Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կազմակերպված Build Armenia 2021 էքսպոյի մասնակիցներին ողջունելով՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ասաց, որ ընթացքում հասցրել է ծանոթանալ մի շարք կառուցապատման ծրագրերի, տեսել է նորարարական լուծումներ: Հավելեց, որ պատրաստ են խոսել նաեւ ոլորտում առկա խնդիրներից ու համապատասխան լուծումներ գտնել միասին: Նա նաեւ հավելեց. «Միեւնույն ժամանակ ես նկատեցի մեր երկրի զարգացման համար նոր հնարավորություններ ստեղծող մի փաստ, այն է՝ Երեւանից դուրս կառուցապատման բացակայությունը»: Ասաց, որ բավարար չեն առողջարանային եւ զբոսաշրջային քաղաքներում առկա կառուցապատումները, ինչպես նաեւ կոչ արեց շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ կարող է նշել կոնկրետ տարածքներ, բայց ամբիոնից անուններ տալը պատշաճ չի համարում, եւ ՀՀ յուրաքանչյուր անկյուն իր համար կարեւոր է, ինչպես կարեւոր է երկրի համաչափ զարգացման համար՝ Գյումրում, Կապանում, հանրապետության այլ քաղաքներում ունենալ բնակարանաշինություն: Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրություն է կատարում Երեւանից դուրս շինարարության հնարավորությունները, գները եւ մնացյալը պարզելու ուղղությամբ, իսկ եկամտային հարկի փոփոխությունը նպատակ ունի շինարարական նոր ուղղություններ բացել: Պապիկյանի հավաստմամբ, կառավարությունը մտածում է աջակցության եւ խրախուսման մեխանիզմներ եւ պատրաստ է լսել կառուցապատողների առաջարկները:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը միջոցառումը հուժկու որակեց, նա շեշտադրեց հատկապես անշարժ գույքի զարգացման ոլորտը: Ասաց, որ այն մեր ազգի արյան մեջ է: «Ցանկացած հայ մարդու գլխում առնվազն 3 անշարժ գույքային պլան կա՝ տուն գնելու, տուն վաճառելու եւ տուն սարքելու: Շինարարությունն այսօր ՀՀ տնտեսության 4 հիմնական հենասյուներից է եւ կազմում է ՀՆԱ-ի 12-13 %-ը: Այն նաեւ ամենադինամիկ ճյուղերից է եւ վերջին տարիներին անփոխարինելի ներդրում է ունենում տնտեսության աճի, երկրի բարեկեցության մեջ, շուրջ 22000 մարդ է ընդգրկված շինարարության եւ կառուցապատման ոլորտում, որը մոտ 15 %-ով ավելին է, քան 2019 թ, ցուցանիշը»,-շեշտեց Քերոբյանը: Նրա խոսքով, այդ ոլորտը գտնվում է ծաղկուն շրջանում:
Կարդացեք նաև
Նա խոստացավ, որ կառավարությունն այնպես կբարեփոխի ոլորտը, որ կընդլայնվի ներուժը, հնարավորություն կտրվի ներդրումների մեծ ներհոսքի: Ասաց նաեւ, որ այլեւս կառավարությունն ինքն էլ է հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու, եւ հաստատվել է ՀՀ ամենախոշոր՝ մեկ միլիարդ դոլարանոց ներդրումային ծրագիրը. Հյուսիս-Հարավ մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման մեջ է այդ գումարը ներդրվելու:
Քաղաքաշինության կոմիտեի նախագ Արմեն Ղուլարյանը եւս ողջունեց կառուցապատողների ասոցիացիայի նախաձեռնությունը, որը Build Armenia-ի հարկի տակ է հավաքել կառուցապատողներին, քաղաքաշինական ներդրումային ծրագրերում ներգրաված մասնագետներին: Նրա խոսքով, անհերքելի է, որ շինարարությունը տնտեսությունն առաջ մղող հիմնական եւ կարեւոր բաղադրիչներից է, եւ այսօր ՀՀ տարածքը մեծ առումով վերածվել է շինհրապարակի:
Հավելենք, որ սեպտեմբերի 24-ին և 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացող էքսպոն միտված է համախմբել Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և կապ ստեղծել նրանց ու գործընկերների միջև։ Երկու օրերի ընթացքում ներկայացվելու են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնելու են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն են տալու ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ