«Այո, մեր երկրում շատ խնդիրներ կան, այդ թվում՝ անվտանգային, սահմանային: Բայց գործընթաց կա, որը չպետք է կանգնի, եւ դա միայն վարչատարածքային բաժանմանը չի վերաբերում։ Բոլոր ուղղություններով հիմա մեր երկրում պետք է աշխատել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, որ համայնքների խոշորացման հարցը հրատապ կարգով ԱԺ նիստում քննարկելու կարիք չկա։
«Երեսուն տարվա փորձը ցույց է տալիս, որ հատկապես փոքր համայնքների պարագայում վարչատարածքային բաժանումն իրեն չի արդարացնում։ Համայնքների միավորման գործընթացը պետք է հրատապ անել մի պարզ պատճառով։ Երկար տարիներ վտանգ ունենք, որովհետեւ սահմանամերձ համայնքները գնալով փոքրանում են, երիտասարդները գնում են, ուստի պետք է միջավայրը փոխենք, որ մարդիկ նման ապրեն՝ լուսավորություն, ջուր, մանկապարտեզ, ճանապարհ․․․իսկ փոքր համայնքները չունեն նման կարողություններ, մինչդեռ խոշորացման փորձը ցույց է տվել դրական փոփոխություններ»,-այսպես բացատրեց իրավիճակը Գնել Սանոսյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության մտահոգությանը, որ համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ ունի եւ իշխանությունն այսպես ՏԻՄ ընտրություններին ընդառաջ փորձում է նաեւ իրեն համախոհ համայնքապետերի կարգելու խնդիրը լուծել, Գնել Սանոսյանը չհամաձայնեց․ «Ավագանիների ժամկետներն ավարտվում են, ուստի պաշտոնակատար է նշանակվում։ Դա մարզպետի կամ վարչապետի որոշելիքն է ըստ օրենքի։ Թե ով կնշանակվի, կարծում եմ՝ շատ էական չէ։ Եղել է պատերազմ, ընտրությունները հետաձգվել են»։
Կարդացեք նաև
Նախարարն անդրադարձավ նաեւ հարցին, թե մի քանի տարի առաջ խոշորացված համայնքներն ինչու են հիմա նորից խոշորացնում․ «Գեղամասարի օրինակով ասեմ։ Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքներին հիմա չենք առնչվում, որովհետեւ հաջորդ տարի միավորվելու են։ Վարդենիսում 13 համայնքում ընտրություններ են լինելու, դրա համար Վարդենիս եւ Գեղամասար խոշորացված համայնքները միավորում ենք։ Նրա համար, որ Վարդենիսը մեկ միասնական սովետական շրջան պետք է լինի, որովհետեւ դա միակ հարմար տարբերակն է»։
Ինչ վերաբերվում է ընդդիմության պնդմանը, որ խոշորացմամբ խախտել են սահմանադրությունը եւ հանրային լսումներ չեն արել, Սանոսյանը նշեց․ «Բացեք օրենքը եւ տեսեք, թե ով է վարչատարածքային բաժանման նախաձեռնողը։ Դա կառավարության գործառույթն է։ Կարծում եմ՝ համայնքների ձայնը երբեք այսքան շատ չի լսվել։ Շատերին ենք լսել, շատ նկարներ ու փաստեր ունեմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ