Հարցազրույց «Թղթախաղ» գրքի հեղինակ եւ «Սանիտարը» գրքի համահեղինակ Մելիք Հակոբյանի հետ
– Մելիք, ինչո՞ւ մտաք գրականություն եւ ի՞նչն է մղում, որ գրեք։
– Իմ ամենակարեւորագույն սկզբունքը ստեղծագործելիս իրական կերպարներ կերտելն է։ Փորձում եմ գրերիս մեջ ընդգրկել այնպիսի հերոսների, որոնց ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել։ Սկսեցի ստեղծագործել, երբ դեռ 15 տարեկան էի։ Այսօրվա պես հիշում եմ Ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպի ազդեցության տակ գրեցի առաջին պատմվածքս։ Մայրս տպագրական մեքենայով տպեց այն ու գրքույկ պատրաստեց։ Աննկարագրելի զգացողություն էր։ Հետո արդեն անցա ծառայության ու այնտեղ էլ սկսեցի մարտական հերթապահությունների ժամանակ գլխումս պտտվող մտքերը գրի առնել նոթատետրում։ Հենց այդ տարիներին էլ բացեցի առաջին դետեկտիվ գիրքը` Ագաթա Քրիստիի «Արեւելյան ճեփընթացը» ու սիրահարվեցի այդ ժանրին։ Ամենայն անկեղծությամբ գլխումս ամեն վայրկյան մի նոր առեղծվածային պատմություն էր ծնվում։ Կարդալով դետեկտիվ գրականության հայերեն գրեթե բոլոր թարգմանությունները՝ մի պահ հասկացա, որ ժանրի սիրահարները ստիպված են այլ լեզուներով հագեցնել դետեկտիվի ծարավը։ Հետագայում իմ կողմից շատ սիրելի մարդկանցից մեկի` Հակոբ Շալոյանի հետ տպագրեցինք մեր առաջին համահեղինակային գիրքը՝ «Սանիտարը»:
– Հնարավո՞ր եք համարում կամ երբեւիցե ձեզ հաջողվե՞լ է երազը իրականության վերածել։
– Մոտ 15 տարի ծառայելուց հետո երազներս դեռ շարունակում են «համազգեստով» լինել, իսկ այն հպարտությունն ու ուժը, որ զգում էի նայելով ուսադիրներիս, ցավոք, այսօրվա սպաները չեն զգում։ Երազներումս դեռ հզոր ու մարտունակ բանակի մի մասնիկն եմ ու եթե մի օր դա նորից դառնա իրականություն, ես ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինեմ։ Առհասարակ իմ երազները կատարվելու հատկություն ունեն ու նույնիսկ կան մարդիկ, որոնց տեսնելիս հստակ գիտեմ, որ եկել են որեւէ բան զգուշացնելու համար։ Այդ մասին իմ բոլոր մտերիմները գիտեն ու նույնիսկ մեկ-մեկ, երբ կարեւոր ընտրության առաջ ենք կանգնած լինում, կատակով հարցնում են. «պապիկիդ չե՞ս տեսել երազում»: Երազը մարդու ենթագիտակցության արտացոլանքն է, հետեւաբար այն սերտ կապված է իրականության հետ։ Միանշանակ, հնարավոր եմ համարում երազի իրականության վերածումը։
Կարդացեք նաև
– Ձեր տողատակերում ի՞նչ կարելի է փնտրել։
– Տողատակերում սոցիալական ծանր ու շատ կարեւոր խնդիրներ են։ Թեմաներ են, որոնց հետ յուրաքանչյուրս կարող ենք առնչվել։ Կաշառք, աղքատություն, մոլի խաղեր, մարդասպանություն, սոցիալական խնդիրներ ու ամենակարեւորը` պայքար դրանց դեմ։ Ստեղծագործություններիս հիմքում մարդկանց` հանցագործների վերածող դրդապատճառներն են։ Միանշանակ համոզված եմ, որ միջավայրն ու կենցաղային խնդիրներն ամենաազնիվ մարդուն էլ կարող են վերածել գազանի։ Փորձում եմ ընթերցողիս զերծ պահել ամենատարբեր բացասական երեւույթներից։ Ներսից ծանոթ լինելով հանցավորության դեմ պայքարին, այս մասով էլ ներկայացնում եմ օրինապահ համակարգի թե նվիրյալների ու թե սպայական ուսադիրներն ապականող տականքների։ Գրերումս կհանդիպեք աղքատ հանճարների, հարուստ անգրագետների, ազնիվ գողերի, սրբություն չունեցող հոգեւորականների, հավատացյալ հանցագործների, կհանդիպեք բոլոր նրանց, ում ամեն քայլափոխի փողոցում էլ եք հանդիպում։
– Մեկ համահեղինակային եւ մեկ հեղինակային գիրք ունեք… ինչո՞ւ պետք է ընթերցողն այն բացի։
– Պետք է բացի, եթե ժամանակակից հայկական դետեկտիվ-թրիլլեր է ուզում կարդալ։ Բնականաբար իմ ու Հակոբի առաջին գիրքն անթերի չէ, բայց վստահեցնում եմ, որ այն տարբերվող է ու չափազանց լարված։ Հավանաբար հաջողված գիրք էր, դատելով վաճառքի տեմպերից։ Տպաքանակը վաղուց սպառվել է։ Եթե չեմ սխալվում` միայն մի քանի օրինակ գրախանութներից մեկում է մնացել։
Այնպիսի թեմաներ ենք շոշափել, որոնց դեմ պայքարը ձախողելու արդյունքում այսօր հայտնվել ենք անելանելի վիճակում։ «Սանիտար»-ում թրաֆիքինգ կա, կաշառք կա, մարմնավաճառներ ու վաշխառուներ կան, մարդկային կյանքեր խորտակող ամենատարբեր արատավոր երեւույթների դեմ հուսահատ պայքար մղող օրինապահներ կան, կա սեր ու կյանք։
Իմիջիայլոց, գլխավոր հերոսը` Նանեն, շատ հաջողված կերպար է։ Բազմաթիվ ընթերցողներից կարծիք եմ լսել, որ «Սանիտարը» շատ տեսանելի վեպ է։ Եթե ընթերցանության ժամանակ գրքի էջերը վերածվում են մի մեծ էկրանի` ուրեմն միանշանակ գործը հաջողված է։ Մի ընկեր ունեմ, կատակով ասում է` Նանեին որ դրսում տեսնեմ, կճանաչեմ, մեկն էլ ասում էր` էնքան սիրեցի ձեր Նանեին, որ նույնիսկ սկսել եմ խանդել։
– Խոսենք նաեւ ձեր նոր գրքի մասին…
– «Թղթախաղը» դետեկտիվ է` որոշակի միստիկ երանգներով։ Ժամանակին հրապարակել էի սոցցանցում եւ անխտիր բոլոր ընթերցողներս վստահաբար ասացին, որ ես պարտավոր եմ այն տպագրել ու ստիպեցին հեռացնել ֆեյսբուքյան էջիցս։ «Արմավ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպվող Մարգարետ Դերանցի անվան գրական մրցույթին ներկայացրեցի վեպն ու այն հաղթեց։ Մրցանակը ստեղծագործության տպագրությունն էր։ Գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի հետ հաջորդ իսկ օրվանից, այսպես ասած, «կպանք գործին»։ Արմենի հետ դեռ «Սանիտարը» տպագրելիս էինք մտերմացել ու վստահաբար կարող եմ ասել, որ երկրորդ գիրքս տպագրելու վճռականության չափաբաժինը հենց նա է ներարկել։ «Թղթախաղը» սկսել եմ գրել 2016 թվականին ու կիսատ թողել, այնուհետեւ 2019-ին ավարտել։ Գլխավոր հերոսը փոխգնդապետ Դավիթ Մարզպանյանն է, որին ընթերցողս դեռ կապիտան ժամանակվանից գիտի։ Փոխգնդապետ Մարզպանյանն այն քննիչներից է, ում համար ստանալ բոլոր հարցերի պատասխանները պատվի հարց է։ Երբ նրան հրավիրում են սերիական մարդասպանի զոհերից մեկի կտակի վերծանմանը, փոխգնդապետը չի էլ կասկածում, որ ներքաշվում է մահացու խաղի մեջ։ Խաղ, որում ամեն գիշեր սեւերը սպանում են կարմիրներին, իսկ ցերեկը «խաղաղ բնակիչները» փորձում են բացահայտել ենթադրյալ չարագործին: Անտրամաբանական թվացող սպանությունները խաղի մի մասն են կազմում։ Ո՞վ է այս մահացու խաղի խաղավարը։ Սա կարող եք բացահայտել՝ կարդալով վեպը: Ընթերցողը կկարողանա Մարզպանյանի օգնությամբ պարզել՝ կարդալով վեպը։ Կրկին փորձել եմ շոշափել շատ արդիական ու չափազանց իրական խնդիրներ, որոնց դեմ ուղղակի պարտավոր ենք ամեն վայրկյան պայքարել։
– Դուք ինչպիսի՞ գրքեր եք նախընտրում կարդալ այս օրերին եւ ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք կարդալ մեր ընթերցողներին։
– Ինչպես նշեցի` դետեկտիվի սիրահար եմ։ Ու ամենավատը գիտե՞ք որն է` միայն դետեկտիվ եմ կարդում: Կարդում եմ ամեն օր, բայց միայն դետեկտիվ։ Ինքս գիտակցում եմ, որ դա, մեղմ ասած, լավ չէ, բայց միակ ժանրն է, որ կարդալիս երբեք չեմ թերթում առաջ, որպեսզի տեսնեմ՝ դեռ քանի էջ կա, որ տվյալ գլուխն ավարտվի։
Վերջերս ինձ համար հայտնաբերել եմ դետեկտիվի սկանդինավյան հեղինակներին` Յո Նեսբյոյի գլխավորությամբ։ Այս հեղինակի գործերն ուղղակի գլուխգործոցներ են ու լինելով ամենատարբեր հեղինակների գործեր կարդացած ընթերցող, հաճախ եմ դեռ գործը չավարտած կռահում, թե ով է հանցագործը, բայց Նեսբյոյի պարագայում սա գրեթե անհնար է։ Շատ եմ հավանում նաեւ Դեն Բրաունի գործերը։
Ես նրա ստեղծագործություններն անվանում եմ վիքիպեդիայով կարդալու գործեր։ Սիրում եմ, երբ ինֆորմացիան ստուգելու կամ ավելի լավ պատկերացնելու համար օգտվում ես համացանցից ու գտնում այս կամ այն վայրը, երեւույթը, անհատին…
Կուզենամ առանձնացնել նաեւ Ֆրանկ Տիլիեյին ու Ժան Քրիստով Գրանժեին։ Ցավոք, այս հեղինակներին էլ եմ ստիպված ռուսերեն լեզվով կարդալ։ Խորհուրդ կտամ կարդալ այնպիսի գրքեր, որ կորցնեք ժամանակի եւ իրականության զգացողությունը:
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2021