Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ բնակիչների հետ քննարկումից ու պատգամավորների կարծիքները լսելուց հետո նախագծի նախնական տարբերակում փոփոխություններ են կատարվել միավորման փնջերի հետ կապված. «Եկել ենք եզրակացության, որ երկու տեղ պետք է ընդառաջ գնալ եւ փոփոխություններ անել: Փաստարկները հստակ են: Խոսքը Արմավիրի մարզում խոշորացված համայնքի կենտրոնի տեղափոխման մասին է՝ Ջրառատից տեղափոխել Գայ բնակավայր: Պահանջը արդարացի է: Երկրորդ փոփոխությունը, որը կարծում ենք՝ պետք է ընդառաջ գնալ բազմաթիվ դիմումների, քննարկումների արդյունքում է՝ Կոտայքի մարզում Նաիրիի փնջի հետ է կապված: Ասում են՝ Նոր Հաճնը ինչու եք միավորում Եղվարդ բնակավայրի փնջի հետ: Որոշեցինք լուծումը տալ այնպես, որ լինեն առանձին Եղվարդ եւ Նոր Հաճն խոշորացված համայնքներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ