Արցախյան վերջին պատերազմի պարտությունից հետո, որի վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ են կատարվել, կնքվեցին 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի մեզ համար անընդունելի համաձայնագրեր, որոնց արդյունքում դիվանագիտական դաշտում մեզ լավ հեռանկարներ չի սպասվում: Նոյեմբերի 9-ից հետո, պայքարը մտել է դիվանագիտական դաշտ եւ ըստ իս, այդ ժամանակահատվածում այս դաշտում եւս մենք թույլ ենք տվել ու տալիս բավականին սխալներ, որոնց «պտուղները» վայելում եւ վայելելու ենք դեռ երկար ժամանակ:
Դիվանագիտական հնարքներին զուգահեռ, թշնամին ամեն դեպքում չի թաքցնում, որ ցանկանում է բացել իր համար օդ ու ջրի պես անհրաժեշտ միջանցքը, որն իրար կկապի Բաքուն, Նախիջեւանը եւ Թուրքիան, որի շնորհիվ իր բազմապիսի խնդիրները լուծելուց զատ, մշտապես վերահսկողության տակ կպահի Հայաստանի ողջ տարածքը ու անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի մեր երկրի ողջ երկայնքով սանձազերծելով լայնածավալ պատերազմ:
Թե Հայաստանի այս թուլացած վիճակում դա ինչ կարող է նշանակել, կարծում եմ՝ բոլորին է հասկանալի: Իհարկե, թշնամու այս ծրագրի իրականացումը բավականին բարդ է, որի պատճառով նրանք պետք է ամեն ինչ սկսեին բավականին նուրբ՝ արտաքուստ իրենց մշտական ձեռագրին շատ հարիր, ներքուստ՝ քողարկված քայլերով, որոնցից առաջինը մայիսի 12-ից սկսած, մի քանի ուղղություններով նրանց ներխուժումն էր Հայաստանի տարածքներ՝ Սեւ լիճ, Շորժա եւ էլի որոշ բնակավայրեր: Կարծում եմ, ըստ նրանց հաշվարկների, նախքան իրենց ներխուժումը, նրանք այդ վայրերում պետք է հանդիպեին մեր բիրտ դիմադրությանը եւ անմիջապես ետ շպրտվեին, որը, սակայն, տեղի չունեցավ, որն ամենայն հավանականությամբ անակնկալի բերեց թշնամուն, սակայն նրանք սահուն առաջնորդվեցին իրենց ծրագրի անհավանական՝ պահեստային տարբերակով, չցուցադրեցին իրենց զարմանքը ու հանգիստ կերպով՝ կարծես իրենք հենց այդպես էլ հաշվարկել էին, սկսեցին առաջ շարժվել, որքան որ հնարավոր էր, խորանալով մեր տարածքներից ներս: Դա նրանց ծրագրի ամենակրիտիկական կետն էր եւ փաստացի չհանդիպելով որեւէ դիմադրության (դա շատ նման էր նրան, որ կարծես կողմերի միջեւ կար հստակ պայմանավորվածություն), նրանք փայլուն հաշվարկներով, վայրկյան-վայրկյան շարժվեցին առաջ, աստիճանաբար մեծացնելով գրավվող տարածքները եւ իրենց զինվորների թվաքանակը:
Բնականաբար, նրանք իրենց հետագա քայլերին զուգահեռ, միեւնույն է, ամեն վայրկյան սպասում են, թե տեսնես էս հայերն ինչ ծուղակ են պատրաստել իրենց համար, որը ցանկացած պահի կարող են իրականացնել ու հուժկու հակահարվածից հետո, իրենց դուրս կվռնդեն հայկական տարածքներից: Ասվածի մեջ զարմանալի ոչինչ չկա, ավելին՝ այն շատ բնական է, քանզի ցանկացած ազգ, ժողովուրդ հենց այդպես էլ կվարվեր, եթե ներխուժեին իր սուվերեն տարածք:
Կարդացեք նաև
Այս ամենի արդյունքում թշնամին մինչ այսօր Հայաստանի տարածքներում է, ամրապնդում է իր գրաված դիրքերը եւ օր օրի ավելի է խորանում նշված տարածքներից ներս, ավելի շատացնում է իր զինվորների թիվը եւ շատ ավելի մեծ անհանգստություններ է պատճառում հարեւանությամբ ապրող բնակչությանը: Տպավորությունն այնպիսին է, կարծես մերոնք պետական մակարդակով հրաման են ստացել, որ ոչ մի պարագայում լուրջ դիմադրություն ցույց չտալ, ուղղակի նրանց կրակահերթերին երբեմն-երբեմն պատասխանել կրակոցներով: Փաստացի, Արցախի մեծ մասի հանձնումից հետո, 4 ամսից ավելի է, ինչ թշնամին առանց որեւէ դիմադրության մտել եւ գրավել է սուվերեն Հայաստանի որոշակի տարածքներ եւ դրանցում անում է այն, ինչ ինքն է ուզում: Այլ խոսքով, թշնամին իրեն համարում է այդ տարածքների լիիրավ տերը:
Իսկ մերոնք ու աշխարհը ահա մոտ մեկ տարի է, ինչ միայն ասում են. պետք է որոշել Արցախի կարգավիճակի հարցը եւ օր առաջ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Եվ իշխանությունը, եւ աշխարհը կարծում են, որ դրանով (կարծում եմ, Արցախի կարգավիճակի հարցը լրիվ բլեֆ է) տարածաշրջանում կհաստատեն կայուն խաղաղություն, իսկ ժողովուրդը խոնարհաբար շնորհակալություն կհայտնի, որ վերջապես իրեն փրկեցին թուրքի ձեռքից:
Իսկ ինչ է կատարվում իրականում եւ ինչ է նշանակում այս ամենը: Թշնամին ոչ մի պարագայում դուրս չի գալու այդ գրավյալ տարածքներից, ավելին՝ փորձելու է գնալով դրանք մեծացնել ու հենց այդ խաղաքարտով փորձել Հայաստանին պարտադրել, որպեսզի նրանից ստանա այդքան երազած միջանցքի բացման թույլտվությունը: Այլապես, եթե հայերը չհամաձայնեն միջանցքի բացմանը, ապա իրենք հայերին կվերհիշեցնեն Արցախում տեղի ունեցածը եւ կփորձեն ահաբեկել, որ այս պարագայում իրենք պարտադրված կլինեն նույն սցենարով՝ լայնածավալ պատերազմի վերսկսումով, այս անգամ արդեն գրավել Հայաստանի 75 տոկոսը (բնականաբար, այս դեպքում զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիներն էապես ավելի շատ կլինեն) եւ հանգիստ կլուծեն ոչ միայն միջանցքի, այլեւ բազմաթիվ այլ հարցեր: Ահա, թե որքան չափազանց մեծ նշանակություն ունի այն իրողությունը, որ 4 ամսից ավելի նրանք գրավել են մեր մի շարք տարածքներ, գնալով ավելի խորանում եւ ամրապնդում են իրենց դիրքերը, իսկ մենք ծպտուն անգամ չենք հանում, որը ոչ այլ ինչ է նշանակում, քան այն, որ մենք լիովին համաձայնել ենք այդ տարածքների հանձնմանը:
Փաստորեն, մայիսի 12-ին թշնամին անհույս փորձ արեց ներխուժել Հայաստանի որոշ տարածքներ, համարյա համոզված լինելով, որ իրենց լրջորեն կդիմակայեն եւ ետ կմղեն (փորձը՝ փորձանք չէ սկզբունքով) եւ եթե հրաշք լինի ու դա իրենց հաջողվի, ապա կփորձեն ժամանակի ընթացքում ավելի առաջ գնալ եւ լավ դիրքավորվել, որը եւ նրանց հաջողվեց: Իսկ այդ քայլի հիմնական նպատակն այն էր, որ տարածքների գրավումով՝ նախ հերթական հաղթանակը կտանեն հայերի նկատմամբ եւ երկրորդ, իրենց դիրքերի ամրապնդումը հենց Հայաստանի բուն տարածքում, կդառնա նրանց հետագա ճնշումների (սակարկումների) հնարավորության մեծացումը՝ միջանցքի բացման թույլտվության, ինչու ոչ, նաեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման առումով: Այնպես որ, սա թշնամու համար բավականին խորը հաշվարկած ծրագիր, ինչպես նաեւ ուժեղ կռվան է, վերը նշված հարցերում նոր հաջողություններ գրանցելու համար:
Եթե Արցախյան վերջին պատերազմի խայտառակ պարտությունից հետո անգամ, այս պարզունակ հաշվարկները չենք հասկացել, ապա դատապարտված ենք հաշտվելու մեր հերթական անհաջողությունների իրականություն դառնալու բազում այլ փաստերի հետ …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2021