«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից այլ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջիկայում Լոռու մարզի 15 գյուղեր կմիավորվեն 1 համայնքի շուրջ, իսկ համայնքային կենտրոն կդառնա Փամբակ գյուղը:
Մարզի Բազում համայնքը, որ ունի 1900 բնակիչ՝ նույնպես խոշորացման կազմի մեջ է մտնելու: Այստեղ բնակիչները դեմ են այս նախագծին: Նրանք կարծում են, որ խոշորացումը ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն է ունենալու իրենց վրա:
Համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանն ասում է, որ թեեւ իրենք դեմ են, սակայն կառավարության որոշումը փոխել չեն կարող. «Մի քիչ անհարմարություն կա: 14 համայնքը միավորվի մի տեղ, ես այդպես լավ բան չեմ տեսնում: Բնակիչներն էլ համաձայն չեն խոշորացմանը, չնայած, մեր կառավարությունը որոշել է, որ պետք է խոշորացումը կայանա: Բնակիչն ասում է՝ մի տեղեկանք վերցնելու համար ես ո՞նց հասնեմ Փամբակ: Մենք էլ բացատրում ենք, որ Փամբակ հասնելու գործ չկա, տեղում աշխատող եւ վարչական ղեկավար կմնա, իրենց հետ կլուծեք տեղեկանքի հարցը: Դժվարություն չկա, բայց ժողովրդի համար անծանոթ ծրագիր է»:
Թեեւ օրենքով նախատեսվում է, որ խոշորացումից առաջ պետք է նշված համայնքում տեղի ունենային հանրային լսումներ, Բազում գյուղում դրանք չեն կազմակերպվել. «Պետք է խոշորացումից առաջ հանրային լսումներ լինեն, ժողովուրդը ծանոթանա, իմանան թե իրենից ի՞նչ է ներկայացնում խոշորացումը: Բայց հանրային լսումներ մեզ մոտ չեն եղել»,- խոսքը եզրափակեց համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ