Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան․ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման օրակարգն ամենևին էլ անվտանգ չէ Հայաստանի համար. «Փաստ»

Սեպտեմբեր 25,2021 09:25

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են միմյանցից «դրական ազդակներ» ստանալ: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երրորդ կողմի միջոցով Նիկոլ Փաշինյանի կողմից հանդիպելու առաջարկ է ստացել: Թուրքագետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել ենք փոխադարձ մեսիջների, դրանցից բխող վտանգների մասին:

«Դեպքերի նման հաջորդականությունն ակնհայտ է դարձնում այն փաստը, որ տեղի է ունենում հայ-թուրքական որոշակի գործընթաց, որի մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում, սակայն որևէ կերպ պաշտոնական հաստատում չէր ստանում: Այդուհանդերձ, փաստորեն, այդ լուրերը ճիշտ էին: Այս ամբողջ գործընթացի ոճը հուշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման օրակարգն ամենևին էլ անվտանգ չէ Հայաստանի համար. այդ օրակարգը շարունակում է ձևավորվել թուրքական նախապայմանների ոգով, որոնցում Թուրքիայի կողմից որևէ լուրջ փոփոխություն չի նկատվում: Իհարկե, եթե չարձանագրենք, որ զավթելով Արցախի մի հատվածը՝ Թուրքիան այժմ արդեն ոչ թե պահանջում է հողերի վերադարձ Ադրբեջանին, այլ Հայաստանից պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի մնացած մասը ներառյալ: Դեպքերի վերոնշյալ հաջորդականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ առկա գործընթացը հասարակության լայն շերտերին շրջանցելով է տեղի ունենում: Ասում են, թե պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց չի խոսվում այն մասին, որ պատրաստ չենք մեր ազգային ու կարևոր նպատակներից որևէ զիջում անել»,-«Փաստի» հետ զրուցում ասաց Ռ. Մելքոնյանը:

Նա այս համատեքստում խոսեց դիվանագիտության մասին. «Ինձ մոտ կասկածներ կան, որ ԱԳՆ-ն լիովին և իր բոլոր գործառույթներով ներգրավված չէ այս գործընթացում: Հիշենք, որ փորձառու դիվանագետներ դուրս եկան ոլորտից: Միգուցե նրանց հեռացումն ինչ-որ առումով առնչվում է այս ամենի հետ: Համենայն դեպս, մենք տեսնում ենք, որ, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների նախորդ, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության փուլի, հիմա ԱԳՆ-ին շատ պասիվ, անգամ դիտորդի դեր է վերապահված: Նույնիսկ պարզաբանումները տրվում են ոչ թե ԱԳՆ-ի, այլ ավելի շատ վարչապետի մամուլի խոսնակի կամ տարբեր քաղաքական գործիչների մակարդակով: Սա առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ ԱԳՆ-ն ամբողջությամբ այս գործընթացում ներգրավված չէ: Սա ևս առաջացնում է կասկածներ առ այն, որ այս գործընթացում, երևի թե, անցնում են այն կարմիր գծերը, որոնք իր գոյության ամբողջ ընթացքում մեր պետությանն իր առջև է դրել ու որոնց պաշտպանությանն է միտված ԱԳՆ-ն և մեր դիվանագիտությունը»:

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը և հիշելով նախորդ իշխանությունների կառավարման տարիները, երբ Էրդողանն ինքն էր նամակ հղում ՀՀ ղեկավարին՝ Ռուբեն Մելքոնյանը նախ շեշտեց. «Նախևառաջ պետք է ֆիքսենք, որ Թուրքիան միշտ էլ Հայաստանի հանդեպ ընդգծված թշնամական վերաբերմունք է ունեցել ու միշտ էլ ձգտել է ներխուժել Հարավային Կովկաս, Արցախյան կոնֆլիկտ և այլն: Բայց անցած տասնամյակների ընթացքում մեր պետությանը հաջողվել է կասեցնել թուրքական ձգտումները: Բացի այդ, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Թուրքիային թույլ չէր տալիս ներխուժել Արցախյան կոնֆլիկտ: Հիմա իրավիճակը փոխվել է նաև մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով, որի պատասխանատուն, բնականաբար, ժամանակի իշխանությունն է: Հիմա Թուրքիան այսօր բացահայտ ընդգրկված է Արցախյան կոնֆլիկտի մեջ, Հարավային Կովկասի տարբեր խնդիրներում: Նախկինում ևս Հայաստանի հանդեպ թշնամական լինելով՝ Հայաստանի հետ շփվելու՝ Թուրքիայի գոնե հռետորաբանությունը և ոճը երբեք նման արհամարհական շեշտադրումներ չեն ունեցել: Խոսքը թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին է»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930