Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ներմուծված շուրջ 6.5 տոննա քաշով բեռը ներկայացվել է որպես օգտագործված ապրանք. ՊԵԿ-ը հանցագործության հերթական դեպքն է բացահայտել

Սեպտեմբեր 24,2021 17:53

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։

Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:

Պարզվել է, որ հիշյալ ֆիզիկական անձինք չեն հանդիսացել ներմուծված բեռի իրական շահառուներ, այլ ապրանքները փաստացի պատկանել են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների և բեռը տարբեր ֆիզիկական անձանց անվամբ ձևակերպելու միջոցով փորձ է կատարվել խուսափել հարկային հսկողությունից և հարկային պարտավորությունների վճարումից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Ներմուծված ապրանքն առգրավվել է:

ԵՏՄ անդամ պետություններից ապրանքներ ներմուծող հարկ վճարողներին ՊԵԿ –ը հորդորում է բարեխղճորեն հայտարարագրել հարկման բազաները  և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

Կատարվում է հետաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930