Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է բուհի և Ազգային արագացման հանրային նախաձեռնության մեկամյա համագործակցության արդյունքում ստեղծված «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը։
Շնորհանդեսի ժամանակ խոսվել է հայերենի թվայնացման և ազգային կորպուսի ստեղծման մեխանիզմների շուրջ, ինչպես նաև դրան առնչվող մի շարք թեմաներից։
Ուղիղ մեկ տարի առաջ բուհը միացել էր նախաձեռնության կողմից կազմակերպվող աշխատանքներին, որոնք կապված էին ձայնի, խոսքի սինթեզի, բնական լեզվի մշակման գործիքների ստեղծման հետ, որն էլ կարևորում է նաև բուհի ղեկավար կազմը։
Ինչպես հայտնում են Մ.Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունից, համալսարանի կատարած լայնածավալ աշխատանքի արդյունքում Արցախը դարձել է հայերենի թվայնացման ու տվյալագիտության կենտրոն։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացանք, բուհում ներկայումս ընթանում են մեքենայական թարգմանության լեզվական տվյալների մշակման և խմբագրման աշխատանքներ:
«Մեքենայական թարգմանությունը, որն այժմ իրականացվում է բուհում, հասնելու է այնպիսի մակարդակի, որ անգլերեն գրված տեքստը թարգմանվի հայերեն, իսկ հայերեն գրված տեքստը փոխակերպվի հայերեն ձայնի: Արդյունքում համալրվելու է մեր բազան: Այն դառնում է շատ ճկուն և արագ գործիք »,-շնորհանդեսի ժամանակ մանրամասնել է նախագծի համակարգող, ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Դիանա Մովսիսյանը։
Լավագույն ուսումնական հաստատությունների շարքում՝ մեքենայական թարգմանության նյութերի խմբագրման առումով, այս շաբաթվա կտրվածքով՝ կրկին Մեսրոպ Մաշտոց համալսարանն առաջատար դիրքում է:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ