Տիկտոկը «ծնվել է» 2016թ. սեպտեմբերին, մեկ տարի անց այն դառնում է ամենաշատ ներբեռնված հավելվածներից մեկը: Չինական հավելվածի օգտատերերի մեծ մասը հնդիկներն են, իսկ երկրորդ հորիզոնականում ամերիկացիներն են, Հայաստանն այս ցուցակում առաջատար չէ, բայց հարյուրավոր հայ օգտատերեր ամեն օր ակտիվորեն հոլովակներ են նկարում իրենց հետեւորդների համար:
Տիկտոկում երբեմն տարածվում են տիկտոկյան լեզվով ասած՝ lifehack-եր կամ փորձարկումներ, որոնք կրկնելու դեպքում հնարավոր է ինքդ քեզ կամ դիմացինին վնաս հասցնես կամ էլ անիմաստ ժամանակի կորուստ ունենաս: Դրանք կայծակնային արագությամբ են տարածվում հատկապես դեռահասների շրջանում:
«Մի անգամ Տիկտոկում տեսա, թե ինչպես է մի տղա ձեռքի վրա փրփուր լցնում ու այրում, որի միջոցով գեղեցիկ վիդեո է ստանում, որոշեցի ինքս էլ փորձել»: Եվ մինչ 17-ամյա Անահիտը կհասցներ հարմար տեղավորվել՝ նրա մազերը բռնկվեցին եւ այդ փորձից իրեն «նվեր» մնացին այրված մազերը:
Տիկտոկ սոցիալական ցանցը «մագնիս է» մանկապիղծների համար: Դեպքեր են եղել, երբ կեղծ օգտատերերը երեխաների հետ շփվել են հավելվածի միջոցով, երեխաները կիսամերկ նկարներ են ուղարկել, ապա այն հրապարակելու սպառնալիքով իրենցից պահանջել ու ստացել են գումար:
Կարդացեք նաև
36-ամյա Միլենան ծրագրավորող է եւ վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել Տիկտոկյան հարթակը.«Տիկտոկը բացարձակ անվտանգ տեղ չէ, այն էլ երեխաների համար: Այնտեղ կարող է նաեւ սեռական ոտնձգություն լինի: Ամեն ծրագիր, որը թույլ է տալիս նամակ գրել, կարող է օգտագործվել հանցագործների կողմից: Տիկտոկը չունի անվտանգության այնպիսի խիստ պահանջներ, որոնք պարբերաբար ջնջում են հավանական վտանգավոր հաշիվները: Մանկապիղծները սիրում են նայել պարող ու երգող երեխաներին»:
Հոգեբան Անի Խուդոյանի պնդմամբ՝ Տիկտոկն առաջին հերթին ազդում է երեխայի ու դեռահասի արժեհամակարգի վրա: Տեղի է ունենում բացասական վարքի կրկնօրինակում, ժամանակի անիմաստ կորուստ եւ կախվածության առաջացում:
Մասնագետների կարծիքով դպրոցներում պետք է երեխաներին դասավանդեն Մեդիագրագիտություն առարկան, որի միջոցով երեխային կբացատրեն՝ ինչպես պետք է օգտվել սոցցանցերից եւ ինչպես պետք է ներկայանալ մեդիա հարթակում:
Այսպիսով կարող ենք ասել, որ Տիկտոկը լինելով ժամանցային հավելված, իր մեջ պարունակում է նաեւ այնպիսի բովանդակությամբ հոլովակներ, որոնք վտանգ են ներկայացնում եւ հոգեբանական վնասներ են հասցնում հատկապես երեխաներին ու դեռահասներին:
Հասմիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում