«Դրօշակ» – Սեպտեմբեր ամիսը այսուհետ ամրագրուելու է մեր գիտակցութեան մէջ հայութեան կեանքում տեղի ունեցած երեք կարեւորագոյն իրադարձութիւններով: 1991 թ. Սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Մարզային խորհրդի, Շահումեանի Շրջանային խորհրդի եւ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների համատեղ նստաշրջանը հռչակագիր ընդունեց ԼՂՀ հռչակման եւ նրա պետական իշխանութեան ու կառավարման ժամանակաւոր մարմինների ձեւաւորման մասին:
Նոյն 1991 թ. Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնութեամբ քուէարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետութիւն ստեղծելու օգտին:
29 տարի անց՝ 2020 թ. Սեպտեմբերի 27-ին, Ատրպէյճանը Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ պատերազմ սկսեց Արցախի դէմ, որի հետեւանքները ոչ միայն կործանարար եղան Արցախի համար, այլեւ լրջագոյն սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ամբողջականութեան եւ հետագայ ինքնիշխան գոյութեան համար:
Հայութեան՝ ազգային գիտակցութեամբ օժտուած հատուածի համար Արցախի ազատագրումը նորագոյն շրջանի ազգային գլխաւոր ձեռքբերումն էր, որովհետեւ անգամ Հայաստանի անկախութեան տեսլականը շատ աւելի իրականանալի հեռանկար ունէր, քան՝ Լեռնային Արցախի հայկականութեան պահպանումը եւ նրա ազատագրումը ատրպէյճանական լծից, իսկ հայկական Արցախի գոյութիւնը լուրջ պատուար էր դառնալու Հայաստանի համար՝ էականօրէն մեծացնելով միասնական հայրենիքի ընդհանուր ներուժը:
Կարդացեք նաև
Դաւադրական պատերազմից մէկ տարի անց, անդրադառնալով անցած ճանապարհին եւ ներկայ վիճակին, պարտաւոր ենք յանուն ապագայի յստակեցնել, թէ արդեօք թոյլ չե՞նք տուել այնպիսի ճակատագրական սխալներ, որոնք դեր են խաղացել ողբերգական հետեւանքների հարցում: Ինչո՞վ էինք զբաղուած տասնամեակներ շարունակ, երբ թշնամին, մանկապարտէզից սկսած, դաստիարակում էր իր ժողովրդին, թէ Ղարաբաղն իրենցն է, եւ այն ցանկացած գնով պիտի ետ նուաճեն: Երբ այդ թշնամին, իր նպատակներին հետամուտ, ամէն օր խնդիրներ էր ստեղծում հայկական կողմի համար սահմանային գօտում, մարտական շփման գծում, միջազգային կազմակերպութիւններում եւ ամէնուր, մենք հակադարձողի դերի մէջ գոհանում էինք, եթէ յաջողւում էր չէզոքացնել հակահայկական հերթական որոշումը միջազգային ատեաններում կամ ռազմական սադրանքը սահմանին:
Անցած 30 տարիներին թշնամի երկրում իշխող գաղափարախօսութեան եւ ներհասարակական մթնոլորտի պայմաններում չյայտնուեց մի «խաղաղասէր», որը կասկածի տակ կը դնէր Արցախի ատրպէյճանապատկանութեան հարցը կամ ակնարկ կ’անէր հրաժարուելու «դժբախտ, դժգոյն» բնակավայրերից, այնինչ ազգային-ազատագրական պայքարի ճանապարհ ընտրած հայութեան զանգուածներ ուսերի վրայ իշխանութեան բերեցին հայրենիք յանձնող օտարասուն խառնախմբի եւ ցաւի բթացած զգացողութեամբ չեն արձագանգում թէ՛ կորցրածի, թէ՛ հնարաւոր կորցնելիքի համար: Երեսուն տարի չաւարտուած պատերազմի երկիրը յաղթողի ու ամենակարողի ինքնահաւանութեամբ արհամարհեց ազգային գաղափարախօսութեան սերմանման, ազգային դաստիարակութեան, երկիրը հաւանական մարտահրաւէրների դէպքում ներքուստ առողջացնելու եւ նախապատրաստելու հարցերը: Երես առած երեխայի պէս հակառակորդը ցանկութեան դէպքում ե՛ւ բանակցեց, ե՛ւ զուգահեռաբար ձեռնարկեց ռազմական սադրանքներ ու երկու պատերազմ՝ թքած ունենալով, թէ ինչ կ’ասեն արտաքին ուժերը (որոնք այդպէս էլ նրան չդատապարտեցին, այլ միշտ երկու կողմերին նախատեցին հաւասարապէս): Այնինչ հայկական կողմը կարգապահ աշակերտի պէս միշտ ձգտեց դրսի ուժերին ապացուցելու, թէ ինչքա՛ն լսող է եւ պարտաճանաչ:
Ատրպէյճանը մշտապէս վարեց յարձակողապաշտ հռետորաբանութիւն, անընդհատ մեծացրեց իր ռազմական ներուժը, օտարերկրեայ պաշտօնական զօրամիաւորումների եւ ահաբեկիչ վարձկանների ներգրաւեց յանցագործ պատերազմի մէջ, երբեք թոյլ չտուեց, որ այլ արժէքներ դաւանող եւ ազգային-պետական ռազմավարութեան շուրջ անհամաձայնութիւններ ունեցող ուժերը գլուխ բարձրացնեն երկրի ներսում, իսկ Հայաստանը վախեցաւ անգամ ռազմաքաղաքական համաձայնագիր կնքել Արցախի հետ, վախեցաւ կամ քամահրանքով վերաբերուեց տարածքների բնակեցման հարցին եւ իր ծոցում տաքացրեց օտարի հինգերորդ շարասիւնը հանդիսացող ուժերի, որոնք պէտք էր խաղաղ տիրանային իշխանութեանը եւ քանդէին երկիրը: Անշուշտ երկար տարիների անպտուղ գործելակերպը չդարձաւ արցախեան պարտութեան ու չաւարտուած անձնատուութեան անմիջական պատճառը, սակայն այն հող նախապատրաստեց նրանց գալու համար, որոնց իշխանութեան օրօք հնարաւոր դարձաւ այն, ինչ եղաւ:
Արձանագրենք, որ բացարձակապէս անփորձ եւ անպատասխանատու նոր իշխանութիւնը ոչ միայն ունակ չեղաւ պաշտպանելու երկիրը հնարաւոր պատերազմից եւ դրա կործանարար հետեւանքներից, այլեւ նոյն թեթեւամտութեամբ պատրաստակամութիւն է դրսեւորում վաւերացնելու փաստաթղթեր, որոնք ոչ միայն Արցախի կորուստը իրաւականօրէն կ’ամրագրեն, այլեւ այնպիսի զիջումներ Հայաստանից, որոնցից յետոյ Հայաստանը առյաւէտ կը կորցնի անվտանգութիւնն ու ինքնուրոյնութիւնը պաշտպանելու հնարաւորութիւնը: Հայաստանի վերջին պարտուողական իշխանութիւնը, ձեռք ձեռքի տուած առաջին պարտուողական իշխանութեան հետ, փայփայում է այն յոյսը, թէ թուրք-ատրպէյճանական առաւելապաշտական պահանջները բաւարարելուց յետոյ Հայաստանը կը ստանայ յաւերժական խաղաղութիւն, բայց այդ անուրջները ոչ մի առնչութիւն չունեն ո՛չ պատմական դասերի, ո՛չ թուրքական ռազմավարական ծրագրերի եւ ո՛չ էլ աշխարհաքաղաքական յստակ իրողութիւնների հետ: Զգալով իր թոյլ տուած պատմական սխալների ծանրութիւնը եւ միւս կողմից պատանդ մնալով հայոց պարտութիւնների ծրագրի վերջնականացմանը՝ արկածախնդիր իշխանութիւնը արտաքին մարտահրաւէրներից շեղելու համար շարունակում է ժողովրդի ամբոխային կրքերը գրգռել ներքին դասակարգային պայքարով:
Համակողմանիօրէն ձախողուած իշխանութիւնը պատասխանատուութիւնից խուսափելու լաւագոյն պաշտպանական մարտավարութիւն է որդեգրել յարձակումը: Երկրի ճակատագրական հարցերում բացարձակ կրաւորականութեան պայմաններում շարունակւում է դատական հետապնդումների բազմասերիանոց շոուն: Ըստ էութեան, երկրում հաստատուած է մենիշխանական խունթայ, որի յենարանը ազգային անվտանգութեան եւ ոստիկանութեան ուժերն են: Ասուածի ամենաակնառու օրինակը ներկայիս խորհրդարանն է, որի միջանցքները լցուած են համազգեստաւոր ու ինքնաձիգներով զինուած մարդկանցով, որոնք հրաման ստանալուն պէս խուժում են նիստերի դահլիճ եւ ծեծում պատգամաւորների: Ընդդիմադիր տարբեր գործիչների, տեղական իշխանութեան ներկայացուցիչների հետ անօրինականօրէն ձերբակալուել ու փակի տակ են պահւում երկրի բարձրագոյն ներկայացուցչական մարմնի պատգամաւորներ: Ճնշման տակ է ազատ մամուլը, ուժային կառոյցների ծառայամիտ ղեկավարները պատրաստակամօրէն ժողովրդի դէմ են դուրս բերում բիրտ վարք դրսեւորող ուժերի՝ անկախ նրանից, թէ ինչի դէմ է ուղղուած հանրային դժգոհութիւնը: Իշխանութիւնը առանց վարանելու նորանոր օրինակներով փաստում է, որ իր համար երկրի բոլոր օրէնքները, այդ թւում՝ մայր օրէնքը, ոչ մի արժէք չունեն: Այս քաղաքական վարքի համար կրկնուող պատմական օրինաչափութիւն է նաեւ երկրի օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների կենտրոնացումը մէկ մարդու ձեռքում, ինչը սովորաբար վերածւում է անվերջանալի գործընթացի եւ աւարտւում է իշխանական համակարգի ու նրա կրողի կործանմամբ:
Նրանք, որոնք քուլիսների ետեւում խորհուրդներ են տալիս ինքնահաւան բռնապետիկին՝ սեփական փորձառութիւնից ելնելով, կարող էին ի հարկէ զգուշացնել վերջինիս, բայց նրանք էլ կարծես երանութեան մէջ են: Ներքին լսարանի առջեւ պատասխանատուութիւն չունենալով, իսկ արտաքին ուժերի կողմից լռութեան խրախուսանքի արժանանալով՝ գործող խունթան, «դրական ազդակներին» արձագանգելով, ընթանում է դէպի հերթական պարտաւորութիւնների կատարումը ազգի ոխերիմ թշնամիների նկատմամբ:
Կը գտնի՞ արդեօք բարոյալքուած, խաբուած ժողովուրդն իր մէջ բաւարար իմաստնութիւն եւ կամք՝ ոտքի կանգնելու եւ կանխելու այս գահավիժումը:
Պատասխանատու են բոլորը, քանի որ այս երկիրը ներկայի պատանդը չէ. այն աւելի շատ պատկանում է անցեալին ու ապագայի սերունդներին: Ոտքի կանգնելու, գործելու պատասխանատուութիւնը բոլոր նրանց ուսերին է, որոնք կարողունակ են եւ հայրենիքը վեր են դասում ամէն ինչից: