Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտելով հայ աղջիկների գիտական եւ տեխնոլոգիական ներուժը

Սեպտեմբեր 24,2021 17:06

Աղջիկներին հետաքրքիր են գիտությունն ու տեխնոլոգիաները, եւ նրանք կարող են մեծ նվաճումների հասնել, եթե խրախուսվեն եւ համապատասխան աջակցություն ստանան: Այս համոզմունքն էր դրված Հայաստանի բոլոր մարզերում անցկացված 5-ամսյա ծրագրի հիմքում, որ նախաձեռնել էր Girls in Tech կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր եւ ղեկավար Սեդա Պապոյանը:

Ծրագիրն անվանվել էր “STEMpower Girls Armenia”` անգլերեն empower (խրախուսել, հզորացնել) բառը վերաիմաստավորելով եւ ավելացնելով STEM-ը՝ S-Science կամ գիտություն, T-Technology կամ տեխնոլոգիա, E-Engineering կամ ճարտարագիտություն, M-Math կամ մաթեմատիկա:

«STEM հապավումն իր մեջ ներառում է գիտական եւ տեխնոլոգիական ոլորտների ամբողջությունը, որի վրա է ժամանակակից աշխարհը հիմնում ամբողջ կրթական համակարգը: Ես այս համոզմանն եկա ԱՄՆ-ում համապատասխան մասնագիտական փոխանակման ծրագրի արդյունքում եւ որոշեցի, որ ժամանակն է Հայաստանում նույնպես խթանել այս ուղղությունը, խրախուսել STEM-ի կամ ԳՏՃՄ-ի վրա հիմնված կրթությունը եւ հատկապես աղջիկների շրջանում՝ հաշվի առնելով խտրական մոտեցումները նրանց նախընտրությունների եւ կարիերայի կողմնորոշման հարցում», – պատմում է նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը:

Ծրագիրը նախատեսված էր 9-12-րդ դասարաններում սովորող աղջիկների համար՝ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից: Ավելի քան 300 դիմորդներից շուրջ 200-ը գարնանից սկսած նախ հնարավորություն ստացան առցանց դասերի միջոցով բացահայտել տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը կամ արհեստական բանականությունը: Այնուհետեւ անցում կատարվեց առկա դաս-հանդիպումներին, որոնց ընթացքում աղջիկներն ինտերակտիվ եւ խաղային մեթոդներով բացահայտում էին իրենց արդեն ծանոթ, բայց հաճախ դեռ քիչ գրավիչ ֆիզիկան, քիմիան եւ կենսաբանությունը: Մարզերում որպես առկա դասընթացների կանգառ ընտրվում էր այն համայնքը, որտեղից առավել մեծ թվով դիմորդներ էին եղել: Այդպիսով Երեւանից դուրս ծրագիրը կանգ առավ հետեւյալ քաղաքներում ու գյուղերում՝ Մեծամոր, Հրազդան, Վանաշեն, Սիսիան, Արենի, Սպիտակ, Գյումրի, Սարիգյուղ, Ծակքար եւ Կարբի:

Ռինդ գյուղի աշակերտուհի Աստղիկ Բաբայանը ծրագրի ամփոփման իր գնահատականներում ասում է. «Ծրագրի միջոցով սկսեցի ավելի շատ տեղ տալ այն առարկաներին, որոնք մինչև այսօր այդքան էլ ինձ չէին հետաքրքրում՝ քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը։ Կրկին ու կրկին համոզվեցի, որ աղջիկները նույնպես պետք է լավ սովորեն և հայտնվեն գիտության ասպարեզում»:

Ծրագիրը աղջիկների մեծ մասն ամփոփել են հստակ ձեռքբերումներով՝ մասնագիտության կողմնորոշումից ու բնագիտական առարկաների նկատմամբ նոր հետաքրքրությունից մինչեւ ինքնավստահության բարձրացում եւ մարդկանց հետ շփվելու, իմացածը ներկայացնելու հմտությունների զարգացում: Նման հմտությունների զարգացմանը հատկապես նպաստեց ծրագրի ավարտին հայտարարված մրցույթը, որը նպատակ ուներ սովորածը գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծել: Մասնակից աղջիկները համայնքային խմբերով նախաձեռնեցին գիտական ու տեխնոլոգիական իրենց նախընտրած թեմայով նախագծի իրականացում, որը պիտի ներկայացնեին առկա կամ հեռավար ձեւաչափով: Շատերը կարողացան շնորհանդես-միջոցառումներ կազմակերպել հենց իրենց դպրոցներում, իսկ մյուսները տեսանյութերի ձեւով ամփոփեցին աշխատանքները: Շուրջ 25 խմբային նախագծերի բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի, իսկ հաղթող ճանաչված 10 նախագծերի 28 աղջիկները՝ նաեւ հատուկ նվերների:

«Այս նախագիծը սկսելուց առաջ ինքս հավատում էի հաջողությանը, բայց դեպի ավարտը եւ՛ մասնակիցների, եւ՛ ծնողների, եւ՛ մարզերում մեզ աջակցած դպրոցների արձագանքն այնքան դրական ու ոգեւորիչ էր, որ չենք կարող մեզ թույլ տալ այսքանով կանգ առնել», – նշում է Սեդա Պապոյանը:

STEMpower Girls Armenia ծրագիրը ֆինանսավորվել էր ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Իսկ առաջիկայում նույն ծրագրի շրջանակում նախատեսվում է STEM ոլորտների խթանմանն ուղղված նախագիծ իրականացնել նաեւ հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ:

Girls in Tech Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930