Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան. «ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերը բավարարում են անհրաժեշտ բոլոր չափանիշներին»

Սեպտեմբեր 24,2021 14:54

«Պատվաստանյութերն ամբողջացնում են մարդու օրգանիզմի իմունային շերտը՝ ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ, որոնք շատ կարեւոր են հիվանդության դիմակայելու համար»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու պետք է քովիդով հիվանդացած եւ ապաքինված անձը պատվաստվի: Նա նշեց, որ մասնագիտական կառույցների առաջարկությունների համաձայն, պատվաստումները ցուցված են նաեւ հիվանդացած եւ առողջացած քաղաքացիներին, որովհետև դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են առաջացնում:

Լրագրողի դիտարկմանը՝ պետությունը չի ապահովում քաղաքացու ուզած պատվաստանյութով, օրինակ՝ «Պֆայզեր» կամ «Մոդերնա», նախարարն ասաց՝ ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերը բավարարում են անհրաժեշտ բոլոր չափանիշներին եւ լուծում են մեր առջեւ դրված կոնկրետ խնդիրը. «Այլ պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ: Կրկնեմ՝ մեր նպատակը հիվանդացության նվազեցումն է, ինչը լուծում են մեր երկրում առկա պատվաստանյութերը: Օրինակ՝ Իսրայելում հիմնականում օգտագործված պատվաստանյութերը եղել են «Պֆայզերը» եւ «Մոդերնան», Մեծ Բրիտանիայում՝ «ԱստրաԶենեկան», եւ, ըստ նախարարի, համեմատելով՝ տեսնում ենք, որ պատկերը գրեթե նույնական է, ինչը նաեւ այլ պատվաստանյութերի օգտագործման փաստերն են ցույց տալիս:

«Այս պահին միջազգային կառույցների կողմից արժանացած պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը, ինչը շատ կարեւոր է արձանագրել եւ որեւէ կարիք չկա սպասելու հաջորդ պատվաստանյութերին»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Ինչու է ուշանում «Պֆայզերի» մատակարարումը. նախարարն ասաց,որ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում անընդհատ հետաձգումներ են լինում եւ այդպես է ամբողջ աշխարհում. «Արտադրական ցիկլերը չեն կարողանում բավարարել պահանջարկը եւ չեմ կարող հիմա ժամկետ ասել»:

Թե ինչո՞ւ քովիդի թեստավորման ծախսերը պետությունը չի հոգում, քանի որ հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները կամ պետք է պատվաստված լինեն կամ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ շատերը երկու շաբաթը մեկ չեն կարող թեստի համար վճարել, նախարարն ասաց. «Միշտ պետք է առաջնորդվենք, թե հանրային ռեսուրսը, բարիքը ինչի վրա պետք է ծախսել: Եթե մենք այս պահին դեռ ունենք շատ կարեւոր առողջական խնդիրների մասով քաղաքացիների ողջ ամբողջական պետական պատվերի շրջանակ, ապա ո՞րն է իմաստը, որ պետությունն իր ֆինանսական միջոցներն ուղղի անհարկի անընդհատ թեստավորման ցանկությանը, փոխարենը երիտասարդ քաղաքացին, որը ունի սրտի բաց վիրահատության խնդիր, այդպես էլ տարիներով չկարողանա այս կարիքը բավարարել: Պետք է հանրային բարիքը խելամիտ բաշխել՝ ըստ կարիքների: Մեր պատկերացմամբ պետությունն իր վրա վերցնելով պատվաստման ֆինանսական բեռն, անհարկի է համարում թեստավորումների անընդհատ իրականացումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930