Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հույս ունենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների». Արմեն Գրիգորյան

Սեպտեմբեր 24,2021 15:29

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին, եւ պատասխանելով հարցին՝ ինչ նախապայմանների է միտված հայկական կողմը, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսություն սկսվի, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ կամ տարածքային պահանջներ ներկայացնի կամ համագործակցի հարեւանների հետ, ասաց՝ Արցախի հարցը երբեք տարածքային հարց չի եղել, միշտ եղել է ինքնորոշման հարց:

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետեւ, երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որեւէ հարցում առաջ գնալ։ Եվ մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների եւ հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների: Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում եւ ընտրություններից հետո իշխանությունը խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու եւ կայունություն ապահովելու մասին, եւ այս տրամաբանության շրջանակում նաեւ պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական. «Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակում էլ կատարվել են նման հայտարարությունները եւ քաղաքական քայլերը»:

Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններից:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, Գրիգորյանն ասաց՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ եւ կարեւոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ անհասկանալի է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Ղարաբաղի կարգավիճակի հարցից:

Անդրադառնալով՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակին, երբ ադրբեջանական կողմը իրանական բեռնատարներն է կանգնեցնում, մաքս պահանջում, հայկական ավտոմեքենաներն է կանգնեցնում եւ այլն՝ Գրիգորյանն ասաց. «Ե՛վ մենք, ե՛ւ իրանական կողմը մտահոգված ենք ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս հարցը քննարկում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա: Ե՛վ մեր ռուս գործընկերների, ե՛ւ Ադրբեջանի հետ քննարկումներում բարձրացնում ենք այս հարցն ու ակնկալում արագ լուծել: Խնդրի լուծման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են»:

Հարցին՝ արդյոք Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է հայ քաղաքացիների երթեւեկության համար, Գրիգորյանը պատասխանեց. «Նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայկական կողմը պետք է այդ ճանապարհն անվտանգ օգտագործի: Իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան, եւ մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որ այլեւս որեւէ խնդիր չառաջանա, եւ հույս ունենք, որ այդ ճանապարհը կկարողանանք անվտանգ շահագործել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930