«Հարց է ծագում, թե ինչու են հրատապ բերել այս նախագիծը։ Դրա միակ նպատակը ՏԻՄ ընտրություններն են։ Որ համայնքներում դեռ իշխող ուժի ներկայացուցիչները չեն, ուզում են փոխել նրանց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընդդիմության կողմից համայնքների խոշորացման հարցով նիստերի օրակարգը բոյկոտելուն՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ բոյկոտելու պատճառներից մյուսն իրենց պահանջը չկատարելն էր․ «Պահանջում էինք գլխավոր դատախազի, ԱԱԾ պետի հետ հանդիպում խորհրդարանում, մինչդեռ իշխող ուժը մինչեւ հիմա մերժում է այդ առաջարկը, ուստի չենք ուզում իրենց օրակարգ մտնենք՝ անկախ նրանից, թե ինչ նախագիծ են բերել քննարկում։ Ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ վտանգներ կան»։
Դառնալով խոշորացմանը՝ պատգամավորը հարցադրում արեց․ «Փոքր, միջին գյուղերից կարծիք հարցրե՞լ են։ Գործընթացը պետք է կասեցնել, որպեսզի հասկանանք դրական եւ բացասական կողմերը։ Գուցե սա պետք է, բայց հստակ կարծիք պետք է լինի բոլոր շահագրգիռ կողմերից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ