ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացրեցին «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հովակիմյանը, որը հիմնական զեկուցողն էր, ասաց, որ սեպտեմբերի 16-ին է կոմիտեի նախագահ նշանակվել. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի, երբ առաջին 20 հաստիքների համալրումը տեղի կունենա. «Առաջին 20 հաստիքներից 10-ը ղեկավար պաշտոններն են, այսինքն, կոմիտեի նախագահ, տեղակալներ, վարչության պետեր, իսկ ինքնավար քննիչների պաշտոնները մնում են տասը: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճի պայմաններով այդ 10 հաստիքներով ակնհայտ է, որ շատ դժվար է լինելու, կարող ենք խնդիրներ ունենալ գործերի քննության արդյունավետության հետ կապված: Այդ պատճառով առաջարկում ենք այդ 20-ը դարձնել 30»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հորդորեց Հովակիմյանին ասել, որ քննիչների թվի ավելացումը հիմնված է այդ մարմնի ձեւավորման ժամկետների հրատապությամբ. «Դա ամենեւին չի բացառում մեր ունեցած այն մտադրությունը, որ մենք պիտի հետագայում քննարկենք նաեւ ընդհանրապես քննիչների ինստիտուտի կենսաթոշակի հարցը»:
Հովակիմյանն ասաց, որ քննիչների թոշակի հետ կապված կառավարությունը դիտարկումներ ունի, որին անդրադառնալու են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Այսինքն, նախագծից քննիչների կենսաթոշակի հարցն առայժմ հանվել է:
Կարդացեք նաև
Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատախազի պաշտոն զբաղեցրած, ապա Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համապատասխանաբար Հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատախազի համար սահմանված կարգով»:
Այս նախագծի քննարկումից հետո այս, ինչպես նաեւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքների նախագծերը դրվեցին քվեարկության եւ ընդունվեցին 59 «կողմ» ձայնով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ