Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական Национальная оборона պարբերականին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից:
«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվել էինք կրկին զանգ կատարել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը կատարվող իրադարձություններում շատ ակտիվ դեր է ունեցել, նա իմ ուղերձները փոխանցել է Փաշինյանին, իսկ նրա ուղերձները՝ ինձ: Այդ համաձայնեցումն ընթանում էր մինչև ուշ գիշեր: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, այդ պատճառով մենք ասում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ վերջին հաշվով հաջողվել է տեքստը համաձայնեցնել:
«Ենթադրվում էր, բնականաբար, դրա ստորագրում, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ խնդրեց չպնդել, որպեսզի Փաշինյանը դա ստորագրեր մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, բոլորին շատ հարգալից է վերաբերվում, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ լրացուցիչ պահեր պետք չեն Փաշինյանի ստորացման հետ կապված, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի ստորացում է, և դա մենք չենք կարող թույլ տալ»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ իրենք շատ վստահելի հարաբերություններ ունեն:
«Հատկապես հարևան երկրների քաղաքական գործիչների համար կարևոր է միմյանց նկատմամբ վստահությունը: Դա հենց այն է, ինչ կա մեր միջև: Եվ իհարկե, փոխադարձ խորը հարգանքի զգացողությունը: Մեր նպատակներն ամբողջությամբ համընկնում են»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ առաջին անգամ ինքը Պուտինին Ղարաբաղի պատերազմի մասին պատմել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը:
«Բնականաբար, մենք մշտական շփում էինք պահում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 7-ին էր՝ նրա ծննդյան օրը: Ավանդաբար ես շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին տարեդարձի կապակցությամբ: Եվ փաստորեն դա մեր առաջին հեռախոսային կապն էր այն բանից հետո, երբ արդեն 10 օր ընթանում էին ռազմական գործողությունները: Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես և ինչ անենք, որպեսզի պատերազմն ավարտվի»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ