Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղակիորեն  դրսեւորում է որպես լրտես, օտար պետության գործակալ»

Սեպտեմբեր 25,2021 14:00

Առավոտի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

– Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումները կիսվեցին. իշխանություններն՝ իրենց համակիրներով այն նշեցին «գունագեղ»՝ ինչպես նախատեսել էին, անգամ անօդաչու թռչող սարքերի պար ցուցադրվեց, այն անօդաչուների, որոնք մեկ տարի առաջ եղած պատերազմում չունեինք: Իսկ 44-օրյայում զոհվածների հարազատները, ընդդիմադիրներն իրենց համախոհներով Եռաբլուր պանթեոնում էին: Ի՞նչ տպավորություն թողեցին այս հակասությունները:

– Ես ինձ թույլ չեմ տալիս սեպտեմբերի 21-ն անկախության տոն կոչել: Դա հայ ժողովրդի ինքնորոշման տոնն է: Եթե այլ կերպ եմ ձեւակերպում, նշանակում է ես նախընտրում եմ ապրել ստով ու կեղծիքով, իսկ սուտն ու կեղծիքը որեւէ դրական արդյունք տալ չեն կարող:

– ՀՀ ԳԽ-ն 1991-ին՝ հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

– Ինքնորոշումը ծառն է՝ տվյալ դեպքում, իսկ անկախությունը՝ պտուղը: Ճիշտ է, ծառը ճանաչվում է պտուղով, բայց ծառն է, որ պտուղ է տալիս: Բացի այդ, դա ազգադավություն է, ծնողադավություն. մենք ունեցել ենք անկախության վերականգնման օր՝ 1918 թվականի մայիսի 28-ը: Երբ պատմությունը խեղաթյուրում ենք՝ ազգադավություն է, ծնողադավություն է, որովհետեւ 1918 թվականի մայիսի 28-ն ունեցել է կերտողներ եւ այդ կերտողները այդ օրը կոչել են անկախության օր: Հետագայում մենք պետք է մեր անշնորհքների պես մարդիկ ունենայինք, անշնորհք բառը ինձ համար շատ վատ բաներ է նշանակում, որ գային եւ փոխեին: Բացի այդ, սեպտեմբերի 21-ն էլ ունի նախաձեռնողներ, կերտողներ եւ նրանք այդ օրը կոչում են ինքնորոշման օր: Նախաձեռնությունը ինձ է պատկանում. 1973-ին, իբրեւ ԱՄԿ ընտրված ղեկավար, ես այդ օրն ազդարարել եմ ինքնորոշման օր: Այնպես որ, կրկնակի խեղումներ են տեղի ունենում:

Ամեն դեպքում, տոնը պետք է նշել, բայց տոնը նշում ես, որպեսզի դրա դասերը դարձնես նոր սերնդի սեփականությունը, եթե բացասական հետեւանքներ կան, բնականաբար, որպեսզի դրանց ճիշտ անդրադառնաս: Սակայն, իրավիճակը կարող է պարտադրել՝ տարբեր մոտեցումներ ցույց տալ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ որեւէ տոն նշելիս եւ այդ տոնը ներկա իրավիճակի հետ կապելիս՝ ամրագրում ես որոշակի երեւույթներ: Այսինքն, մենք գունագեղ նշում ենք սեպտեմբերի 21-ի 30-ամյակը՝ արձանագրելով, որ այս անգամ այս տոնը նշեցինք ի՞նչ ձեռքբերումներով, գերիներո՞վ, ձախողումներո՞վ, բարոյալքման համընդհանուր մթնոլորտի պայմաններո՞ւմ… Իսկապես պետք է մտավոր շեղումներ ունենաս, որպեսզի այդպիսի զգացումների պայմաններում որեւէ տոն նշես:

– Շատերը պնդում են, որ ծիծաղելի են տոնակատարությունները, երբ ՀՀ տարածքում ՌԴ եւ Ադրբեջանի դրոշներն են ծածանվում: Անկախության կամ ինքնիշխանության ձեռքբերումից 30 տարի անց մենք այն կորցնելու շեմի՞ն ենք:

– Մի քիչ դժվար է աշխարհում առաջինը լինել մի հարցում, որի նախադեպը չկա: Միջազգային իրավունքին ենթակա պետությունների թիվը, վերջին հարյուրամյակում, միայն ավելացել է: Հակառակ ուղղությամբ գործընթաց տեղի չի ունեցել եւ շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը պետք է լինի միջազգայնորեն ճանաչված այն պետությունը, որը կորցնի իր՝ միջազգային մակարդակով ունեցած ճանաչումը:

Անգրագիտությանը համարժեք սխալ կա՝ հայրենիքի պաշտպանությունը եւ անկախության համար պայքարելը նույնականացնելը: Հայրենիքի պաշտպանությունը շատ կարեւոր գործ է, հանուն ժողովրդի պայքարը երբեմն նույնիսկ շատ ավելի մեծ կարեւորություն է ունենում, քան անկախության համար ունեցած պայքարը: Բայց երբ մարդիկ շփոթում եւ խառնում են այդ հասկացությունները, հակասություններ են առաջանում: Այն, ինչն այսօր Հայաստանում տեղի է ունենում, այն ամենն, ինչը կախված է Հայաստանի բարոյաքաղաքական դրսեւորումների հետ, ցավոք, միայն Նիկոլ Փաշինյանի հետ կապված չէ. սա տեւականորեն, անգրագիտությունն արմատավորած իշխանական թեւի քաղաքականության հետեւանքն է եւ այսօր հայ մարդը սարսափով է արթնանում, թե հակառակորդն էլ ինչ սանձարձակություն թույլ տված կլինի: Այսօր նաեւ համատարած է դարձել Հայաստանից հեռանալու ցանկությունը, անգամ պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց մոտ: Սակայն, որքան էլ արձանագրենք, որ այս ամենը հետեւանք է նաեւ նախորդ իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականության, այսօր պետք է հստակ կանգ առնենք. ո՞վ է իրավիճակի տերը վերջին տարիներին եւ ի՞նչ արեց ինքն՝ այդ ամենը կանխելու համար: Նախորդները բացասականն արել են, դրա համար էլ զրկվել են իշխանությունից, իրենք իրենց գնահատականը ստացել են, բայց մենք այսօր ունենք իշխանություններ, որ այս ամեն բացասականին տեր են: Հասկանալի է, կան խնդիրներ, որոնք միայն քեզնից կախված չեն՝ հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն, բայց կան ազգի համար կարեւոր խնդիրներ, որոնք միայն քեզնից են կախված:

Օրինակ, բոլոր պետությունները ռազմավարություն են մշակում՝ Սահմանադրություն են ստեղծում: Մենք այսօր գործ ունենք մի իշխանության հետ, որը ամենակարեւոր հարցում, հիմնական օրենքի հարցով անցյալ տարի հանձնաժողով ստեղծեց, հանձնարարական տվեց՝ մինչեւ հունիս ամիս ունենալ հայեցակարգ, մինչեւ սեպտեմբեր ամիսը նախագիծ ներկայացնել ու ոչինչ չարվեց: Առաջին հայացքից, թվում է, թե սրանք իրար հետ կապ չունեն, բայց ունեն. եթե արհամարհական վերաբերմունք ունես հիմնական օրենքի նկատմամբ, անուշադրության ես մատնում նաեւ մնացած հարցերը: Այս իշխանության ձախողումների հիմքում նաեւ այս խնդիրն է:

Այսօր պետության ստեղծման 30-ամյակը նշում են մարդիկ, ովքեր պետության ստեղծման հետ ոչ մի կապ չեն ունեցել, պետական պարտականությունները կատարելիս միայն թերացել են եւ դա արդեն մեր սխալն է, որ ոչ թե օրինաչափ ենք համարում սրանց պետական անշնորհքությունները, այլ փորձում ենք հասկանալ դրանք: Նիկոլ Փաշինյանն իրեն ուղակիորեն դրսեւորում է որպես. լրտես, օտար պետության գործակալ. պատերազմի ժամանակ, ամենավճռական պահին, երբ Ալիեւը հուսահատ հայտարարում էր, թե հայերին այսքան զենք որտեղի՞ց ու այդ պահին ինքը հանկարծ հայտարարեց, որ մենք պարտված ենք: Հետագա զարգացումները դրա հետեւանքն են: Ինձ համար, ցավոք, շատ հստակ եւ անբեկանելի իրողություն է մնում, որ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենք գործ ունենք օտարի շահերին ծառայող, թշնամու շահերի ծառայող իշխանության հետ:

– «Պատմությունը ցույց է տվել եւ ապացուցել, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ։ Նույն կերպ եւ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։ Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի։ Բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը։ Հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, ճակատագրին, մահվանը»,- տոնական ելույթում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա նշանակում: Տեսակետ կա, որ այսպիսով հանրությանը հերթական պարտությանն է պատրաստում Նիկոլ Փաշինյանը:

-Այդ տեսակետն անհիմն չէ, որովհետեւ, վերջին շրջանի մեր մեծագույն ձախողումը սկսեց համանման մի ելույթից, երբ պառլամենտի ամբիոնից հայտարարեց, որ ինչ էլ լինի, մենք մեզ հաղթած պետք է համարենք: Իր այդ ելույթով Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ խոսում է միայն իրեն հասկանալի լեզվով: Փաստը մնում է փաստ՝ մենք ակնհայտորեն գործ ունենք առողջ բանականությունը կորցրած անձի հետ, իսկ այդպիսի մարդը չի նշանակում թուլացած, անկողնուն գամված, նրանք երբեմն ավելի ագրեսիվ են լինում եւ վտանգավոր:

– Նիկոլ Փաշինյանը Էրդողանից հանդիպում է խնդրել՝ Վրաստանի վարչապետի միջոցով, մինչ այդ խաղաղության օրակարգի մասին էր հայտարարել, որին ի պատասխան Թուրքիայի վարչապետը կրկնել էր հայտնի նախապայմանները: Միաժամանակ, Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում ադրբեջանական հենակետ է տեղադրված, արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան են կանգնեցնում, դանակով Արցախի դրոշն են մաքրում մեքենայի վրայից, իրանցի վարորդներից տուրքեր են գանձում՝ այդ ճանապարհով անցնելու համար, իրանցի վարորդների են գերեվարում, իշխող ուժի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարում է, որ դա Իրանի խնդիրն է, նրանք պետք է դրանով զբաղվեն: Մենք ունե՞նք այստեղ խնդիր, թե՝ ոչ:

– Երբ խոսում ես խաղաղության օրակարգից, բարի կամքի դրսեւորման օրինակներ պետք է ունենաս: Պատերազմը չի ավարտվել, հակառակորդդ սպառնում է ամբողջ երկիրդ գրավել, դու՝ դավաճանելով՝ համաշխարհային հայության քննարկման առարկա չես դարձնում դա, աշխարհի գերտերություններից ստանում ես փոխանցում, որ ուժ է կիրառվել, որն անթույլատրելի է եւ չես վերցնում ու լրացնում դա, այդպիսով օրինականացնելով հայության նկատմամբ բռնություն կիրառելու՝ տարբեր տեսակի հանցագործների ցանկությունները եւ շարունակում ես օրինականացնել: Երանի թե դա լիներ միայն ստրկամտություն, բայց ցավով պետք է արձանագրենք, որ ունենք մշտապես հակառակորդի օգտին աշխատելու, ծառայելու պատրաստ, իրենց այդ նպատակներին հակադրվելուն պատրաստ հայրենակիցներին ճնշելու, ոչնչացնելուն տրամադրված «Անասնաֆերմայի» իրավիճակը:

– Ի՞նչ զարգացումների սպասել տարածաշրջանում՝ վերջին օրերին հնչող փոխհրաձգություն-հայտարարությունների ֆոնին՝ Իրանից՝ Ադրբեջանին եւ հակառակը, Թուրքիայից՝ ՌԴ-ին ուղղված, Ղրիմի մասով Թուրքիայի դիրքորոշմանն ի հակադրություն ՌԴ-ում նորից հիշեցին Վիլսոնի իրավարար վճիռը:

– Քանի որ այդ պետությունների գործիչներն, ի վերջո, առողջ բանականությամբ, իրենց ազգային շահերը, դրանց կարեւորությունը հասկացող մարդիկ են, որքան էլ իրար քարկոծեն, նույնիսկ գնդակոծեն, հայտարարի են գալիս: Եվ մենք մեծագույն մոլորության մեջ կլինենք, եթե անտեսենք պատմության դասերը, մանավանդ, ռուս-թուրքական՝ ներառյալ Ադրբեջանը, հարաբերություններում. ի՞նչ մակարդակի էլ որ դրանք լինեն՝ դրանք շատ հստակ են Հայաստանի հարցում: Հայաստանն իրենց համար հարաբերությունները կարգավորելու մանրադրամ է դարձել, դարձել է ոչ Նիկոլի մեղքով, բայց եթե ես, հայ անկախականները հակառակն են արել ու հաջողել են պետության վերականգնումը, որպես ցեղասպանության հետեւանքների վերացում, կյանքի կոչել՝ դարձնելով նաեւ մեր հակառակորդների համար ընկալելի բարձր արժեք, ապա սա դրանց մասին գաղափար չունի: Միջազգային իրավիճակը պետք է գնահատենք եւ դրանից օգտվենք, բայց դրա համար պետք է ունենանք առողջ բանականությամբ առաջնորդվող, հոգեպես առողջ մարդ: Սա լրտես լինելուց բացի, նաեւ անձնական էժանագին հավակնություններով առաջնորդվող է ու ամենավտանգավորն այն է, որ կարողանում է հիպնոսի տակ պահել մարդկանց: Մենք գործ ունեք հետեւողականորեն հակազգային, հակամարդկային քաղաքականություն տանող ուժերի հետ: Նրանք անցյալի սխալներից խոսում են, որ իրենք ավելի լուրջ սխալներ թույլ տան, բայց սա ապագայի հարց է:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930