Մենք կռվեցինք մի համակարգի դեմ, որի մաս էր կազմում նաև մեր իշխանությունը: Այս դեպքում ո՛չ հաղթելու, ո՛չ էլ բարեկամ գտնելու հնարավորություն չունեինք: Ամենացավալին այն է, որ նույն խավարը շարունակում է մեզ իշխել նաև այսօր: Խոսքը համաշխարհային խավարի մասին է, որը մեզ իշխում է իր դրածո իշխանության միջոցով: Գնահատելով պատերազմից մեկ տարի անց մեր երկրում ստեղծված իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտն ու թելադրվող օրակարգերը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը:
«Այս առումով մեր առաջ մի խնդիր կա: Մենք չունենք մեր պետությունը, մենք կառավարվել ենք դրսից, ու հիմա կառավարողը հենց մեր թշնամին է: Որքան շուտ հրաժարվենք մեր գլխին թափվող կեղծ օրակարգից, կեղծ համակարգից ու մեզ ոչնչացնող, մեր ինքնությանը խորթ քաղաքակրթական այս մոդելից, այնքան փրկության շանսը կմեծանա: Իսկ այսօր առայժմ որևէ լույս չի երևում, որովհետև պատերազմը, մեծ իմաստով, չի ավարտվել: Այն ամեն օր շարունակվում է, ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում: Ցավը շարունակական է, մենք չենք կարող գնահատական տալ, քանի որ անընդհատ հարվածների տակ ենք: Մենք դեռ չենք սթափվել, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել: Միայն ատամը հանելուց հետո կարող ենք գնահատել այն, ինչ կատարվեց, բայց ատամնացավը, այս դեպքում՝ հոգու այս շարունակական ցավը, մեզ թույլ չի տալիս սթափվել: Աղետը շարունակվում է»,-նշեց ռեժիսորը:
Նրա խոսքով, ինչ-որ գնահատական տալու համար պարզապես պետք է լինել, գոյություն ունենալ: «Ամբողջ ցավն այն է, որ մենք այսօր գոյություն չունենք: Մենք այսօր գործոն չենք ո՛չ համաշխարհային քաղաքական դաշտում, ո՛չ նույնիսկ մեր երկիրը տնօրինելու հարցում: Այն, ինչ կատարվում է մեր հասարակության հետ, ոչ թե սոսկ հուսահատություն է, այլ հուսահատություն, որը ծնվում է անզորությունից: Եթե առաջ մտածում էինք՝ ինչպես ապրել, հիմա այլ հարց է առաջացել՝ իսկ ինչո՞ւ ապրել, որովհետև ամեն ինչն է անիմաստ դարձել: Անգամ ըմբոստ ոգին է մտածում՝ ենթադրենք՝ այս համակարգը փոխվեց, ի՞նչ է հաջորդելու, որովհետև անգամ ապագայի նկատմամբ ոչ մի հույս չեն թողել, որովհետև ամբողջ քաղաքական, համակարգային, գաղափարական դաշտն է ոչնչացված: Սա անգամ հուսահատություն չէ, սա անդունդն ընկնող մարդու ազատ անկման «վայելքն» է»,-ընդգծեց Խ. Չալիկյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում