«Այդ հայտարարությունն ինձ համար անակնկալ չէր։ Ես տեղեկություն ունեի, որ երեք անգամ փորձ է արվել կանգնեցնել պատերազմը, եւ երեք անգամ մերժումը եղել է ՀՀ-ից»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօրվա հայտարարությանը, որ դեռեւս 2020թ․-ի հոկտեմբերի 7-ին, երբ ինքը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնունդը շնորհավորելու, քննարկվել է նաեւ պատերազմը դադարեցնելու տարբերակ, սակայն երկկողմ համաձայնությանը չի միացել Հայաստանը։
«Քանի որ Ալիեւն ասել է, որ առաջարկը Պուտինից եղել է Փաշինյանին, սա արդեն բարձր արժանահավատություն ունի։ Հետեւաբար, արձանագրենք, որ Փաշինյանի կողմից պատերազմը կանգնեցնելու համաձայնություն տրվեց միայն Շուշին հանձնելուց հետո։ Մինչեւ այդ բոլոր առաջարկները նա մերժել է, կարծես ուներ որոշում, որ պատերազմը պետք է կանգներ Շուշիի անկման դեպքում միայն»,-նշեց Արթուր Ղազինյանը։
Կարդացեք նաև
Նա հակված է կարծելու, որ պատերազմը կանգնեցնելու նշյալ նախաձեռնությունը ՌԴ-ինն է եղել իրականում, թեեւ Ալիեւը դա իրեն է վերագրում․ «ՌԴ-ին հաջողվել է նրան համոզել, որ պատերազմը պետք է կանգնեցնել, եւ ՌԴ-ին հիմնված է եղել Լավրովի պլանի հիման վրա կարգավորման հասնելու»։
Արթուր Ղազինյանը նաեւ շեշտեց՝ նման հայտարարություններով Ադրբեջանը նաեւ փորձում է գժտություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում՝ Ալիեւի բերանով ակնարկելով, թե Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ արեւմուտքից է առաջարկի սպասել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ