Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) նվազեցրել է զարգացող Ասիայի՝ 2021 թվականի տնտեսական աճի սեփական կանխատեսումները կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակի շուրջ շարունակվող մտահոգությունների պայմաններում։
2021 թվականի Ասիական զարգացման հեռանկարներ (ԱԶՀ) առաջատար տնտեսական հրապարակման թարմացման համաձայն՝ այս տարի ԱԶԲ-ն կանխատեսում է 7.1% աճ։ Համեմատության համար նշենք, որ ապրիլի կանխատեսումը եղել է 7.3%։ 2022 թվականի աճի կանխատեսումները 5.3%-ից բարձրացել են՝ հասնելով 5.4%-ի։ COVID-19-ի նոր տարբերակները, նորանոր տեղական բռնկումները, տարբեր աստիճանների սահմանափակումների և «լոքդաունների» վերահաստատումը, և պատվաստանյութերի դանդաղ ու անհամաչափ ներդնումը ճնշում են տարածաշրջանի հեռանկարները։
«Ասիայի զարգացող երկրները շարունակում են մնալ խոցելի COVID-19 համավարակի նկատմամբ, քանզի նոր տարբերակներն առաջացնում են բռնկումներ՝ որոշ երկրներում հանգեցնելով շարժունակության նոր սահմանափակումների վերահաստատմանը», – ասել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Յոզեֆ Զվեգլիչ կրտսերը, «Քաղաքականության միջոցառումները պետք է ուղղվեն ոչ միայն զսպմանը և պատվաստմանը, այլև ընկերություններին և տնային տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունը շարունակելուն և տնտեսության ոլորտները վերակողմնորոշելուն, որպեսզի դրանք համավարակի թուլացման դեպքում հարմարվեն «նոր իրողություններին»՝ վերականգնումը թափով սկսելու նպատակով»։
Ապրիլ ամսին վիրուսի դելտա տարբերակի հայտնվելուց ի վեր՝ Արևելյան Ասիայի երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակվածների թիվն աճել է։ Մայիսին վարակվածների քանակն օրվա կտրվածքով հասել է իր գագաթնակետին՝ կազմելով՝ 430,000 հոգի։ Օգոստոսի 31-ին արձանագրվել է վարակման ավելի քան 163,000 նոր դեպք։ Միևնույն ժամանակ, Ասիայի զարգացող երկրներում պատվաստման ընթացքը շարունակում է մնալ անհամաչափ և զիջում է առաջադեմ տնտեսություն ունեցող երկրների ցուցանիշներին։ 2021 թ․ օգոստոսի 31-ի դրությամբ տարածաշրջանի բնակչության 28.7%-ն է ունեցել պատվաստանյութով լիարժեք պաշտպանվածություն՝ ԱՄՆ-ի 51.8%-ի և ԵՄ-ի 58,0%-ի համեմատ։
Կարդացեք նաև
Տարածաշրջանում վերականգնման ուղին շարունակում է մնալ անհամաչափ։ Արևելյան Ասիայի աճի այս տարվա կանխատեսումները բարելավվել են՝ ապրիլի 7.4%-ից բարձրանալով մինչև 7.6%-ի, պայմանավորված այս տարածաշրջանից վառելանյութի արտահանման նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճով։ 2022 թվականի համար Արևելյան Ասիայի զարգացման հեռանկարները անփոփոխ են՝ 5.1%։ Տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունը ներկայացնող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճի կանխատեսումները 2021 թվականին մնում են 8.1%, իսկ 2022 թվականին՝ 5.5% մակարդակի վրա։
Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների տնտեսական աճի հեռանկարներն այս տարի բարելավվել են, ապրիլի 3.4% կանխատեսումից բարձրանալով մինչև 4.1%՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հեռանկարների բարելավման լույսի ներքո։ Ենթատարածաշրջանի 2022 թվականի հեռանկարները բարելավվել են՝ 4.0%-ից հասնելով 4.2%-ի։
Մասնավորապես Հայաստանի համար ԱԶԲ-ն բարելավել է աճի իր կանխատեսումները՝ 2021 թվականի համար այն հասցնելով մինչև 5.2%-ի, իսկ 2022 թվականի համար՝ 3.5%-ի, քազի երկրի տնտեսությունը տարվա առաջին կիսամյակին կանխատեսվածից ավելի արագ է վերականգնվել։ Գյուղատնտեսությունը ընդլայնվել է՝ գրանցելով կայուն 7.1% մշակաբույսերի արտադրությունում։ Ծառայությունների ոլորտն ունեցել է 5.3% աճ՝ արձանագրելով բարելավումներ առևտրի, տրանսպորտի, սննդի և վարչական ու անշարժ գույքի ծառայությունների բնագավառներում։ Շինարարության ոլորտն աճել է 5.5%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 1.3%-ով՝ պայմանավորված հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրային տնտեսության և թափոնների կառավարման ոլորտներում ստացված եկամուտներով։ Հայաստանում մասնավոր սպառումը նույնպես ավելացել է 5.4%-ով՝ բարձր փոխանցումներով պայմանավորված, իսկ հանրային սպառումն աճել է 3.2%-ով՝ արձանագրելով ավելի բարձր ծախսումներ սոցիալական ծառայությունների վրա։ Հաստատուն համախառն կապիտալի ձևավորմամբ չափվող ներդրումներն աճել են 9.5%-ով՝ կառավարության և մասնավոր կապիտալի ավելի բարձր ծախսումների շնորհիվ։
ԱԶԲ-ն ակնկալում է ընթացիկ տարում 8.8% տնտեսական աճ Հարավային Ասիայում՝ այս ենթաշրջանի համար ապրիլին արված 9.5% կանխատեսման համեմատ։ Այնուհանդերձ, 2022 թվականի համար կանխատեսումը բարելավվել է՝ 6.6%-ից մինչև 7.0%։ Ենթատարածաշրջանի ամենամեծ տնտեսության՝ Հնդկաստանի մասով 2021 թվականի համար արված 11.0% կանխատեսումը նվազեցվել է մինչև 10.0%-ի, մինչդեռ հաջորդ տարվա կանխատեսումը բարելավվել է՝ 7.0%-ից մինչև 7.5%։
Հարավ-Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար կանխատեսումը վերանայվել է՝ արձանագրելով վարընթաց ուղղվածություն, ինչը պայմանավորված է վիրուսի նոր տարբերակների, շարունակվող «լոքդաունների» և սահմանափակումների դեմ այս ենթատարածաշրջանների երկրների կողմից տարվող շարունակական պայքարով և պատվաստանյութերի դանդաղ տարածմամբ։ 2021 և 2022 թվականների համար Հարավ-Արևելյան Ասիայի աճի կանխատեսումները նվազեցվել են՝ ապրիլ ամսվա կանխատեսման 4.4% և 5.1% ցուցանիշներից հասցնելով, համապատասխանաբար, 3.1%-ի և 5.0%-ի։ Սպասվում է, որ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունն այս տարի կկրճատվի 0.6%-ով, ապրիլին կանխատեսված 1.4% աճի համեմատ, նախքան 2022 թվականի 4.8% աճը։
Ակնկալվում է, որ Ասիայի զարգացող երկրներում գնաճը կմնա վերահսկողության տակ՝ կազմելով 2.2% այս տարի և 2.7%՝ 2022 թվականին։ Ապրանքահումքային ռեսուրսների և սննդամթերքի նկատմամբ ավելի բարձր համաշխարհային գների ներկայիս միտումը կարող է տարածաշրջանի որոշ երկրներում գնաճի պատճառ դառնալ։
ԱԶԲ-ն հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը գտնվում են այդ տարածաշրջանում:
Ասիական զարգացման բանկ