Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում պարտվում կամ հաղթում է պետությունը

Սեպտեմբեր 25,2021 10:00

«ՔՊ»-ական պատգամավորներից մեկը, որը գեներալի կոչում ունի, ի պատասխան կին-լրագրողի՝ կորցրած տարածքների մասին հարցին, ձեռքերը պարզել է նրա ուղղությամբ ու բացականչել. «Գնայիք, պահեիք, չտայիք այդ տարածքները»: Ինչ խոսք, իշխանությունը որդեգրել է պարտության համար արդարանալու բավականին օրիգինալ մեթոդներ:

Բայց, մյուս կողմից, ընդունենք, որ այն քարոզչական թեզը, թե իբր ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է գնային ու պահեին իրենց հողը, բայց դա չարեցին, «ուտվում է» հասարակության մեծ մասի կողմից: Խնդիրն այն է, որ այդ մեծամասնության մեջ դեռեւս կա այն համոզմունքը, որ «խաղաղ պայմաններում» կարելի է ոչինչ չանել, բայց հենց որ պատերազմը սկսվում է, պետք է կամավորական ջոկատներ կազմել եւ գնալ կռվի, ու որքան բազմամարդ լինեն այդ ֆիդայական ջոկատներն, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը: 21-րդ դարում այդպիսի պատերազմ չի կարող լինել: Ի դեպ, հաջորդ պատերազմը կլինի ոչ միայն ԱԹՍ-ների, այլ, ենթադրում եմ, արհեստական բանականության լայն կիրառմամբ:

Ընդհանրապես, բոլոր ժամանակների համար կարելի է ասել, որ պատերազմը վարում են ոչ միայն բանակները (կանոնավոր եւ ցանկալի է՝ պրոֆեսիոնալ), այլեւ, նույնիսկ առաջին հերթին, պետությունները՝ իրենց տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, գիտությամբ, կրթությամբ եւ մշակույթով: Հայրենասիրությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը պետք է դրսեւորվեն թե՛ ռազմի դաշտում, եւ թե՛ բոլոր նշված ոլորտներում: Իսկ ամենից առաջ իշխանությունը պետք է դրսեւորի կառավարման, հասարակությունը համախմբելու իր ունակությունը:

Հետեւաբար, պատերազմի դրական կամ բացասական ելքի համար պատասխանատու է պետության առաջին դեմքը: Եթե ոչ միայն 680 հազար, այլ 3 միլիոն, կամ անգամ՝ 10 միլիոն հայ մտածի, որ նա այստեղ ոչ մի կապ չունի, ես, միեւնույն է, իմ կարծիքին կմնամ: Ֆիդայական պատմություններն, այո, ոգեւորիչ են, բայց որպես 21-րդ դարի պետության ու բանակի ռազմավարություն՝ անընդունելի:

Վերջերս վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաղթելու համար պարտադիր չի եւ գուցե պետք էլ չի հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել մահվանը։ Զուտ տեսականորեն դա որոշ դեպքերում կարող է եւ ճիշտ լինել: Բայց, եթե խոսքը անցած տարվա պատերազմի մասին է, ապա դժվար է համաձայնել, որ մենք պարտվել ենք հուսահատությանը կամ մահվանը: Մենք պարտվել ենք թուրք-ադրբեջանական բանակին՝ մեր պետությունը, մեր դիվանագիտությունը, մեր բանակն ավելի թույլ գտնվեց, քան այդ երկու պետություններինը՝ իրենց հնարավորություններով: Ավելի լավ է իրերն իրենց անունով կոչել, քան ընկնել հոգեբանական նրբությունների մեջ: Դրանք առանձնապես չեն սփոփում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. garo says:

    Մոբիլիզացիան պետության խնդիրնա: Նիկոլի ու Գագոների իշխանությունը ոչ դադարացրելա պատերազմը ոչ էլ երկրի ողջ ռեսուրսը մոբիլիզացրելա հաղթանակի համար: Ընդ որում խոսքը չի վերաբերում միայն մարդկանց մոբիլիզացնելուն:
    Իրանց հարցրեք իսկ ինչի պատերազմի հենց առաջին օրվանից երկրում եղած բոլոր պիկապները այլ հզոր շարժիչներով ամենաագնաց մեքենաները/համմեռ, յաշիկ/, բուլդոզեռներ, էքսկավատորներ չի հավաքվել մասնավորից ու ուղարկվել ճակատ՞

    Եթե զորքի տեղաշարժը դանդալոշ ուրալների փոխարեն արվեր յաշիկներով մենակ դրա հաշվին շատ ավելի քիչ զոհեր կունենանինք, զորքը շատ ավելի արագ ու մոբիլ կլիներ:
    Հաղթելու համար պարտադիր էր, որ ունենանք ուժեղ,վճռական, պատասխանատու ղեկավարներ ոչ թե դեղին մամուլի լրագրող ով դատարկ խոսալուց բացի ուրիշ ոչնչի պիտանի չի:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Վերջերս վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաղթելու համար…

    …պետք է միմիայն պարտվել: «Հաղթելու» համար պետք է հետեւողականորեն կազմաքանդել բանակը ու փչացնել հարաբերությունները միակ դաշնակցի հետ: «Հաղթելու» համար իհարկե պետք է այդ մասին նախօրոք պայմանավորվել կիրթ ու կառուցողական բորենու հետ՝ Դուշանբեի վերելակից Թիֆլիսով մինչեւ Դուբայ: «Հաղթելու» համար պետք է պատերազմի առաջին իսկ օրը բացեիբաց հայտարարել պողոսներին, որ մենք մեզ պարտված չենք ճանաչելու: «Հաղթելու» համար պետք է անպայման դառնանք թուրքական վիլայեթ՝ դժբախտ ու դժգույն դարձնելով բոլոր հայկական քաղաքներն ու գյուղերը, լճերն ու ճանապարհները…

    Բայց, եթե խոսքը անցած տարվա պատերազմի մասին է, ապա…

    …պետք է վստահորեն ասել, որ դա շատ տարօրինակ պատերազմ էր: Աննախադեպ տարօրինակ պատերազմ՝ աննախադեպ դավաճանությամբ, անհայրենիք գերագույն գլխավոր ոչնչության աննախադեպ ծրագրով…

    Մենք պարտվել ենք թուրք-ադրբեջանական բանակին՝ մեր պետությունը, մեր դիվանագիտությունը, մեր բանակն ավելի թույլ գտնվեց

    Իրականում մենք չենք պարտվել թուրքերին՝ իրենք բայրաքթարներով ու նավթով. մենք պարտվել ենք նախ եւ առաջ լեւոնանիկոլիզմին՝ պարտվողականության, քիրվայականության, հողատվության, թրքահպատակության այդ զազրելի քարոզին: Զարմանալի չէ, որ մարտիմեկիզմով ու սերգոջանիզմով թունավորված պետությունը ոչ դիվանագիտություն ունի, ոչ էլ բանակ…

  3. Ruben says:

    «ՔՊ»-ական այդ գեղացի գեներալ-պատգամավորին «ծնեց» Վազգեն Սարգսյանը, աճեցրեց Ռոբերտ Քոչարյանը, գեներալ դարձրեց Սերժ Սարգսյանը (Սերոժը), պատգամավոր կնքեց Լեւոն տ-Պետրոսյանի կադրավիկ Անդո Քոչարյանը՝ ի ծառա գլխավոր հովիվի:
    «հաղթելու համար պարտադիր չի եւ գուցե պետք էլ չի հաղթել ուրիշներին»
    Պարտվելու համար պարտադիր չի եւ գուցե պետք էլ չի պարտվել ուրիշներին՝ բավական է լինել անգրագետ, վախկոտ եւ հիմար գեղացի:

  4. Լավատես says:

    Երբ մեր հերոսներն են գերակշիռ ուժ դառնում ժողովրդի մեջ, մենք հաղթում ենք, երբ մեր ոչհերոսներն են հաղթում հերոսներին ժողովրդի մեջ՝ ունենում ենք այն, ինչ այսօր ունենք: Այդ ոչհերոսներն էլ են մեր ժողովրդի օրինական մասը, բայց նրանք ենթարկվող տեսակն են, նրանք կառավարող տեսակ չեն, կառավարում է միայն հերոս տեսակը, ով վերանձնական վերազգային ամբիցիաներ ունի, ով ամեն օր իր վրա աշխատում է, որ վաղը հաղթի իր նմանների հետ մենամարտում, իսկ ոչհերոսը ի տարբերություն հերոս տեսակի, ունի միայն ներանձնական եւ ապազգային ամբիցիաներ եւ միշտ կենթարկվի բոլոր հերոսներին, բացի իր հարազատ հերոսին՝ նույնիսկ եթե ոչ հարազատ հերոսը իր թշնամին լինի: Բայց ե՞րբ է մեր հերոսը զիջում թույլ ու ենթարկվող մեր ոչհերոսին՝ երբ խղճում ու ենթարկվում է մեր այդ ոչհերոսին, իսկ դրանով հանձնում մեր ոչհերոսին թշնամու զոհասեղանին, ոչհերոսի համար թշնամին միշտ գերադասելի է, քան հարազատ հերոսը, դա է ենթարկվողի անգրագիտությունը եւ հոգեբանությունը: Սա շատ նուրբ հարց է, միայն առանձնահատուկ ջերմագույն սիրով եւ մեծագույն հետեւողականությամբ մեր հերոսը կարող է մեր ոչհերոսի սիրտը շահել եւ դրանով զերծ պահել նրան թշնամու հանդեպ ստոգհոլմյան սիրուց եւ զոհասեղանից: Մեղքն իհարկե մեր պապերինն է, ովքեր իրենց ներանձնականը գերադասեցին վերանձնականից եւ այդյունքում այսօրվա մեր վիճակը՝ դա հերոս պապերի եւ ոչհերոս պապերի գործերի կամ ուժերի հավասարազորն է, բալանսը, վաղը մեր թոռների թոռները նույն բանը կասեն իրենց պապերի մասին: Նույնն էլ հոգեւոր դաշտում է՝ ունենք եւ հերոս հոգեւորականներ, եւ ոչհերոս հոգեւորականներ եւ հոգւոր դաշտում էլ նույն պատկերն է՝ մեր դուխները բարձրացրին մինչեւ ամպերը, հետո շրմփոցով մեր դուխները գետնով տվեցին, նույնն էլ ֆուտբոլում եւ բոլոր բնագավառներում, սա կռիվ է հայի ոգու համար եւ միայն հերոս տեսակի ոգին կարող է հաղթել այդ կռվում: Առաջարկս՝ ով պատրաստ է վերանձնական եւ վերազգային նպատակներ իրականացնելուն, նրանց հավաքագրել եւ ուղարկել դասընթացների ու վարժանքների՝ ժամանակն է մենք էլ պաշտպանենք մեզ նմաններին՝ մարդկանց ու ժողովուրդներին, ում հերոսական մարդկային ու ազգային ոգին են փորձում ոչնչացնել՝ շունն էլ կծելուց առաջ հաչում է՝ եթե վախեցար, կհարձակվի, եթե չվախեցար, ինքը կվախենա ու կթողնի կփախչի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930