Լրահոս
Օրվա լրահոսը

Զեփյուռն իր գաղափարները վերցնում է երազներից

Սեպտեմբեր 25,2021 12:30

Նկարչուհին տարակուսում է, որ նկարիչների ու դիզայներների աշխատանքին մարդիկ լուրջ չեն մոտենում

Սկզբում յուղանկարչություն, իսկ հետո հասկացավ, որ համակարգչով աշխատելը ավելի հեշտացնում է իր գաղափարների իրագործումը: 21-ամյա նկարչուհի Հասմիկ Առաքելյանը, կամ ինչպես իրեն են բոլորը դիմում` Զեփյուռը, արդեն 5 տարի է՝ իր նկարազարդումները ստեղծում է հենց համակարգչային գրաֆիկայի միջոցով:

«Շատերին թվում է, թե պիտի թղթի վրա նկարել սովորես եւ նոր անցնես համակարգչին, բայց նման կանոն չկա. մեկ է վերցնելու ես ու նորից գիծ նկարելուց սկսած սովորես: Այնպես որ, եթե ուզում եք նկարել, ընտրեք ցանկացած գործիք եւ ուրիշներին մի լսեք, ուղղակի աշխատեք»,- պատմում է Հասմիկը:

Երիտասարդ նկարչուհին իր նկարների գաղափարները վերցնում է երազներից եւ դիցաբանությունից: Իսկ սյուրռեալիզմի հանդեպ հետաքրքրությունը ոգեշնչում է ստեղծել անիրական նկարազարդումներ:

Դժվարությունների մասին խոսելիս Զեփյուռը նշեց, որ բոլոր նկարիչներն էլ ունենում են խնդիրներ եւ հաճախ դրանք իրար շատ նման են: «Օրեր են լինում, երբ ստեղծագործել ընդհանրապես չի ստացվում: Չգիտես ինչի՞ց սկսես ու ի՞նչ նկարես: Գրաֆիկան առավելություն ունի. մի սովորական գծից կարող ես մեծ արդյունք ստանալ: Հետաքրքիր է, երբ սկսում ես աշխատել` չիմանալով, թե վերջում ինչ արդյունք կունենաս: Յուղաներկերով կամ մատիտներով նկարելիս այդ հնարավորությունը միշտ չէ, որ լինում է»,- նշում է Հասմիկը:

Զբաղվելով եւ յուղանկարչությամբ, եւ գրաֆիկ նկարչությամբ՝ Զեփյուռը վստահեցնում է. դրանք որքանով իրար նման են, այդքան էլ տարբեր են, եւ մեկը մյուսին երբեք չեն փոխարինի: «Յուղանկարչության մեջ ֆիզիկական էներգիա ես փոխանցում նկարին: Շփումը ներկերի, վրձինների հետ չես համեմատի գրաֆիկ նկարչության ընթացքի հետ: Իսկ համակարգչով նկարելիս հաճելի է, երբ միանգամից քո մտքերը տեղափոխում ես էկրանի վրա»:

Հասմիկը նկատում է, որ հաճախ նկարիչների եւ դիզայներների աշխատանքին մարդիկ լուրջ չեն մոտենում: Այն համարում են հետաքրքիր զբաղմունք, բայց ոչ մասնագիտություն: Իսկ թե ինչքան ջանք, ժամանակ եւ հոգեպես էլ մեծ էներգիա է վատնում նկարիչը ողջ ընթացքում, տեսնել քչերին է հաջողվում:

«Իմ կարծիքով՝ արվեստը չի լինում լավը կամ վատը, այն կամ կա, կամ չկա: Իսկ մեր երկիրն այնքան տաղանդներով, արվեստով եւ մշակույթով լի երկիր է, որ մենք ունակ ենք ստեղծել մեր ոճը, մեր ձայնը, ոչ թե հետ մնալ ու կրկնել հինը»,-զրույցն ամփոփում է Զեփյուռը` Հասմիկ Առաքելյանը:

Լիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
24.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930