակելու աշխատանքից ազատվելուց հետո աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու իրավունքը: Նշված խնդրի մասնավոր դրսևորումներից է աշխատողին աշխատանքից ազատելիս նրա հետ վերջնահաշվարկ ընդհանրապես չկատարելը, ոչ ամբողջովին կատարելը կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ կատարելը:
2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ցանկացել է լուծել աշխատանքային պայմանագիրը, սակայն գործատուն սպառնացել է սեփական նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկ չկատարել: Խնդրի նման դրսևորման կապակցությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսդրությունն իրավական որևէ հիմք չի տալիս գործատուներին վերջնահաշվարկ կատարելու բացարձակ, իմպերատիվ օրենսդրական պահանջը դարձնել պայմանական, առավել ևս այդպիսով սահմանափակելով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու՝ աշխատողի իրավունքը:
Կարդացեք նաև
Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ կինն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Գործատուն վերջնահաշվարկի մի մասը հրաժարվում է կատարել, մասնավորապես՝ հրաժարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում տալ: Խնդիրը կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրամանի հավելվածով սահմանված է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը, որոնց մեջ մտնում է նաև ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը:
Ինչ վերաբերում է արձակուրդային բոլոր օրերի համար հատուցում տրամադրելուն՝ հարկ է վկայակոչել Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը, որում Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցումը կազմում է վերջնահաշվարկի մաս, ավելին՝ վերջնահաշվարկի մաս կազմում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցումը:
Այսպիսով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ անհրաժեշտ է մշտապես պահպանել օրենսդրության պահանջը՝ աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ