Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Մեծ Բրիտանիա. անտեսված հարաբերություններ, հեռանկարներ և հնարավորություններ. Ռուբեն Մեհրաբյան

Սեպտեմբեր 24,2021 17:33

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև միջպետական հարաբերություններն ընթանում են առանց հայկական կողմից դրանց իրական ներուժը հաշվի առնելու, այդ ներուժն ի նպաստ մեր ինքնիշխանության օգտագործելու նպատակադրման, և շատ դեպքերում ուշադրությունը, որը հատկացվում է դրանց, կրում է «մնացորդային» ու իներցիոն բնույթ։

Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններն իներցիայի ուժով շարունակվում են դիտարկվել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում, այն էլ, իր հերթին, երկու ուղղությամբ՝ Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-ԵՄ։ Մինչդեռ լքելով Եվրամիությունը «բրեքզիթի» հանրաքվեի արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններն այլևս չեն տեղավորվում այդ ուղղություններից ոչ մեկում և պահանջում են առանձին մոտեցում, իսկ ՀՀ Կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքականության ու անվտանգության բաժիններում Մեծ Բրիտանիան ընդհանրապես չի հիշատակվում։

Թեմային անդրադառնալու առիթ հանդիսացավ Միացյալ Թագավորության վարչապետ և «բրեքզիթի» ճարտարապետ Բորիս Ջոնսոնի՝ ս․թ․ օգոստոսի 16-ի շնորհավորական ուղերձը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որը պարունակում է բավականին ուշագրավ շեշտադրումներ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր տեսլականը Հայաստանի համար։ Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի՝ ամուր ժողովրդավարական հիմքեր կառուցելու հանձնառությունը։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն ընտրական դիտորդներ է ուղարկել՝ ամրապնդելու ընտրողների վստահությունը, և մենք հանձնառու ենք ընթացիկ գործնական աջակցություն տրամադրել բարեփոխումների Ձեր ծրագրին։

Միացյալ Թագավորությունն ակնկալում է համագործակցել Հայաստանի հետ՝ դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին, առաջին հերթին՝ Covid-19 համավարակի հաղթահարման և կլիմայական փոփոխության ոլորտներում։ Հույս ունեմ հյուրընկալել Ձեզ այս տարի նոյեմբերին Գլազգոյում կայանալիք COP26 համաժողովին։

Կցանկանայի վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո լիովին բանակցված, կայուն և խաղաղ կարգավորման օգտին։ 2020թ․ հակամարտությունից հետո Միացյալ Թագավորությունն առաջին երկիրն էր, որը հումանիտար օգնություն տրամադրեց ԿԽՄԿ աշխատանքների միջոցով։ Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների վերականգնման ուղղությամբ։

Կրկին շնորհավորում եմ Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները»:

ԱՆՏԵՍՎԱԾ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ, ՉԸՆԿԱԼՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Բրիտանական ներկայությունը մեր տարածաշրջանում և նրա շուրջ իր ուրույն դերն ու նշանակությունն ունի ոչ միայն «կոլեկտիվ Արևմուտքի» քաղաքական հետագծում, որպես ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից մեկը, ԱՄՆ-ի կենսական նշանակության դաշնակից, այլև որպես ինքնուրույն դերակատար։

Ծանոթությունը եվրոպական պատմության հետ հուշում է, որ Մեծ Բրիտանիան առանձնանում է մայրցամաքային Եվրոպայի այլ մեծ երկրներից մի կարևոր հատկանիշով։ Օկուպացիայի, հեղաշրջումների կամ տոտալիտար, ավտորիտար վերափոխումների պատճառով ինստիտուցիոնալ հիշողության խզումների բացակայությունը վերջին գրեթե չորս դարերի ընթացքում, որպես հետևանք՝ քաղաքական-վարքագծային բարդույթների բացակայությունը, «չոր» պրագմատիզմը և ռացիոնալիզմը, որպես արդյունք՝ բարձր արդյունավետությունը հանդիսանում են բրիտանական քաղաքականությունը բնութագրող առանձնահատուկ հատկանիշներից մեկը։

«Բրեքզիթը», դրան հաջորդող իրադարձությունները պահանջեցին, որ Բրիտանիան վերադիրքավորի իրեն միջազգային հարաբերությունների թատերաբեմում, այդ թվում՝ ԵՄ-ից դուրս իր դաշնակիցների և գործընկեր երկրների հետ։ Մասնավորապես, «բրեքզիթից» հետո Բրիտանիան վերակնքեց Վրաստանի և Ուկրաինայի հետ համաձայնագրերը, որոնք փոխարինում են այդ երկրների ասոցացման համաձայնագրերը Եվրամիության հետ։ Ավելին, Բրիտանիայի հետ այդ նոր համաձայնագրերը ներառում են նաև բաժիններ պաշտպանության ու անվտանգության, ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Իսկ Ուկրաինային Բրիտանիան 1,25 մլրդ ֆունտ սթերլինգի վարկ տրամադրեց 10 տարով՝ ռազմածովային ուժերի վերազինման, ռազմանավերի համատեղ արտադրության և Սև ծովի ափին գտնվող Օչակով ռազմաբազան ընդլայնելու ու նավահանգստային ենթակառուցվածքների վերակառուցման համար։ Եվ, ընդհանրապես, բրիտանական կառավարությունը որդեգրել է նոր առևտրային պակտերի կնքման ռազմավարությունն իր հին ու նոր գործընկեր երկրների հետ՝ ներառելով նաև անվտանգության և պաշտպանության բաղադրիչն այն չափով, որ չափով դա բխում է իր շահերից։

Բրիտանիայի առանցքային դաշնակից ԱՄՆ-ի նախագահ Բայդենի նոր դոկտրինի՝ ավտորիտարիզմի դեմ «խաչակրաց արշավանքի» հռչակումը խթան հանդիսացավ վերաիմաստավորելու նաև անդրատլանտյան հարաբերությունները և դրանց հենասյուներից մեկը հանդիսացող ամերիկա-բրիտանական հարաբերությունները։ 80 տարի անց Բրիտանիայի և ԱՄՆ առաջնորդներ Բորիս Ջոնսոնը և Ջոզեֆ Բայդենը պատմական նշանակության փաստաթուղթ ստորագրեցին՝ նորացված Ատլանտյան խարտիան։ Փաստաթղթով ամրագրված են ընդհանուր արժեքները, համատեղ գլոբալ նպատակները և փոխհարաբերությունների սկզբունքները։ Մասնավորապես, առաջին իսկ կետով ասված է․ «Մենք պարտավորվում ենք պաշտպանել ժողովրդավարության և բաց հասարակության սկզբունքները, արժեքները և ինստիտուտները, որոնք ծառայում են որպես մեր երկրների հզորության աղբյուր ու մեր դաշինքների հիմք։ Մենք պետք է անենք այնպես, որպեսզի ժողովրդավարությունները, սկսած մեր սեփականից, կարողանան հաջող կերպով լուծել մեր ժամանակի կարևորագույն խնդիրները»։ Իսկ երրորդ կետը սկսվում է հետևյալ նախադասությամբ․ «Մենք միասնական ենք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների սատարման գործում»։ Ուշագրավ է, որ այս ձևակերպումն էապես տարբերվում է Խելսինկյան ակտով ամրագրված սկզբունքներից՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և իրավահավասարություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։

Այս ամենով հանդերձ` Բրիտանիան պահպանում, օպտիմիզացնում և դիվերսիֆիկացնում է իր ռազմաքաղաքական ակտիվները, այդ թվում՝ բազմակողմանի ներկայությունը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ նրա շուրջ, անցկացնում է զինված ուժերի բարեփոխումներ, վերակազմավորում և վերազինում՝ այն հարմարեցնելով հիբրիդային մարտահրավերներին։ Ընդ որում, պաշտոնական Լոնդոնը վարչապետի մակարդակով ու բաց տեքստով է հայտարարում, որ Ռուսաստանը հակառակորդ է, իսկ պաշտպանության նախարարը Ռուսաստանին համարում է Բրիտանիայի «թիվ մեկ սպառնալիք»։ Նման վերաբերմունքն օրինաչափական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հատուկ ծառայությունների առերևույթ առնչությունն իրենց նախկին ծառայակից, գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի՝ պոլոնիումով թունավորմանը Լոնդոնում 2006-ին և ԳՌՈՒ-ի նախկին գործակալ Սկրիպալի ու նրա դստեր՝ «Նովիչոկ» տիպի մարտական թունավորող նյութով թունավորելուն Սոլսբերիում 2018-ին, ինչպես նաև ռուսական սուզանավերի հարաճուն ակտիվությունը Բրիտանական կղզիների շուրջ, ինչը, համաձայն բրիտանական ՊՆ-ի ղեկավարի, «վաղուց չէր եղել»։

Միևնույն ժամանակ, Լոնդոնը պահպանում է Բրիտանական կայսրությունից ժառանգած և նոր զարգացումներով պայմանավորված ներկայությունն ու նշանակալի ազդեցությունը մեր հարևան տարածաշրջաններում, նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ ԱՄՆ-ը բախվում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ երկրներում, որտեղ ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրներն անցնում են միջազգային կազմակերպությունների զեկույցներում։ Մասնավորապես, Կիպրոսում Բրիտանիային է պատկանում ողջ կղզու տարածքի 3%-ը՝ որպես սուվերեն տարածքներ, որտեղ տեղակայված են ռազմաբազաներ՝ Ակրոտիրի և Դեկելիա։ Բացի դրանից Իրանում և Աֆղանստանում, որտեղ ԱՄՆ-ի դեսպանությունները փակվել են, բրիտանական դեսպանությունները շարունակում են բնականոն աշխատանքը։ Ռուսաստանի հետ ունեցած սուր խնդիրների առկայությամբ հանդերձ՝ «Բրիթիշ Փեթրոլեումը» հանդիսանում է ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտի» 19,75% բաժնետերը։ Ուշագրավ է նաև Բրիտանիայի մեծ ազդեցությունը Թուրքիայում ու Ադրբեջանում, ինչպես նաև ըստ դիտորդների կարծիքների՝ անձամբ Էրդողանի ու Ալիևի վրա։ Համենայն դեպս, երկուսն էլ պարբերաբար հանդես են եկել հակաարևմտյան հայտարարություններով՝ ավելի հաճախ թիրախավորելով Ֆրանսիային, հազվադեպ ԱՄՆ-ին կամ եվրոպական տարբեր երկրներին, բայց ոչ երբեք Մեծ Բրիտանիային։

Իսկ Հարավային Կովկասում, համաձայն բոլոր ցուցիչների, Բրիտանիայի գլխավոր գործընկերն Ադրբեջանն է։ Բաքուն հարաբերությունները համարում է որպես ռազմավարական գործընկերություն։ Երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ֆունտ սթերլինգը, Բրիտանիան խոշորագույն ներդրողն է Ադրբեջանում, և ներդրումների ծավալը, ըստ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի, կազմում է ավելի քան 25 մլրդ ԱՄՆ դոլար, չհաշված «Բրիթիշ Փեթրոլեումի» ներդրումները, որոնք, ըստ նույն աղբյուրի՝ կազմում են ևս 70 մլրդ ԱՄՆ դոլար։ Ադրբեջանում գործում են 600 բրիտանական ընկերություններ, համագործակցությունն ընդգրկում է ոչ միայն նավթային ոլորտը, այլ նաև կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը։ Բնականաբար սա չի կարող չհանգեցնել նաև քաղաքական ազդեցության։

Միևնույն ժամանակ, հայտնի է նաև, որ Բրիտանիան և նրա ինքնիշխանության ներքո գտնվող օֆշորային գոտիները (օրինակ, Վիրջինյան կղզիներ, Մեն կղզի, Ջերսի կղզի և այլն) դարձել են Ադրբեջանի ու Ռուսաստանի (նաև այլ հետխորհրդային երկրների) կոռումպացված վերնախավի ամենասիրված տեղը։ Կարելի է պնդել, որ «անհայտ» ծագման միջոցներով տարբեր բրիտանական ակտիվներ (անշարժ գույք, տարբեր բիզնեսներում բաժնեմասեր և այլն) ձեռք բերող կոռումպացված անձինք կարող են լինել միանգամայն «թափանցիկ» բրիտանական պատկան մարմինների համար, և դա բավականին նշանակալի լծակ կարող է հանդիսանալ քաղաքական ազդեցության առումով։ Սկանդալային հրապարակումներն ադրբեջանական և ռուսական կոռուպցիայի մասին, ինչպես ժամանակն է ցույց տալիս, որևէ էական ազդեցություն չեն թողնում կոռումպացված ռեժիմների ինքնավստահության, ինչպես նաև Բրիտանիայի հետ միջպետական հարաբերությունների վրա։ Պետք է նշել նաև, որ իրերի նման դրությունը Բրիտանիայում դժգոհություն է առաջացնում, և առանձին կազմակերպություններ շեշտում են դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը, կան նաև դատական գործեր, մասնավորապես՝ Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ դեմ։

Եվ, ընդհանրապես, բրիտանական ներկայությունը հետխորհրդային երկրներում զգալի չափով պայմանավորված է նաև զինված ուժերի ակտիվ մասնակցությամբ տարբեր պաշտպանական ծրագրերին ու պարբերաբար անցկացվող զորավարժություններին, մասնավորապես Վրաստանում և Ուկրաինայում։ Բացի դրանից բրիտանական օդուժը և ցամաքային զորքերի ստորաբաժանումները Բալթյան երկրներում կատարում են իրենց առաքելությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում։

Անշուշտ, դավադրապաշտական տեսություններն անտեսելով՝ պետք է փաստել, որ բրիտանական ներկայությունը և ազդեցությունը Հայաստանի հարևան երկրներում բավականին ներկայանալի է և գործառութային տեսակետից՝ արդյունավետ, եթե հաշվի առնենք ռեսուրսների համեմատաբար սահմանափակ լինելը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու ծավալը՝ փաստ է նաև, որ հայկական դիվանագիտության կողմից բրիտանական գործոնը տարածաշրջանային դասավորություններում, ըստ էության, պատշաճ ուշադրության չի արժանանում։

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր տարածաշրջանում և նրա շուրջ Մեծ Բրիտանիայի նշանակալի ներկայության ու դերակատարության խորապատկերին հայկական դիվանագիտության կողմից ակտիվության ցուցանիշ կարելի է համարել այն փաստը, որ 2017թ․-ից Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Հայաստանը Լոնդոնում չորս տարի շարունակ անհասկանալի պատճառներով դեսպան չէր նշանակում։ Սակայն արտահերթ ընտրություններից հետո՝ ս․թ․ հուլիսից, փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ կանչվեց և անմիջապես նշանակվեց Մեծ Բրիտանիայում դեսպան։ Միևնույն ժամանակ բրիտանական կողմը նոր դեսպան նշանակեց Հայաստանում (Ջոն Գալահեր, ս․թ․ ապրիլին հանձնել է հավատարմագրերը Հանրապետության նախագահին)։ Անցած չորս տարին առանձնացել է իր պասիվությամբ նաև այցերի տեսանկյունից․ հայկական կողմից ԱԳ նախարարի այց՝ 2019թ․, նույն թվականին՝ նախագահի այց, քառամյա ընդմիջումից հետո, բրիտանական կողմից մեկ նախարարական այց, ս․թ․ փետրվարին (Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոն, տարածաշրջանային այցի շրջանակներում), ևս քառամյա ընդմիջումից հետո։ Իհարկե, որոշակի ակտիվացումն առկա է, սակայն հստակ չէ բովանդակային կողմը, օրակարգն ու ակտիվացման «վեկտորը», և անհստակության վկայությունն է, ինչպես նշված է վերևում, Մեծ Բրիտանիայի՝ նույնիսկ հիշատակման բացակայությունը նոր Կառավարության հնգամյա ծրագրում։ Մինչդեռ «բրեքզիթից» հետո, օբյեկտիվորեն, Հայաստանում հետպատերազմական ժամանակաշրջանում փոխգործակցության մի շարք հեռանկարներ և հնարավորություններ են բացվել, և անհրաժեշտություն է առաջացել ներդաշնակեցնել դիրքորոշումները մի շարք հրատապ, ինչպես նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների շուրջ։

  1. Հրատապ հարցեր

Հետպատերազմական շրջանում 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության առանցքային դրույթները մնում են չկատարված։ Ռուսական կողմը նույնիսկ «բացատրում» է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվողները գերեվարվել են զինադադարից հետո, և Բաքուն հարցը վերածել է առևտրի առարկայի։ Չնայած ամերիկա-վրացական նախաձեռնությամբ մեկ տասնյակից ավելի գերեվարվածներ Վրաստանի տարածքով հայրենադարձվեցին, հարցը շարունակում է մնալ բաց։ Մինչդեռ բրիտանական ազդեցությունը Թուրքիայում ու Ադրբեջանում կարող է զգալի չափով նպաստել հարցի վերջնական լուծմանը։ Սակայն այս ուղղությամբ հայկական կողմից որևէ ակտիվության մասին տեղեկատվություն բացակայում է բաց աղբյուրներում։ Ուստի առանձին բրիտանական նախաձեռնությունը, նույն Վրաստանի հետ համատեղ, կամ բրիտանական ջանքերի համատեղումն ամերիկա-վրացական նախաձեռնության հետ կարող է եղանակ փոխել, և այստեղ նախաձեռնողը պետք է լինի հայկական կողմը։

Բացի դրանից ակնհայտ է մի իրողություն, երբ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից սադրանքները փակուղային իրավիճակ են ստեղծում, որից միակ ելքը ռուսական միջնորդությունն է, սակայն վերջնարդյունքում խնդիրը մնում է չլուծված, բայց ռուսական ներկայությունը տարածաշրջանում ընդլայնվում է՝ կաշկանդելով Հայաստանի ինքնիշխան հնարավորությունները և հեռացնելով իրավիճակի կայունացման հնարավորությունները։ Հետխորհրդային երկրներում Մեծ Բրիտանիայի կողմից տարվող քաղաքականության ալգորիթմից ակնհայտ է, որ դա քաղաքականություն է՝ ուղղված Ռուսաստանի՝ հետխորհրդային երկրներում էքսպանսիայի զսպմանը, ուստի ստեղծված իրողությունը չի կարող չմտահոգել Լոնդոնին։ Հաշվի առնելով բրիտանական ուղղակի շահերը և ազդեցությունն Ադրբեջանում՝ խորհրդակցելու դաշտ է բացվում, որպեսզի Բաքուն դուրս բերվի Հայաստանի դեմ գործածվող՝ Ռուսաստանի «բութ գործիքի» ռեժիմից, և ակնհայտ է, որ այս հարցում առկա է Երևանի ու Լոնդոնի մոտեցումների ընդհանրություն։

Հարաբերությունների ակտիվացումը կարող է նաև հեռանկար բացել, որպեսզի բրիտանական հնարավորություններն օգտակար լինեն Երևան-Բաքու ու Երևան-Անկարա չմիջնորդավորված պաշտոնական հաղորդակցության խողովակների և վստահության մթնոլորտի ձևավորման համար։ Այստեղ ևս առկա է Երևանի և Լոնդոնի շահերի ընդհանրություն գործընթացները կառավարելիության հունի մեջ պահելու տեսանկյունից։

  1. Տարածաշրջանային համատեքստ՝ Թուրքիա, Ադրբեջան, վարչապետ Ջոնսոնի ուղերձ

Ըստ էության, դատելով Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Հայաստանի վարչապետին հասցեագրված ուղերձից՝ Լոնդոնը որդեգրել է նույն մոտեցումը, ինչ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահությունը, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։ Նաև Մեծ Բրիտանիան հակամարտության վերջնական և համապարփակ լուծման կողմնակից է և դրան հասնելու համար սատարում է ԵԱՀԿ Մինսկի Խմբին որպես ձևաչափ։ Ուշագրավ է այն, որ Մինսկի Խումբն է նշվում, սակայն ոչ եռանախագահությունը, ինչը սխալ է, նաև դժվար է պատահականություն համարելը։

Սակայն դա վկայում է Լոնդոնի տրամադրվածության մասին՝ թույլ չտալ, որպեսզի 44-օրյա պատերազմից հետո հարցի կարգավորումը մնա բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի տիրույթում։ 2020թ․ դեկտեմբերի 12-ի համարում ռուսական «Կոմերսանտը» մեջբերում է հրապարակել դրանից մեկ շաբաթ առաջ հայտնի դարձած, պատերազմի օրերին Լորդերի պալատում տեղի ունեցած քննարկումից, որի ժամանակ բարոնուհի Մեթա Ռամսեյը դժգոհել է բրիտանական կառավարության դիրքորոշումից՝ ասելով․ «Եվ ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի հասնի կրակի դադարեցմանը։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը զբաղված է [այլ գործերով], մի՞թե մենք ամենը թողնելու ենք Ռուսաստանին և Թուրքիային»։ Նման հարցադրումը վկայում է բրիտանական իսթեբլիշմենթի առնվազն մի մասի մտահոգությունը տարածաշրջանային զարգացումների միտումների կապակցությամբ։ Բացի դրանից բրիտանական շահերը և ներկայությունն Ադրբեջանում որոշակի մասնակցություն են ենթադրում հետագա գործընթացներում, ինչն էլ, ըստ էության, արտացոլված է Բորիս Ջոնսոնի ուղերձում։

Բոլոր դեպքերում բրիտանական մասնակցությունը կարող է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետագա հավասարակշռող գործոնի դեր կատարել, և հայկական դիվանագիտության ակտիվացումը բրիտանական ուղղությամբ անհրաժեշտ է, դրա համար կան բոլոր նախադրյալները։

  1. Ռուսական համատեքստ

Եթե Ֆրանսիան մեր տարածաշրջանում ու հետխորհրդային տարածքում հակված է Ռուսաստանի գործոնի հետ «կոհաբիտացիայի» ռազմավարությանը, ապա բրիտանական քաղաքականությունն ավելի շատ տեղավորվում է Ռուսաստանի էքսպանսիայի զսպման տրամաբանության մեջ, և դա ուրվագծվում է Լոնդոնի թե՛ հայտարարություններում, թե՛ քայլերում։ Ընդ որում, Լոնդոնի քայլերը հիմնվում են ոչ այնքան գաղափարական հենքի, որքան կոնկրետ շահերի ու պրագմատիզմի վրա՝ ներդաշնակեցնելով պետական շահերը մասնավորի հետ։ Եվ դրա վառ օրինակն Ադրբեջանն ու Թուրքիան են։

Բրիտանական գործոնի անտեսումը հայկական դիվանագիտության կողմից կարող է սպառնալիք պարունակել հետագա զարգացումներում, երբ ակնհայտ է, որ տարածաշրջանում պարզապես չկա որևէ սուբյեկտ, որը կողմնակից է ռուսական էքսպանսիայի ընդլայնմանը։ Հայաստանի անվտանգության շարունակական խոցելիությունն ու ասիմետրիկ կախվածությունը Ռուսաստանից, իսկ 44-օրյա պատերազմից հետո նաև դրա խորացումը կարող են ստեղծել իրավիճակ, երբ ռուսական դիրքերը թուլացնելու նպատակով Հայաստանը պարզապես թիրախավորվի և հայկական շահերը ստորադասվեն տարածաշրջանային տարբեր դերակատարների կողմից։ Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին միջազգային հանրության, ըստ էության, համատարած լռությունը հենց նման իրավիճակի բազմաթիվ տարրեր է պարունակում։

Անշուշտ, չկա որևէ հիմք պնդելու, թե Մեծ Բրիտանիայում, հասարակությունը կամ պաշտոնական, քաղաքական շրջանակները բացասական վերաբերմունք ունեն Հայաստանի կամ հայերի նկատմամբ։ Սակայն քաղաքականությունը, լինելով շահերի գործառույթ, կարող է հանգեցնել «գամբիտների» խաղարկման, որտեղ զոհաբերվեն Հայաստանը և նրա օրինական շահերը հանուն ինչ-ինչ տարածաշրջանային նոր դասավորությունների։

Հետևաբար` Հայաստանի քաղաքականությունների անհրաժեշտ դիվերսիֆիկացիայի կարևորագույն ուղղություններից է բրիտանականը։

  1. Տնտեսություն, տեխնոլոգիաներ, բարեփոխումներ

Վերջին շրջանում շփումների որոշակի ակտիվացմանը զուգընթաց՝ ակտիվացել են նաև խոսակցությունները տնտեսական, տեխնոլոգիական, ներդրումների ոլորտում հայ-բրիտանական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Բացի դրանից բրիտանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ու ինստիտուտների կայացման և ամրապնդման գործընթացների նկատմամբ՝ առաջարկելով նաև իր աջակցությունը։ Այդ մասին խոսվել է, համենայն դեպս, նախարար Վենդի Մորթոնի՝ Երևան կատարած այցի ժամանակ ս․թ․ փետրվարին պաշտոնական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում, նաև Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալահերի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև հանդիպման ժամանակ։

Սակայն, պետք է նշել, որ հանձինս Մեծ Բրիտանիայի, Հայաստանը համախոհ ունի շրջակա միջավայրի պաշտպանության, դրանից բխող այլընտրանքային էներգետիկայի և տրանսպորտի ներդրման, ինչպես նաև ՏՏ ոլորտի, դեղագործական արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման ու բրիտանական մասնավոր ներդրումների ներգրավման գործում։ Եվ այս ուղղություններով հայկական կողմի նախաձեռնողականությունը խիստ պահանջված է և բխում է առաջին հերթին Հայաստանի շահերից։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, հետազոտական ծրագրերի համակարգող

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930